ԱԳՆ-ն վերջապես «հիշեց» Բաքվի ջարդերի տարելիցի մասին, բայց թվիթերում
Հունվարի 13-ը Բաքվի ջարդերի 34-րդ տարելիցի օրն էր. 1990 թվականի hունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեցին զանգվածային ջարդեր:
168.am-ը երեկ արձանագրել էր՝ ԱԳՆ-ն այս տարի էլ «չի հիշել» Բաքվի ջարդերի տարելիցի մասին:
Հիշեցրել էինք, որ ԱԳՆ վերջին հայտարարությունը Բաքվում հակահայկական ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ եղել է 2022 թվականին:
Թե ինչո՞ւ էր Բաքվի ջարդերի մասին վերջին հայտարարությունը եղել 2022 թվականին, ինչո՞ւ չեն հիշել՝ մեր հարցադրումներին ի պատասխան՝ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը խոստացել էր պաշտոնական մեկնաբանությունը լինելուն պես մեզ ուղարկել:
Նյութը հրապարակեցինք, ու ավելի ուշ ստացանք ԱԳՆ խոսնակի արձագանքը, որով փորձում էին արձագանքել «չհիշելու» մասին մեր արված դիտարկմանը, բայց դրանք մի քանի հղումներ էին, որոնցում ընդհանուր հիշատակումներ կային նաև Բաքվի ջարդերի մասին, օրինակ, ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ, սակայն այդպես էլ տարելիցի առնչությամբ կոնկրետ հայտարարության հղում չկար:
Ավելի ուշ՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, ԱԳՆ խոսնակից վերջապես ստացանք նաև ԱԳՆ թվիթերյան էջի հայտարարությունը Բաքվի ջարդերի տարելիցի մասին։
Փաստորեն, մեկ տարի դադարից հետո ԱԳՆ-ն որոշեց բացառապես X-ի իր էջում հայտարարություն տեղադրել Բաքվի ջարդերի մասին: