«Հարց է ծագում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նշում են, որ հարցերի մեծ մասը բանակցված է, ի՞նչ նկատի ունեն, տպավորություն է, որ ոչ մի հարց բանակցված չէ»․ Տարասով

«Հնչող հայտարարությունները կասկածելի են դարձնում Խաղաղության համաձայնագրի հեռանկարը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան, կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով օրերս Իլհամ Ալիևի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցին, որի ընթացքում վերջինս մի շարք վերջնագրեր էր ներկայացրել Հայաստանին։

Ստանիսլավ Տարասովի դիտարկմամբ՝ Ադրբեջանի ղեկավարը բոլոր թեմաների առնչությամբ ներկայացրեց Ադրբեջանի հստակ դիրքորոշումները, ընդ որում՝ առանց թաքնված տողատակերի, ինչը ողջունելի է քաղաքականության մեջ և ինչը հնարավոր չէ ասել ՀՀ-ի մասին, որը նույնիսկ պատերազմական ծանր հարվածից հետո չսկսեց հասկանալի ու ընկալելի արտաքին քաղաքականություն վարել, հստակ հայտարարություններ անել։

Նրա խոսքով, միայն մասամբ պետք է Ալիևը խոսքը դիտարկել նախընտրական քարոզչության համատեքստում։

«Չեմ կարծում, եթե Ադրբեջանը չգտնվեր այս փուլում, էականորեն տարբերվող հայտարարություններ պետք է աներ։ Ադրբեջանական կողմն իրեն վստահ է զգում՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ դրանից դուրս։ Ադրբեջանն Իրանի հետ ուներ սրված, տարաձայնություններով հարաբերություններ, դա էլ կարգավորվեց, և Իրանի հետ երթուղի է գցվում։ Կարծում եմ՝ նաև դրա շնորհիվ է, որ Ալիևը վստահ մերժում է Արևմուտքին՝ որպես միջնորդ, ուղիղ բանակցությունների տապալման դեպքում հույսեր կապելով հենց ռեգիոնալ հարթակների և ռեգիոնալ գործընկերների հետ։ Սակայն այստեղ ևս Երևանն այլ դիրքորոշում ունի, ապավինում է Արևմուտքին, թեև Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան միակարծիք են ռեգիոնալ և արտատարածաշրջանային հարցերի շուրջ։

Կարդացեք նաև

Իրանը Հայաստանի հետ ունեցել է հարաբերությունների դրական պատմություն, սակայն հայկական կողմը նաև Իրանի միջնորդությունը չցանկացավ։ Բնականաբար, սա, ինչպես նաև Երևանի սերտ մտերմության ձգտումն Արևմուտքի հետ սկսում է չգոհացնել Իրանին, հասունանում է նոր խնդիր Երևանի համար։

Ավելորդ է խոսել Ռուսաստանի մասին, որի հետ հարաբերությունները շատ վատ են, թեև ՌԴ-ն դրանք փորձում է փրկել, իսկ Թուրքիայի հետ հարաբերություններ չկան։ Սա, բնականաբար, ավելացնում է Ադրբեջանի առանց այն էլ բարձր վստահությունը, որը ձևավորվել է պատերազմից հետո, և Ադրբեջանը շարունակում է նույն ռազմավարությամբ առաջ շարժվել»,- ասաց վերլուծաբանը։

Նա նշեց, որ մի քանի քայլերով Ադրբեջանը ստուգեց նաև Արևմուտքի հնարավոր արձագանքն իր քայլերին, դա և սեպտեմբերյան իրադարձություններն էին, ինչպես նաև դրանից հետո ընկած ժամանակահատվածը, երբ Ադրբեջանը մերժեց Արևմուտքի միջնորդական բոլոր նախաձեռնությունները։

«Բացի հայտարարություններից, ոչինչ այս ամենին չհաջորդեց, և հիմա Ադրբեջանի նախագահը հստակ հայտարարում է, որ դեմ է համաձայնագրի ստորագրման հարցում երաշխավորների առկայությանը՝ այն դեպքում, երբ համաձայնագրի մեծ մասը բանակցվել է միջնորդների մասնակցությամբ, հետպատերազմյան բոլոր կարևոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել միջնորդների մասնակցությամբ։

Այս հանգրվանին և ներկայիս հռետորաբանությանն Ադրբեջանը մեկ օրում չէ հասել, այլ վերջին տարիների, այդ թվում՝ Երևանի անբավարար արձագանքների պատճառով։ Այս բոլոր հանգամանքները, ինչպես նաև գլոբալ իրավիճակն Ադրբեջանին վստահություն են ներշնչել, որ գործընթացը կարող է շարունակվել միայն իր դիրքորոշումները պարտադրելու ճանապարհով»,- նման կարծիք հայտնեց Տարասովը։

Նրա խոսքով, այս ամենը կասկածի տակ է դնում Խաղաղության համաձայնագրի ստորագրումը, քանի որ ստացվում է, որ ո՛չ Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու, ո՛չ համաձայնագրի երաշխավորի, ո՛չ սահմանազատման հարցերում կողմերը չունեն փոխըմբռնում։

«Այս ֆոնին հարց է ծագում, թե իրականում, երբ կողմերը նշում են, որ հարցերի մեծ մասը բանակցված է, ի՞նչ նկատի ունեն, ո՞ր հարցերում կա փոխըմբռնում, և համաձայնագիրն ընդհանրապես ի՞նչ հարցեր է ներառելու, ինչո՞ւ է այն ստորագրվում։ Բանակցությունները, ինչպես անցյալում, այնպես էլ՝ հիմա գաղտնի են, և կրկին կանգնում ենք այն խնդրի առջև, որ վերլուծության համար նյութը ողջ ծավալով հասանելի չէ։ Եթե Բաքուն շարունակի այս հռետորաբանությունը, սա Երևանին է՛լ ավելի կմղի դեպի Արևմուտք հովանավորներ փնտրելու գործին, սա միանշանակ է, այս հռետորաբանությունը, կարծում եմ, ոչնչի չի հանգեցնելու ադրբեջանական կողմին։

Բացի հրապարակային դաշտում նկատվող այս հարցերից, կա նաև ղարաբաղահայության ապագայի հարցը, և ՌԴ-ն այն դիրքորոշումն ունի, որ այս մարդիկ իրենց տուն վերադառնալու հնարավորություն պետք է ստանան, ինչը նշանակում է՝ հարկավոր են հավելյալ բանակցություններ, պետք է պայմաններ ապահովել դրա համար»,- ասաց նա։

Տարասովն ասաց, որ, ցավոք սրտի, նման իրավիճակի դեպքում էսկալացիայի վտանգը մեծ է։ «Սակայն Երևանի ցանկությամբ ՌԴ-ն իր մի շարք դիրքեր պարզապես զիջել է Արևմուտքին, ինչը նշանակում է, որ Արևմուտքը՝ ԵՄ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, հավելյալ պատասխանատվություն են ստանձնում ռեգիոնալ իրավիճակի և ՀՀ դիրքորոշումների ապագայի համար»,- նկատեց նա՝ ընդհանուր առմամբ բարդ որակելով բանակցային, քաղաքական ու ռազմական իրավիճակը կողմերի միջև։

Տեսանյութեր

Լրահոս