«Լռեք, մի խոսեք, եթե ձեր խոսքը դառնալու է ընդամենը Ալիևի նենգափոխումների շարունակություն և հավասարության նշան է դնելու իրական պատմության և ալիևյան պատմական կեղծիքի միջև»

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լրագրողներն ԱԺ նախագահի գնահատականն են հարցնում Ալիեւի հայտարարությունների վերաբերյալ, կապված այն «մտքերի» հետ, թե Հայաստանի տարածքը «պատմական ադրբեջանական» է: Հայաստանի ԱԺ նախագահը ասում է, թե՝ «մենք 30 տարի նույնն ասել ենք Ադրբեջանի հանդեպ»:

Ես չգիտեմ, ԱԺ նախագահն ունի՞ արտաքին քաղաքական թեմաներով խորհրդատվություն, բայց գոնե պետք է խորհրդատվություն լինի լռության «թեմայով»:

Լռեք, մի խոսեք, եթե ձեր խոսքը դառնալու է ընդամենը Ալիևի նենգափոխումների շարունակություն և հավասարության նշան է դնելու իրական պատմության և ալիևյան պատմական կեղծիքի միջև:

Հայաստանի որեւէ առաջին դեմք 30 տարվա ընթացքում երբեւէ պատմական որեւէ հավակնություն չի ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ: Ավելին, ԱԺ նախագահն ու նրա կուսակիցնները հեգնել են Սերժ Սարգսյանին՝ «Աղդամն իմ հայրենիքը չէ» արտահայտության համար:

Իսկ «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ» արտահայտության հեղինակը ԱԺ նախագահի եւ մեծամասնության քաղաքական առաջնորդն է, կամ «ղեկավարը», ինչպես նկատում են հենց իրենք:

Բայց անգամ այդ հայտարարությունը կարող է քննարկվել հնչեցվելու ռացիոնալության, բայց երբեք ոչ արդարացիության, ճշմարտացիության մասով, ի տարբերություն Ադրբեջանի առաջին դեմքի պատմական կեղծիքների:

Ըստ այդմ, եթե այդ ամենն ակամա է, ապա՝ լռեք, գոնե, պահպանեք այդ թեմաներով լռություն, Ալիեւին ուղղակի, թե աննուղղակի «արդարացնելու», եւ մեզ էլ նրան «հավասարեցնելու» փոխարեն, թե՝ մենք արել ենք, ինքն էլ է անում:

Կրկնեմ, Հայաստանն առաջին դեմքի, եւ ընդհանրապես որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով երբեք չի արել այդօրինակ հայտարարություններ:

Հ.Գ. Եվ շարունակեմ. Ալիեւը բացարձակապես «հայելային քմահաճությամբ» չէ, որ զբաղված է այդօրինակ արտահայտություններ անելիս»:

Տեսանյութեր

Լրահոս