«Իշխանությունների հերթական շոուն է». Սեյրան Օհանյանը՝ Տիրան Խաչատրյանի կալանավորման մասին
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանավորման մասին, ասաց.
«Այս իշխանությունների գործելակերպն է այսպիսին, ցանկացած նման պատահարի դեպքում հանրային այսպես շոու կազմակերպել։ Այդ ամենը կարելի էր անել հանգիստ, որովհետև շատ դեպքերում գործընթացն իրենք այդպես են կազմակերպում։ Դեպք է տեղի ունեցել, քրեական վարույթ կա, դրա շրջանակներում, կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր պատասխանատվությունը կկրի։ Բայց Զինված ուժերի բարձրաստիճան գեներալը՝ Տիրան Խաչատրյանը, որն իր ամբողջ կենսագրության ճանապարհին շատ բաներ է տեսել, չեմ կարծում, որ այս միջադեպից կարող էր խուսափել, և չեմ կարծում, որ կալանավորումն անհրաժեշտ պայմանը կարող էր լինել։ Այսօրվա իշխանությունները փորձում են նորից հետապնդում իրականացնել արժանիքներ ունեցող մարդկանց, հատկապես՝ գեներալների նկատմամբ»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Հիշեցնենք, Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) 3-րդ մասով։
Ինչպես տեղեկացրել էին ԲԴԽ-ից, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել է խուլիգանություն կատարելու համար նրան կալանավորել երկու ամսով։
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործով։
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին. «2024թ. հունվարի 11-ին՝ ուշ երեկոյան, քաղաքացուց Ոստիկանություն ահազանգ է ստացվել՝ Արամուս գյուղում մի քանի անձանց մասնակցությամբ միջադեպի մասին, իսկ ժամը 23:39-ին հաղորդում է ստացվել «Աբովյան» ԲԿ-ից այն մասին, որ Արամուս գյուղից, աջ դաստակի շրջանում հրազենային վնասվածքով, բուժօգնության է տեղափոխվել ներկայում Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ:
Նախնական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2024թ. հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում գործող «Էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել դեռևս ինքնությունները չպարզված շուրջ տասնյակ անձանց միջև։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը, շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել նշված բնակչին»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում