Բաժիններ՝

Ռիո դե Ժանեյրոյում առնվազն 11 մարդ է զոհվել հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով

Հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով Ռիո դե Ժանեյրոյում առնվազն 11 մարդ է զոհվել։ Այս մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունների հաղորդած տվյալները։

Հրշեջ ծառայությունը հունվարի 14-ին հաղորդել է, որ ամենից շատ տուժել է Բրազիլիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի հյուսիսը։ Մարդիկ զոհվել են սողանքների, էլեկտրահարումների հետևանքով կամ`խեղդվել։ Մեկ կին անհետ կորել է նրա ավտոմեքենան գետն ընկնելու պատճառով:

Ռիո դե Ժանեյրոյի առանձին շրջաններում մեկ օրվա ընթացքում ավելի շատ տեղումներ են գրանցվել, քան հունվար ամսվա բոլոր նախորդ օրերին։ Քաղաքի առանձին կենտրոնական փողոցներ ջրի տակ են անցել. ջուրը հասել է մեքենաների տանիքներին։ Խափանվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Քաղաքապետ Էդուարդո Պայեսը մարդկանց կոչ է արել մնալ տանը և չխոչընդոտել փրկարարական ու վերականգնողական աշխատանքներին: Քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն: Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի կառավարությունը դաշնային աջակցություն է առաջարկել Ռիո դե Ժանեյրոյին։ Բրազիլիայի իշխանությունների տվյալներով՝ սողանքների վտանգը պահպանվում է նահանգի ութ քաղաքներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս