Տեսականորեն համաձայն չեմ ՄԻԵԴ որոշման հետ. Այս քաղաքական ուժին հաջողվել է համոզել Եվրոպային. Ալվինա Գյուլումյան
Նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Գյուլումյանը և այլք՝ ընդդեմ Հայաստանի» թիվ 25240/20 գործով որոշումը։ Եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորների և Սահմանադրական դատարանի նախկին նախագահի գանգատները ճանաչել էր անընդունելի:
Ներկայացված գանգատները վերաբերում էին Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորներ՝ Ա․Գյուլումյանի, Հ․ Նազարյանի, Ֆ․ Թոխյանի և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հ․Թովմասյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք), 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 14-րդ (խտրականության արգելք), 18-րդ (իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները) և Կոնվենցիային կից 1-ին արձանագրության 1-ին (սեփականության իրավունք) հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումներին։ Դիմումատուները մասնավորապես բողոքել էին, որ զրկված են եղել իրենց պաշտոնների վաղաժամկետ դադարեցումը ներպետական մակարդակում վիճարկելու հնարավորությունից, և այդ դադարեցումը եղել է կամայական։ Դիմումատուների գանգատների վերաբերյալ ՀՀ կառավարությունը ներկայացրել էր իր առարկությունները՝ պնդելով, որ գանգատն անընդունելի է, և տեղի չի ունեցել դիմումատուների իրավունքների որևէ խախտում:
168.am-ի հետ զրույցում ՀՀ Սահմանադրական և ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանների նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը պատասխանելով հարցին՝ համաձա՞յն է ՄԻԵԴ որոշման հետ, ասաց, թե տվյալ դեպքում համաձայն չլինելը որևէ նշանակություն չունի, որովհետև այն բողոքարկման ենթակա որոշում չէ։
«Այս հարցն ինչ-որ տեղ կորցնում է գործնական նշանակությունը՝ համաձա՞յն ես, թե՞ ոչ: Դա որոշում է, որը որևէ ձևով չես կարող բողոքարկել։
Տեսական հարթության մեջ, բնականաբար, համաձայն չեմ որոշման հետ։ Համաձայն չեմ, քանի որ այն, ինչ դատարանն ասել է, հակասում է հենց իր նախադեպային իրավունքին, այսինքն՝ Սահմանադրական դատարանի հետ կապված իրենք քննության են առել Ալբանիայի հետ կապված գործ, որտեղ չեն ասել, որ դա ընդդատյա չէ Եվրոպական դատարանին։ Այսինքն՝ այն հիմքը, որով ասում են, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով մեր լիազորությունների դադարեցումը, այսպես ասած, Եվրոպական դատարանի քննության առարկա չէ, դուրս է գալիս»,- նշեց Ալվինա Գյուլումյանը։
Հարցին՝ նման որոշումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, նախադեպ կարո՞ղ է դառնալ, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց, որ, բնականաբար, կարող է նախադեպ լինել, բայց դատարանն ամեն անգամ, յուրաքանչյուր գործ քննում է, այսպես ասած, իր առանձնահատկություններով հանդերձ։
«Մեր գործով, երբ մենք դիմում էինք, մատնանշել ենք բազմաթիվ նախադեպային որոշումներ, հիմա դատարանն այսպես ասած՝ դրանց վրայով անցավ, սա է ամբողջ ցավը։ Բայց ես ձեզ ասեմ, սա սովորաբար ասում եմ իմ ուսանողներին, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեկնաբանման ժամանակ դատարանը ղեկավարվում է նաև, այսպես ասած, Եվրոպայի խորհրդի՝ որպես միջազգային կազմակերպության, հիմնական նպատակները մատնանշելով։
Այդ նպատակները երեքն են՝ ժողովրդավարություն, իրավունքի գերակայության ապահովում և մարդու իրավունքների պաշտպանություն։ Հիմա դուք բավականին շատ որոշումներ կարող եք հանդիպել, որտեղ դատարանն ըստ էության գտել է, որ չնայած տեղի է ունեցել իրավունքի սահմանափակում կամ իրավունքի խախտում, դատարանը փորձում է հավասարակշռել տարբեր շահեր և ժողովրդավարության պաշտպանությունը գերադասում է։ Եթե այդ գործողությունն ուղղված է ժողովրդավարության պաշտպանությանը, փորձում են պաշտպանության տակ առնել։
Մեր պարագայում որոշման մեջ տեսնում եք թավշյա հեղափոխություն, դրա սկզբունքներ և այլն, այսինքն՝ այս քաղաքական ուժին հաջողվել է, չգիտեմ ինչ ձևով, Եվրոպային համոզել է, որ իրենք դավանում են ժողովրդավարական արժեքներ և այդ ամենն արել են ժողովրդավարության համար։ Ըստ էության այս ամենը դրվեց նաև մեր գործի հիմքում։ Չեմ ուզում ավելի ցցուն բաներ ասել, որ ոչ մեկին պետք չէր Սահմանադրական դատարանով անցած որոշում, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» Սահմանադրության համապատասխանության հարց քննելուց։ Իրենց պետք էլ չէ, որպեսզի որևէ միջազգային ատյանի որոշմամբ հաստատված չլինի, որ այս Սահմանադրական դատարանը լեգիտիմության հետ խնդիր ունի»,- շեշտեց Ալվինա Գյուլումյանը։
Շարունակելով միտքը՝ նա ընդգծեց, որ ենթադրությամբ, թերևս, վերը նշածը պատճառներից մեկն է ՄԻԵԴ-ի նման որոշման, որ դա է այն կռվանը, որով Կառավարության ներկայացուցիչներին հաջողվել է համոզել դատարանին, թե իրենք ժողովրդավարություն, խաղաղություն են բերում, և նման որոշումը կարող է որևէ ձևով ազդել։
«Երևի սրա համար դատարանը ոչ թե գնաց դրան, որ ասեր՝ խախտում չի եղել, այլ ուղղակի, որ իրենց ընդդատյա չէ, այսպես ասած՝ խուսափողական որոշում են կայացրել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններից հետո 2020 թվականին Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք նախկին դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը, դիմել էին ՄԻԵԴ՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար։ Ըստ նրանց, սահմանադրական փոփոխություններն ընթացել են մի շարք խախտումներով։
Հիշեցնենք նաև, որ սահմանադրական փոփոխություններով դադարեցվել էին ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարում էին 12 տարուց ավելի, նախորդ տարվա հունիսին նրանց լիազորությունները դադարեցվեցին։