ՄԻԵԴ-ը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» թիվ 25240/20 գործով որոշումը։ Եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորների և Սահմանադրական դատարանի նախկին նախագահի գանգատները ճանաչել է անընդունելի:
Ներկայացված գանգատները վերաբերում էին Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորներ Ա․Գյուլումյանի, Հ․ Նազարյանի, Ֆ․ Թոխյանի և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հ․Թովմասյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք), 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 14-րդ (խտրականության արգելք), 18-րդ (իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները) և Կոնվենցիային կից 1-ին արձանագրության 1-ին (սեփականության իրավունք) հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումներին։ Մասնավորապես դիմումատուները բողոքել են, որ զրկված են եղել իրենց պաշտոնների վաղաժամկետ դադարեցումը ներպետական մակարդակում վիճարկելու հնարավորությունից, և այդ դադարեցումը եղել է կամայական։ Դիմումատուների գանգատների վերաբերյալ ՀՀ կառավարությունը ներկայացրել էր իր առարկությունները՝ պնդելով, որ գանգատն անընդունելի է և տեղի չի ունեցել դիմումատուների իրավունքների որևէ խախտում:
Եվրոպական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ ներկայացված գանգատներում բարձրացված պահանջները Կոնվենցիայի տեսանկյունից անընդունելի են ratione materiae՝ Կոնվենցիայի կողմից պաշտպանության ենթակա իրավունքի բացակայության հիմքով:
Մասնավորապես, արդար դատաքննության իրավունքի մասով Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատուների պաշտոնավարումը դադարեցվել է սահմանադրական բարեփոխման արդյունքում, ինչի առումով եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետություններն ազատ են դատաիրավական բարեփոխումներ իրականացնելիս, որը, սակայն, չպետք է հանգեցնի դատական իշխանության անկախության խարխլմանը: Սույն գործով, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուները չեն բերել համոզիչ փաստարկ առ այն, որ իրականացված սահմանադրական փոփոխությունները թիրախավորել են հենց իրենց: Եվրոպական դատարանը նաև նշել է, որ եթե 2020 թվականի փոփոխությունները չկատարվեին, 2015 թվականի սահամանդրական բարեփոխումների լիարժեք իմպլեմենտացիան չափազանց կձգձգվեր:
Հաշվի առնելով գործի փաստական հանգամանքները, մասնավորապես այն, որ դիմումատուները եղել են Սահմանադրական դատարանի դատավորներ, որոնց պաշտոնավարումը դադարեցվել է Սահմանադրության փոփոխության արդյունքում, ինչը ուղղված չի եղել հատուկ նրանց դեմ՝ Եվրոպական դատարանը գտել է, որ դատարանի մատչելիության իրավունքի սահամանփակումը եղել է իրավաչափ:
Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի մասով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ հիմնավորված չէ այն, որ դիմումատուների անձնական կյանքը կամ մասնագիտական հարաբերությունները կրել են որևէ էական բացասական հետևանք: Ավելին, չորրորդ դիմումատուն (Հ. Թովմասյանը) շարունակել է պաշտոնավարել, իսկ մյուս դիմումատուներին տրամադրվել է լիարժեք կենսաթոշակ՝ անկախ նրանց տարիքից: Ուստի, դիմումատուների պահանջներն այս առումով չեն հասել այն նվազագույն շեմին, որը թույլ կտար նրանց պաշտպանվել 8-րդ հոդվածի կողմից: Հետևաբար, այս մասով ևս գանգատը ճանաչվել է անընդունելի՝ ratione materiae՝ Կոնվենցիայի կողմից պաշտպանության ենթակա իրավունքի բացակայության հիմքով: Նույն տրամաբանությամբ անընդունելի են ճանաչվել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ փոխկապակցված 14-րդ և 18-րդ հոդվածի լույսի ներքո ներկայացված պահանջները:
Ինչ վերաբերում է սեփականության իրավունքին՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այդ մասով ևս գանգատն անընդունելի է այն հիմքով, որ ապագա եկամուտը չի կարող հանդիսանալ «սեփականություն» քանի դեռ դիմումատուն այն արդեն իսկ չի վաստակել:
Եվրոպական դատարանի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ