Ալիևն ուզում է ՀՀ վերջնական կապիտուլյացիայի ստորագրումը տեղափոխել երկկողմ փուլ, որտեղ վկաներ ու միջազգային, այսպես կոչված, «մոմ պահողներ» չեն լինի. Նաիրա Զոհրաբյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական լրատվամիջոցներին տրված հարցազրույցի ժամանակ հերթական անգամ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային:
Նա հայտարարել է, որ Հայաստանի առաջարկած մաքսային մեղմացումներն իրենց պետք չեն, ու պահանջել էր չվերահսկվող միջանցք: Նա սպառնացել էր, որ եթե Հայաստանը չհամաձայնի այդ պայմանին, այլ ճանապարհ չի լինելու:
«Մարդիկ և բեռներն Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն՝ առանց որևէ ստուգման: Եթե Հայաստանը չբացի «Զանգեզուրի միջանցքը», ապա մենք էլ մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը՝ որևէ այլ վայրում: Արդյունքում՝ նրանք դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- սպառնացել էր Ալիևը՝ ակնարկելով, որ Հայաստանը կարող է հայտնվել, այսպես կոչված, «փակուղում»:
Մինչև Ալիևի այս հայտարարությանն անդրադառնալը, «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց Ալիևի՝ դեռևս ամանորյա ուղերձում հնչեցրած հայտարարություններին:
«Նա այդ ուղերձի ընթացքում դիմում էր աշխարհի բոլոր ադրբեջանցիներին ու Հայաստանը հերթական անգամ անվանում էր «դուշման երկիր» (թշնամի.- Ն.Ս.), իսկ հայ ժողովրդին վկայակոչելով՝ անվանում էր «դուշման ժողովուրդ»: Ավելին, նա այդ ժամանակ հստակ հայտարարեց, որ հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ իրենց պայմանները չկատարելու դեպքում դա հերթական անգամ կհրահրի իրենց զայրույթը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառնալով արդեն վերջին հարցազրույցում Ալիևի հայտարարությանը, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն ունի Հայաստանի տարածքում գտնվող «8 անկլավների վերադարձի» մասով՝ Զոհրաբյանը հիշեցրեց, որ նախորդ իշխանության որևէ բանակցող երբևէ չի քննարկել այդ հարցն ադրբեջանական կողմի հետ, բացի Փաշինյանից:
«Երրորդ նախագահը, ով բանակցային հիմնական գործընթացն էր տարել, որևէ փուլում չի քննարկել «անկլավների» հարց, դա պարզապես չի եղել օրակարգում: Այդ հարցը ևս օրակարգ մտավ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով:
Ավելին, իր երեկվա մեծ ասուլիսում Ալիևը հայտարարեց, որ «միջանցքի հարցը մեր նվաճումն էր, մեր հաջողությունն էր, որն անպայմանորեն լինելու է, և որն արձանագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրում»:
Այսինքն, երբ ՔՊ-ական ուսապարկերն այլևս չեն կարողանում թաքցնել, որ Ալիևն ուլտիմատումների ու պահանջների նոր փաթեթ է ներկայացրել, փորձում է ստեղծել նոր «կազուս բելլի» իրավիճակ՝ պատերազմի նոր առիթ, և դա կար թե՛ այդ Խանդանյան անձի, թե՛ Արարատ Միրզոյանի խոսքում։ Ակնհայտ է, որ Ալիևն ամեն ինչ անելու է ու, ցավոք սրտի, քանի դեռ իշխանության ղեկին Փաշինյանն է, ստանալու է այն ամենը, ինչն իր օրակարգում կա: Ինչպես ինքն իր ամանորյա ուղերձում ասաց՝ «ՀՀ իշխանությունը կանի այն, ինչ մենք ուզում ենք, որպեսզի չհրահրի մեր զայրույթը»»,- Ալիևի հայտարարության վրա ուշադրություն հրավիրեց Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, որ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը մոտ է, Նաիրա Զոհրաբյանը վստահ համոզմունք հայտնեց, որ Ալիևը դա չի ստորագրելու այնքան ժամանակ, քանի դեռ չի ստացել իր պահանջած տարածքներն ու չի տեսել իր պահանջներն ամբողջությամբ կատարված:
«Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ այդ պայմանագիրը ստորագրվի, որպեսզի ինքը հասարակությանը կերակրի «խաղաղություն» ֆեյք ֆասթֆուդով, ես կարող եմ գրազ գալ, որ Ալիևը չի ստորագրելու դա:
Նա պատրաստ է ստորագրել դա միայն այն բանից հետո, երբ կստանա «միջանցք»՝ այն իրավասությամբ, ինչպես ինքը ցանկանում է, մինչև չստանա «անկլավները» և մինչև չստանա ՀՀ սուվերեն տարածքից այնքան տարածք, ինչն ինքը համարում է «Արևմտյան Ադրբեջան»»,- վստահեցրեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այս դեպքում Հայաստանը կանգնած է վատի ու վատթարագույնի ընտրության առջև:
Վատը, ըստ նրա, նոր տարածքների հանձնումն է Ադրբեջանին, միջանցքի տրամադրումն ու մյուս պահանջների կատարումն է, իսկ վատթարագույնն առերեսվելն է Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմական գործողություններին ՀՀ նկատմամբ:
«Քանի որ Նիկոլ Փաշինյանը ողջ պրոցեսը տարել է մի փակուղի, որից ելքը կա՛մ վատն է, կա՛մ վատթարագույնը, եթե նա գոնե մի գրամ պետականամետություն, մի գրամ հայրենասիրություն ունենար, ես իրեն՝ որպես նախկին գործընկերոջ, մի վերջին անգամ խորհուրդ կտայի տալ հրաժարական, որպեսզի նոր իշխանությունը կարողանա առնվազն ժամանակ շահել և փորձել բանակցային նոր օրակարգ ձևավորել: Բայց քանի որ ես գիտեմ, որ ինքը Հայաստանը զոհաբերելու գնով անգամ չի հանձնելու իր իշխանությունը, ձեռնպահ կմնամ այդ կոչով նրան դիմելուց»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ավելի վաղ էլ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն արձագանքելով «խաղաղության պայմանագրի» բանակցային գործընթացում ադրբեջանական կողմի արձանագրած առաջընթացին՝ հայտարարել էր հայկական կողմի արձանագրած հետընթացի մասին:
«Այսինքն, հարցեր կան, որոնք բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության էինք եկել, բայց «խաղաղության պայմանագրի» տեքստում այդ առաջընթացը չենք տեսել, մենք որոշակի հետընթացներ ենք տեսել»,- ասել էր Արմեն Գրիգորյանը:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Արցախն ադրբեջանական պահանջով դատարկվելուց հետո ՀՀ իշխանություններն ակնկալում էին, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, կճանաչեր ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչը, փաստացի, տեղի չունեցավ:
«Նիկոլը բազմաթիվ միջազգային ամբիոններից ևս հայտարարում էր, որ ակնկալում է, որ Ադրբեջանը հայտարարի ու «խաղաղության պայմանագրում» ամրագրի, որ ճանաչում է Հայաստանի 29.800 քկմ-ն, որը վաղուց արդեն 29.800 չէր:
Ալիևյան կլանն էլ այդ հայտարարությունից հետո ամեն անգամ ցույց է տալիս 3 մատի կոմբինացիա՝ ասելով, որ ՀՀ-ն իրենք կճանաչեն այն սահմաններով, որով հարմար կգտնեն, իրենց խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջանի տարածքները հետ վերցնելուց հետո»»,- համոզմունք հայտնեց Զոհրաբյանը՝ հայտարարելով, որ Ալիևը նույնպես շատ է ուզում, որ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության՝ իր բոլոր ծրագրերը վերջնական արդյունքի հասցնելու համար:
Նրա գնահատմամբ, ինչպես Փաշինյանը, այնպես էլ Ալիևը սարսափում են միայն մեկ բառից՝ «ռևանշից»՝ փորձելով ամեն բան անել, որպեսզի իշխանության չգա որևէ այլ ուժ ու կանգնեցնի Հայաստանում առկա աղետալի իրավիճակը:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի Երևան կատարած այցի նպատակներին, այն է՝ կազմակերպել եռակողմ հանդիպում Վաշինգտոնում՝ փորձելով առաջ շարժվել խաղաղության պայմանագրի վերջնականացման և ստորագրման հարցում, ադրբեջանական լրատվամիջոցներին տված վերջին հարցազրույցում Ալիևը հայտարարել էր, որ չի ընդունում «խաղաղության պայմանագրի» բանակցություններում հայկական կողմի ներկայացրած տարբերակը միջազգային երաշխիքների վերաբերյալ՝ շարունակելով պնդել, որ բանակցությունները պետք է կայանան երկկողմ ձևաչափով:
«Մեզ պետք չեն երաշխավորներ: Եթե երկկողմ ձևաչափով ստորագրվի, ապա կստորագրվի: Եթե որևէ մեկն ուզում է օգնել, մենք դեմ չենք, բայց չպետք է լինի պարտադրված»,- հայտարարել էր Ալիևը:
Որպես հավելում՝ Զոհրաբյանը հիշեցրեց նաև Ադրբեջանի պայքարը Ֆրանսիայի դեմ ու այդ երկրի կողմից միջնորդության հնարավորության բացառման մասին:
«Ալիևը բացահայտ ասում է, որ իր համար ամենաարդյունավետը երկկողմ բանակցությունն է, Նիկոլ Փաշինյանի հետ տետ-ա-տետը, որի արդյունքում ինքը ստանում է այն, ինչ ցանկանում է: Որովհետև եթե այս պայմանավորվածությունները երաշխավորվեն որևէ երրորդ կողմի մասնակցությամբ՝ կլինի Արևմուտքը թե Ռուսաստանը, Ալիևն ունենալու է որոշակի պարտավորություններ: Իսկ ինքը շատ լավ գիտի, որ Նիկոլի իշխանությունն այն իշխանությունն է, որի առաջ ինքը երբևէ, անգամ ստորագրված փաստաթղթի դեպքում, որևէ պարտավորություն չի ունենալու:
Պատահական չէ, որ ինքը քանիցս հայտարարում է, որ «նոր աշխարհում ոչ մի ստորագրված թուղթ, ոչ մի պայմանագիր արժեք չունի, և արժեք ունի միայն ուժը: Դրա համար ալիևյան իշխանությունն ամեն գնով փորձում է բանակցային վերջին ակորդը, այսինքն՝ Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի ստորագրումը տեղափոխել երկկողմ փուլ, որտեղ վկաներ, միջազգային տիրույթից, այնպես ասած, «մոմ պահողներ» չեն լինի»,- համոզմունք հայտնեց Նաիրա Զոհրաբյանը:
Նազելի Ստեփանյան