ՊԵԿ-ը դատարանում չի կարողացել հիմնավորել, թե ինչու է տուգանել Արգամ Աբրահամյանի ընկերությանը. «Հետք»

«Հետք»-ը գրում է. «Հարկային մարմինը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն` Արգամ Աբրահամյանին և եղբորորդուն՝ Հովհաննես Աբրահամյանին պատկանող «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ի համար մոտ 1 մլրդ 236 մլն դրամի պարտավորություն է սահմանել՝ առանց ծանուցման գործունեություն իրականացնելու համար: Սակայն դատարանում չի կարողացել հիմնավորել, որ պահանջը հիմնավոր է և օրինական: Վարչական դատարանը բավարարել է ընկերության հայցը և վերացրել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) որոշումը: Ընկերության օգտին է որոշել նաև Վերաքննիչ դատարանը: Գործն այժմ Վճռաբեկ դատարանում է:

ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից 2020թ. հունիսի 26-ին «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ի դեմ կազմվել է արձանագրություն: Վերջինիս համաձայն՝ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը կոնյակի սպիրտի ներմուծման մասով, ինչպես նաև խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն և մինչև 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի և 100 հազար լիտրը գերազանցող խմբաքանակների իրացման մասով Էկոնոմիկայի նախարարություն չի ներկայացրել ծանուցումներ։ Այդ գործունեությամբ զբաղվելու համար օրենքը նախատեսում է պարտադիր ծանուցում, ինչն էլ նշանակում է հավելյալ գումարների վճարում:

Արձանագրության հիման վրա հարուցվել է վարչական վարույթ։ Ընկերության կողմից ներկայացվել են առարկություններ և դիրքորոշումներ, որոնք սակայն հաշվի չեն առնվել վարչական մարմնի կողմից։ 2020թ. օգոստոսի 7-ին «Արտաշատ Վինկոն» ընկերության դեմ որոշում է կայացվել, որով կրկին արձանագրվել են վերը նշված խախտումները։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին մեկ տարված ընթացքում խախտումը կատարվել է առաջին անգամ, «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակվել է 1 մլրդ 123 մլն 608 հզր դրամ տուգանք և 112 մլն 361 հզր դրամ՝ վնասի հատուցում:

Վարչական ակտը վերադասության կարգով բողոքարկվել է ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողով։ Վերջինս առաջադրված տուգանքի մասով բողոքը մասնակի բավարարել է՝ ընդհանուր մոտ 1 մլրդ 236 մլն դրամից 974 մլն դրամի չափով առաջադրված տուգանքը նվազեցրել է։

«Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ն, դժգոհ մնալով այս որոշումից, դիմել է Վարչական դատարան նաև այն հիմնավորմամբ, որ ընկերությունը չէր կարող նշված ապրանքների մասով իրականացնել գործունեության ծանուցում, քանի որ հայտնի չէր և օրենսդրորեն սահմանված չէր այն պետական լիազոր մարմինը, որին պետք է ուղղված լիներ ծանուցումը։

ՓԲԸ-ի ներկայացուցիչ Երեմիա Ասատրյանը դատարանում նշել է, որ խնդրո առարկա ապրանքների արտադրության և իրացման համար սահմանված պետական տուրքն ընկերության կողմից վճարված է եղել: Այսինքն՝ «Արտաշատ Վինկոն»-ը բովանդակային առումով իր պարտականությունները կատարել է: Ընկերությունը 2020թ. հուլիսի 8-ին պետական բյուջե վճարել է 102 մլն 361 մլն դրամ պետական տուրքի գումար, որոնց պատճենները մինչև վիճարկվող ակտի կայացումը ներկայացվել են ինչպես ՊԵԿ-ին, այնպես էլ բողոքարկման հանձնաժողովին»։

ՊԵԿ-ը դատարանին հայտնել է, որ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ին 2003թ․ տրվել է թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության լիցենզիա։ Ընկերության կողմից նշված գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը լրանում էր 2019թ․ ապրիլին, հետևաբար, ընկերությունն այդ ժամկետից հետո պետք է ներկայացներ խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության և մինչև 100 հազար լիտր արտադրանքի իրացման իրականացման ծանուցում: Սակայն ընկերությունը խախտել է օրենքի պահանջները, և 10․04․2019թ․-ից մինչև 15․09․2019թ․-ը զբաղվել է արտադրությամբ և արտադրանքի իրացմամբ, չի ներկայացրել ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար ծանուցումներ։

Ըստ ՊԵԿ-ի՝ նշված ժամանակահատվածում ընկերությունն իրացրել է 149522․4 լիտր ապրանք, որից 5199․7 լիտր՝ կոնյակ և 144326․9 լիտր՝ կոնյակի թորվածք։

ՊԵԿ-ի դիրքորոշումն այն է, որ «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ին լիցենզիան տրվել է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից։ Թեև լիազորած պետական կառավարման մարմին սահմանված չի եղել, այնուամենայնիվ, ընկերությունը, կրելով նշված գործունեության տեսակով զբաղվելու համապատասխան ծանուցում ներկայացնելու պարտականություն, հիմք ընդունելով իր իսկ լիցենզիան Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված լինելու հանգամանքը, կարող էր որպես նախկինում լիցենզիա տրամադրած մարմին ծանուցում ներկայացնել և հաշվառվել Էկոնոմիկայի նախարարության կողմից։

«Հակառակ պարագայում, ստացվում է, որ նշված գործունեությունը իրականացնելու համար հայցվորի համար պարզ էր, որ օրենքով իմպերատիվ պահանջ է սահմանված ծանուցում ներկայացնելը, որը հայցվորը չի պահպանել, այդ դեպքում ինչպես է գործունեություն իրականացրել առանց նշված պահանջը պահպանելու»,- դատարանի առաջ հարց է բարձրացրել ՊԵԿ-ի ներկայացուցիչ Ռուզաննա Մակարյանը:

Վարչական դատարանը հիմնավոր չի համարել ՊԵԿ-ի դիրքորոշումը: Մասնավորապես՝ արձանագրել է, որ մոտ 1 մլրդ 236 մլն դրամի չափով պարտավորության գումարի հաշվարկը հասկանալի չէ: Պարզ և հստակ չէ, թե տուգանքի գումարը, ինչպես նաև վնասի հատուցման գումարը ինչպես են գոյացել և ինչից են բաղկացած, պարզապես նշվել են ընդհանուր թվեր:

Դատական նիստի ընթացքում հնչեցված հարց ու պատասխանի ժամանակ ՊԵԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ միգուցե տեղի է ունեցել վրիպակ և «ընդամենը որից» բառերը չպետք է նշվեին: Հաջորդ դատական նիստի ընթացքում էլ պարզվել է, որ ՓԲԸ-ի և ՊԵԿ-ի կողմից հաշվարկված վճարման ենթակա պարտավորության չափը տարբեր է:

Դատարանն արձանագրել է, որ մոտ 2 ժամ տևած դատական նիստի ընթացքում, ՊԵԿ-ին հաշվարկներ կատարելու ժամանակ և վիճարկվող որոշման մեկնաբանություններ տալով՝ դրանից հետո հնարավոր է եղել միայն պարզել, թե ինչպես է հարկային մարմինը կատարել և հաշվարկել համապատասխան պարտավորությունները:

«Դատական նիստի ընթացքում չպետք է պարզվեին վերը նշված հարցերը, այլ վարչական ակտը պետք է ի սկզբանե լիներ հիմնավորված, պարզ և հասկանալի, որպեսզի գործնականում հնարավոր լիներ պարզել փաստական և իրավական հիմքերը, որոնք վարչական ակտն ընդունած վարչական մարմինը դրել է իր վարչական ակտի հիմքում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանն արձանագրում է որ Վիճարկվող որոշումը բավականին հիմնավորված և հստակ չէ, հնարավորություն չի տալիս ինքնուրույն պարզել ակտի հիմքում ընկած փաստական և իրավական հիմքերը, պարտավորությունների ձևավորման և հաշվարկման հիմքը»,- եզրակացրել է դատարանը (դատավոր՝ Ռուզաննա Ազրոյան):

Բացի այդ, Վարչական դատարանն արձանագրել է, որ պարզ չէ, թե «Արտաշատ Վինկոն» ընկերության կատարած վճարումները հաշվի առնելով է պարտավորությունների չափը հաշվարկվել, թե ոչ: Ինչպես նաև պարզ չէ, թե ինչու է հաշվարկվել վնասի հատուցում, երբ ընկերությունը կատարել է վճարումը:

Դատական նիստի ընթացքում ՊԵԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունը գումարները փոխանցել է այլ հաշվեհամարի, հետևաբար այդ վճարները չեն կարող հիմք հանդիսանալ, որ կոնյակի սպիրտի ներմուծման համար պետական տուրքի գումարը վճարվել է:

Մինչդեռ Վարչական դատարանը գտել է, որ ՊԵԿ-ը պարտավոր էր իրականացնելու բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ վարչարարություն և պարզելու բոլոր հանգամանքները, մասնավորապես՝ պետական տուրքի՝ կոնյակի սպիրտի ներմուծման նպատակով փաստացի վճարված լինելու հանգամանքը:

«Բազմակողմանի վարչարարություն իրականացնելու արդյունքում հնարավոր է վարչական մարմինը բացահայտեր, որ վերը նշված անդորրագրերով վճարված գումարները ծառայել են այլ նպատակի, սակայն քանի դեռ վարչական գործում այլ ապացույցներ առկա չեն, Դատարանը որևէ հիմք չունի չվստահելու Հայցվորի հայտնած տեղեկություններին և ներկայացված անդորրագրերին, համաձայն որի՝ կոնյակի սպիրտի ներմուծման համար պետական տուրքը փաստացի վճարվել է»,- նշված է վճռում:

Դատարանը գտնում է, որ հարկային մարմնի նպատակը պետք է լինի այն, որ ժամանակին վճարվեն հարկերը և տուրքերը, այլ ոչ թե արհեստականորեն տնտեսվարող սուբյեկտները ծանրաբեռնվեն լրացուցիչ պարտավորություններով: Հետևաբար անհիմն է գնահատել ՊԵԿ-ի այն մոտեցումը, որ ընկերությունը զրկված չէ այլ հաշվեհամարին վճարված գումարները հետ ստանալու իրավունքից և հնարավորությունից:

«Ստացվում է, որ կոնկրետ նպատակով վճարված գումարները «սառեցվել են» և չեն ծառայել իրենց նպատակին միայն այն պատճառով, որ նշվել է պետական բյուջեի այլ հաշվեհամար, և այժմ անձը պետք է լրացուցիչ գումարներ վճարի տուգանքի տեսքով, ապա հետագայում տնօրինի այն գումարները, որոնք ժամանակին փոխանցվել էին պետական բյուջե: Հարկային մարմնի նման մոտեցումը չի բխում իրավական պետության և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային համակարգի սկզբունքներից»,- եզրակացրել է դատարանը և բավարարել ընկերության հայցը՝ անվավեր ճանաչելով ՊԵԿ-ի վարչական ակտն ու բողոքարկման հանձնաժողովի որոշումը:

ՊԵԿ-ը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Սակայն, վարչական Վերաքննիչ դատարանը մերժել է ՊԵԿ-ի բողոքը՝ ուժի մեջ թողնելով ստորադաս դատարանի վճիռը: ՊԵԿ-ը 2023թ. դեկտեմբերին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի հիման վրա դեռ որոշում չի կայացվել:

Տեսանյութեր

Լրահոս