Բաժիններ՝

«Ա» գոտու համար վճարած քաղաքացիները «Բ» գոտում կայանելու համար և՞ս պետք է վճարեն. պարզաբանում են քաղաքապետարանից

168.am-ը խմբագրություն դիմած բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարից հետաքրքրվել է, թե «Ա» գոտում կայանելու համար վճարում կատարած վարորդների համար ի՞նչ կարգավորում է գործում «Բ» գոտում:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում մասնավորապես պարզաբանեց. «Եթե քաղաքացին վճարել է «Ա» գոտում կայանելու համար, ապա «Բ» գոտում ցանկացած տեղում կարող է կանգնել՝ առանց հավելյալ վճարի»:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն՝ ըստ քաղաքի գոտիավորման: Մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղիում կայանելու համար 1 օրվա համար վճարը սահմանվել է 2000 դրամ, իսկ տարեկանի դեպքում՝ 160.000 դրամ, կենտրոնից դուրս՝ 1 օրվա համար՝ 1000 դրամ, իսկ տարեկան՝ 24.000 դրամ։

Տրանսպորտային միջոցի կայանումը ժամը 22:00-ից մինչև 09:00-ն անվճար է, և դրա համար տեղական տուրք չի գանձվում: Կայանման վճարներից ամբողջապես ազատված են էլեկտրամոբիլների վարորդները, վճարումից ազատված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք, որոնք պետք է տարեկան մեկ անգամ քաղաքապետարան դիմում ներկայացնեն:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս