«Հիսուս Քրիստոսը մեզ ճանապարհը ցույց տվեց. Ազգիս մաղթում եմ առավել սեր ու միաբանություն». Տեր Վրթանես Բաղալյան

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Ծնունդը՝ տաղավար տոներից առաջինը։ Երեկոյան տեղի կունենա Ճրագալույցի պատարագ, իսկ վաղն առավոտյան բոլոր եկեղեցիներում տեղի կունենա Սուրբ պատարագ։

168.amի հետ զրույցում Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը նշեց, որ Սուրբ ծննդյան տոնն Առաքելական եկեղեցու կարևոր տոներից մեկն է՝ Հիսուս Քրիստոսի ծնունդով են պայմանավորված տնօրինական բոլոր գործողությունները։

«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի մենք կյանք ունենանք։ Մեղքի պատճառով Աստծուց հեռացած մարդը ի վիճակի չէր իր նախնական տեղը վերադառնալու, և Աստված էլ որպես իր մեծագույն սիրո դրսևորում՝ իր միածին որդուն ուղարկեց։  Դա նաև Քրիստոսի սերն էր մեր նկատմամբ, որովհետև չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր անձը տա իր բարեկամների համար։ Մեր տեր Հիսուս Քրիստոսը եղավ մեզանից յուրաքանչյուրի բարեկամը, մեր եղբայրը դարձավ, նա մարդանալով՝ մեզ օրինակ ցույց տվեց, թե ինչպիսի կյանքով պետք է ապրենք։ Մեզ ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը ցույց տվեց, որպեսզի այս աշխարհում Աստծով ապրելով երջանիկ լինենք»,- նշեց Տեր Վրթանես Բաղալյանը։

Քահանայի խոսքով՝ Սուրբ ծնունդը նշվում է հունվարի 6-ից սկսած մինչև հունվարի 13-ը։

Կարդացեք նաև

«Քանի որ Հիսուսը գիշերն է ծնվել՝ հունվարի 5-ի, ապա այս օրը երեկոյան՝ ժամը 17։00-ին, բոլոր եկեղեցիներում տեղի կունենա Ճրագալույցի պատարագ։ Այնուհետև հունվարի 6-ին տեղի կունենա Սուրբ ծննդյան պատարագ։ Միաժամանակ՝ Ջրօրհնեքի արարողություն, որը Հիսուս Քրիստոսի 30-ամյա հասակում Հորդանան գնալու և գետում Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվելու տոնն է, ուստի սա Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու համար է նաև կարևոր տոն։

Սուրբ ծննդյան տոների ընթացքում ունենք ննջեցելոց հիշատակության օր, այսինքն՝ հունվարի 6-ին հաջորդող օրը այցելում ենք գերեզմաններ, խունկ ենք ծխում, աղոթք ենք անում։ Եկեղեցիներում կատարվում է նաև հոգեհանգստի կարգ՝ ննջեցելոց հիշատակի օրը։ Սխալ սովորություններ կան, որ ոմանք Սուրբ Ծննդյան օրը փորձում են գերեզման այցելել, պետք չէ այդպես անել։ Պետք է Սուրբ Ծննդյան տոնը նշել եկեղեցում, այնուհետև՝ ընտանիքներում, իսկ հաջորդ օրն այցելել գերեզմանոցներ։

Իսկ Ճրագալույցի պատարագին մասնակցողները պետք է կանթեղներով խորանից վերցրած ճրագը՝ Հիսուս Քրիստոսի հավատքի լույսը, տանեն իրենց տներ։ Սուրբ Ծննդյան տոների ընթացքում տեղի են ունենում նաև տնօրհնեքներ»,- նշեց քահանան։

Տեր Վրթանես Բաղալյանը նաև ասաց, որ Սուրբ Ծննդին նախորդում է շաբաթապահք, Ամանորը հավատացյալները դիմավորում են պահեցողությամբ, եկեղեցին այդքան էլ չի խրախուսում ճոխ սեղաների պատրաստությունն այս օրը։

«Ցավոք, խորհրդային շրջանում մեր ընտանիքներում սովորել էին, որ պետք է առատ սեղաններով դիմավորեն Ամանորը, իրենց մտածելակերպով՝ կարող էր այդպես ամբողջ տարին առատ լիներ։ Բայց այն համընկնում էր պահոց շրջանի հետ, դրա համար էլ մեր պապիկ-տատիկները պասուց տոլմա էին դնում սեղանին, դրանից էլ եկել է պահոց կերակուրները։ Վերջին շրջանում տարածում գտած խոզի բուդը և այլ մսեղեն սեղանին դնելն ուշ շրջանում ձևավորված սովորություններ են, որոնք կապ չունեն մեր ազգային սովորությունների հետ։ Մենք չափավոր կերակրատեսակներով պետք է դիմավորենք Սուրբ Ծնունդը, որի սեղանը կարող է տոնական լինել, փոքր-ինչ տարբերվող առօրյա սեղաններից։ Չամիչով ու բրնձով փլավ կարող են դնել սեղանին, չամիչը խորհրդանշում է Աստծո խոսքը, իսկ բրինձը՝ մեր կյանքը, որը կյանքը քաղցրացնում է Աստծո խոսքով։ Կարող են տարբեր տեսակի կերակուրներ ու ըմպելիքներ դնել։

Սուրբ Ծննդին մենք նաև տոնածառ ենք զարդարում, որը Կենաց ծառն է խորհրդանշում, վրայի զարդերը խորհրդանշում են առաքյալներին և մարգարեներին, որոնք Աստծո խոսքը մեզ մատուցեցին։ Տոնածառի գագաթին ամրացնում ենք կարմիր աստղ, որը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղը, որն առաջնորդեց մոգերին Սուրբ Ծննդյան քարայրը, որտեղ Հիսուս Քրիստոսը ծնվեց։ Նաև կա Ձմեռ պապիկի կերպարը, որը Սուրբ Նիկողայոսի կերպարն է, եկեղեցու հայրերից, որը Սուրբ Ծննդյան տոներին նվերներ էր բաժանում քրիստոնյա ընտանիքներին»,- փոխանցեց քահանան։

Շնորհավորելով հայ ազգի Ամանորը և Սուրբ Ծննդյան տոնը, Տեր Վրթանես Բաղալյանը մաղթեց, որպեսզի Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը հնչի յուրաքանչյուրի տանը, սրտում։

«Ազգիս մաղթում եմ առավել սեր ու միաբանություն, կուզեի, որ այս տարին ոչ թե կորստի, այլ ձեռքբերումների տարի լինի, մեր խարխլված օջախները շենացնելու ու նոր հաջողություններ ունենալու տարի բոլորին»,- եզրափակեց քահանան։

Տեսանյութեր

Լրահոս