Հնում Ամանորին ավելի շատ ուրախություն էր, քան սեղանների ճոխության ցուցադրում. ձևը նույնն է, բովանդակությունն է փոխվել. ազգագրագետ

«Կէան» կրթամշակութային կենտրոն» հ/կ համահիմնադիր, ազգագրագետ Վանուհի Սիմոնյանի խոսքով՝ հնում Ամանորից առաջ մարդիկ իրականացնում էին մաքրագործման ծեսեր, այսօր ևս այդ ամենն իրականացվում է՝ ժողովրդական լեզվով ասած՝ ուբոռկան։ Հետևաբար՝ ձևի առումով Ամանոր տոնելը չի փոխվել նաև այսօր, սակայն փոխվել է բովանդակությամբ։

«Մաքրագործման ծեսը հազարամյակների տոնական ծիսակատարություն է, մաքրագործման ծեսերը։ Բոլոր մեծ տոներից, իրադարձություններից առաջ տունը, դուրսը, բակը, գոմը, հացատունը, մարագը, մառանները ժողովուրդը մաքրում էր, որովհետև մաքուր սրտով ու մաքուր բակով պետք է մտնեին նոր տարի։ Այսինքն՝ հնից ազատվում էին, նորի համար տեղ են բացում։ Մաքրությունը տեղի էր ունենում ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր առումով, դրա համար մարդիկ ում հետ անհաշտ էին, Ամանորին ընդառաջ՝ հաշտվում էին։ Հիմա էլ այս ամենը ենթագիտակցորեն ժողովուրդն անում է»,- 168.am հետ զրույցում ասաց Վանուհի Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Ամանորին սեղանները մարդիկ միշտ պատրաստում էին, որպեսզի նոր տարին լիությամբ դիմավորեին։ Միմյանց փոխայցելությունները, շնորհավորելը նույնպես հին ժամանակներից են պահպանվել։

«Այսինքն՝ ձևի մակարդակում, կարելի է ասել, որ ամեն ինչ փոխանցվել է, իսկ բովանդակային առումով՝ ոչ։ Այդ ժամանակ պահոց շրջանն էր նաև, սեղաններին կենդանական ծագման ուտեստներ չկային, ավելի շատ ուրախություն էր, քան սեղանների ճոխության ցուցադրում, քանի որ հանրային ուրախ միջոցառումներ էին անում։ Ամենագեղեցիկ բանը, որ կցանկանայի վերականգնվեր՝ երեխաների շրջերթերն է, նրանք շրջերթով պտտվում, ավետիսներ էին երգում, տանտերերը պարտավոր էին զոհաբերություններ անել, որովհետև տոներին պետք է զոհաբերություն անես, բաժին տաս։ Բայց ո՞ւմ բաժին տաս, եթե ոչ՝ երեխաներին, որովհետև իրենք հրեշտակներ են, երբ նրանց բաժին ես տալիս՝ նախնիներդ հանգստանում են, գործերդ հաջողում են։ Շրջերթերը շատ սիրուն են, հատկապես Սուրբ ծննդին, նրանք եկեղեցուց լույս էին վերցնում և ավետիսներ երգելով շրջում էին ու լույս բաժանում»,- շեշտեց Վանուհի Սիմոնյանը։

Կարդացեք նաև

Նրա բնորոշմամբ, շրջերթի ժամանակ երեխաների երգած ավետիսներն ամբողջությամբ օրհնանքներ էին՝ ձեր սնդուկները թող լիքը լինեն, ձեր օրորոցները երթան ու գան, ձեր կարասները լցվեն գինով, ձեր հեռավորը թող գա բարով, և այլն։

«Ամեն ջանք դնելու եմ, որպեսզի այս ամենը վերականգնվի ու տարածվի, և ժողովուրդը սա անի։

Մաղթում եմ, որ հայ ազգը պայքարը չթողնի, ամեն օր աշխատի՝ մտքում պահելու ուժեղ պետականություն ունենալու երազանքը՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս