Եթե չեղարկվի Սերժ Սարգսյանի կնքած գազային պայմանագիրը, կարող է ընդհանրապես դադարել գազի մատակարարումը. Արմեն Մանվելյան
«Ադրբեջանը մեզ գազ չի վաճառի, որովհետև ինքը չունի այդքան գազ։ Ադրբեջանի ողջ գազը գնում է Արևմուտք։ Ունի երկարատև պայմանագիր, որն ինքը պարտավոր է կատարել: Ինքը երբեք Արևմուտքի հետ պարտավորություններից չի հրաժարվի հանուն Հայաստանի: Ավելին, Ադրբեջանն անգամ ներքին կարիքների համար ՌԴ-ից գազ է ներմուծում։ Երկրորդը, ԽՍՀՄ ժամանակ եղած Հայաստանն Ադրբեջանին կապող գազամուղն արդեն վաղուց չկա։ Հետևաբար՝ ուղղակի ֆիզիկապես նաև չեն կարող այդ գազը մատակարարել Հայաստան: Եվ երրորդ, գազը քաղաքականություն է, ու այն 175 դոլար գինը, որով ՌԴ-ն մեզ գազ է տալիս, քաղաքական է։ ՌԴ-ն մեզ գազ է տալիս քաղաքական գնով։ Նման գին գոյություն չունի: Նույն Ադրբեջանն իր եղբայր Թուրքիային գազ է տալիս 300 դոլարով։
Սա՝ այն պայմաններում, երբ Թուրքիան Ադրբեջանի հետ ունի երկարաժամկետ պայմանագրեր: Ավելին, գազի առումով վիճակն այնքան է վատացել, որ Վրաստանը, երկար տարիներ լինելով ադրբեջանական գազի սպառող, հիմա ստիպված է գազ գնել Ռուսաստանից: Էլ չեմ խոսում գազի քաղաքական կոմպոնենտի մասին: Եթե Ադրբեջանը մեզ գազ մատակարարի, իր խնդիրներից ելնեով՝ կարող է ցանկացած պահի անջատել այն: Պետք է հասկանալ նաև, որ հայկական կոնյակը երբեք Ադրբեջանում չի վաճառվելու, որովհետև Ադրբեջանը երբեք Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման չի գնա»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց միջազգայնագետ, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կնքած գազային պայմանագրին, էներգետիկ անվտանգության մասնագետի խոսքով՝ այդ պայմանագիրը Gov.am-ում դրված է, ծավալուն չէ, կազմում է ընդամենը 21 էջ, և բոլորը կարող են ծանոթանալ դրան:
«Դա շատ լավ պայմանագիր է: Ամենամեծ սուտը, որ տարածում են այդ պայմանագրի մասին, այն է, որ իբր թե այդ պայմանագիրը Ռուսաստանին մեզ գազ մատակարարելու մոնոպոլ իրավունք է տալիս, և մենք չենք կարող այլ երկրից գազ ներմուծել: Դա սուտ է: Թող ցույց տան այն կետը, որով Հայաստանին արգելված է այլ երկրից գազ ներմուծել: Չկա նման բան»,- ասաց Արմեն Մանվելյանը:
Վերջինս հավելեց նաև, որ այդ պայմանագիրն անցել է Սահմանադրական դատարանով, և այն ամբողջովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
«Այդ պայմանագիրը ոչ մեկի մենաշնորհային իրավունք չի տալիս: Հայաստանը դրան զուգահեռ՝ կարող է կնքել տասնյակ պայմանագրեր և այլ երկրներից գազ ներմուծել, եթե նրանք ավելի լավ պայմաններ առաջարկեն»,- ասաց Արմեն Մանվելյանը:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կնքած իրանական գազային պայմանագրին, ըստ նրա, դա ևս շատ լավ պայմանագիր է, բայց այդ պայմանագիրը մինչև վերջ չի կատարվել, որովհետև այս իշխանությունների ապաշնորհության շնորհիվ այսօր ավարտված չէ 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությունը, ինչը պետք է ավարտին հասցված լիներ 2019թ.: Դա մեզ հնարավորություն կտար մեծացնել գազի ներմուծման ու արտահանման ծավալները 3-4 անգամ:
«Դրա արդյունքում մենք կունենայինք և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի ավելցուկ, ինչի հետևանքով մենք կկարողանայինք նվազեցնել գազի կամ էլեկտրաէներգիայի գինը ներսի շուկայում: Սրանց հակաիրանական քաղաքականությունը բերել է նրան, որ դանդաղեցվել է բարձրավոլտ էլեկտրագծի կառուցումը, որն ամբողջովին պիտի ֆինանսավորվի Իրանի Իսլամական Հանրապետության կողմից»,- ասաց էներգետիկ անվտանգության մասնագետը:
Ըստ Արմեն Մանվելյանի՝ եթե, Աստված մի արասցե, չեղարկվի Սերժ Սարգսյանի կնքած գազային պայմանագիրը, կարող է ընդհանրապես դադարեցվել Հայաստանի գազամատակարարումը, ինչն աղետի կհասցնի Հայաստանի տնտեսությունը:
«Բացի դրանից, կփոխվի նաև գազի գինը: Ինչպես հիմա Ադրբեջանն ու Վրաստանն են Ռուսաստանից գազ ուզում, մենք ևս ստիպված կլինենք գնալ ռուսների դուռը՝ գազ խնդրելու, բայց արդեն այս դեպքում պայմանագրերը կփոխվեն, գազի գները՝ նույնպես»,- ասաց Արմեն Մանվելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: