Բաժիններ՝

Այս հանգստությունն էլ տարօրինակ է, ադրբեջանցուն չենք վստահում, երբ ուզի՝ կարող է նորից կրակել. սահմանապահ Սոթքի բնակիչ

Գեղարքունիքի սահմանային Սոթք համայնքում վերջին 2-3 ամսում կրակոցներ չեն լսվել: Իսկ մարդիկ ապրում են իրենց առօրյա կյանքով, միևնույն ժամանակ, չկորցնելով իրենց զգոնությունը:

«Էս լռությունն էլ մի տեսակ տարօրինակ է, բայց ինձ թվում է՝ Արցախի հետ կապված է, որ էս շրջանում սենց մի տեսակ հանգիստ են: Իրենց նպատակին հասան՝ հանգստացան: Բայց էլի վերջնական հանգստություն ակնկալել չենք կարող. որ պահին ցանկանան՝ կարող են կրակել: Ադրբեջանցուն չես կարող վստահել»,- 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց գյուղի բնակչուհի Կարինե Միրզոյանը:

Ամեն դեպքում զգուշավորություն պահել պետք է: Մեր զրուցակիցն ասաց, որ բնակիչների մի մասը նախկինի պես էլ կարճ ժամանակով դուրս է գալիս գյուղից, նորից վերադառնում: Բայց գյուղի հիմնական բնակչությունը տեղում է:

Այդուհանդերձ, այնպես չէ, որ տնտեսական վիճակը բնակիչների մոտ լավ է: Թե՛ հողամասերի, թե՛ անասունների հետ կապված խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլև ավելացել են՝ հատկապես Սոթքի հանքավայրը փակելուց հետո:

Կարդացեք նաև

«Հանքավայրը որ դեռ գործում էր, գյուղի բնակիչների կեսից շատն այնտեղ էին աշխատում: Հիմա մեծամասնությունը կա՛մ մնացել է անգործ, կա՛մ այլ աշխատանք է գտել ոչ գյուղի տարածքում»,- ասաց նա:

Այս գյուղում էլ հանդերի մեծ մասը թշնամու վերահսկողության ներքո է: Իսկ այն տարածքները, որոնք դեռ մնացել են, շատ փոքր հատվածով են մշակվում՝ հատկապես վերջին լայնածավալ ռմբակոծությունից հետո:

«Ամեն ինչն է դժվարացել հիմա: Ապրուստը հազիվ ենք կարողանում վաստակել: Իսկ ապրուստը հիմնականում վաստակում ենք ոչ գյուղատնտեսական աշխատանքով ու թոշակով»,- ասաց մեր զրուցակիցը:

Սոթքում վերջին տարիներին նաև գազի խողովակներ էին անցկացվել: Բնակիչների մի մասը, սակայն, կա՛մ հնարավորություն չունի այն տուն հասցնելու, կա՛մ սպասում է երկրում իրադրության վերջնական կարգավորմանը:

«Մենք էլ մինչև 2020 թվականը տուն կառուցեցինք, հիմա կիսակառույց է մնացել՝ ուժերս չի պատում, որ ավարտին հասցնենք: Հետո, այս վերջին լարված իրավիճակներից հետո արդեն բնակիչները նույնպես հնարավորություն չունեն կիսատ թողած աշխատանքներն ավարտին հասցնելու»,- ասաց սահմանապահ գյուղի բնակուհին՝ հայտնելով, որ գյուղում վերջին ամսում, այդուհանդերձ, նաև արցախցի 2-3 ընտանիք է հաստատվել:

«Իրենց խորհուրդ տվեցինք այստեղ տուն կառուցել, այդպիսի ցանկություն ունեցող կա, բայց ոչ բոլորն են համաձայն դրան»,- ասաց Կարինե Միրզոյանը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս