Վարչապետ Փաշինյանը՝ ընդդեմ ընդդիմադիր Փաշինյանի. ԵԱՏՄ-ն այլևս չի վտանգում ՀՀ ինքնիշխանությունը, այն զուտ տնտեսական կառույց է

Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել էր. «ԵԱՏՄն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։ Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել և հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։ ԵԱՏՄն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ։

Առևտրի և ինտեգրման հիմնարար ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն՝ քաղաքական նկատառումներից ելնելով, դա միանշանակ կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կոռոզիայի»:

Եվ որքան էլ Փաշինյանը գտնի, որ չպետք է ընդդիմադիր և վարչապետ Նիկոլ Փաշինյանների խոսքերը համեմատել և փորձել հակասություն գտնել, միևնույն է՝ որոշակի հիշեցումներ կանենք, քանի որ այն, ինչ նա հորդորում էր ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին, նույնը ժամանակին իրեն էին փորձում բացատրել, բայց՝ անօգուտ:

Մասնավորապես, 2014 թվականի դեկտեմբերին ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանն ԱԺ-ում՝ ԵԱՏՄ-ին միանալու հարցի քննարկմանը հայտարարել էր, որ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ հարված են համարում մեր երկրի անկախությանն ու ինքնիշխանությանը, քանի որ ինքնիշխանությունը հավասարակշռություն է աշխարհի տարբեր բևեռների նժարների միջև, իսկ անկախության տարիներին ՌԴ նժարը ՀՀ-ում անշեղորեն ծանրացել է, և նշված պայմանագրով ևս մի ծանր կշռաքար ենք դնում այդ ռուսական նժարի, ու ՀՀ անկախությունը դրվում է հարվածի տակ:

Կարդացեք նաև

«Մի մեծ սուտ կա ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու պայմանագրի մասին: Իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե սա ինտեգրացիոն պրոցես է, իրականում ՀՀ-ի համար ոչ թե ինտեգրացիոն, այլ մեկուսացման պրոցես է: Մեր անկախության առաջին օրից Թուրքիան և Ադրբեջանը վարել են մեկուսացնելու քաղաքականություն, և եթե նրանք ՀՀ-ն մեկուսացրել են արևելքից ու արևմուտքից, ԵՏՄ-ն հյուսիսից ու հարավից է մեկուսացնելու, որովհետև այս պայմանագրով վերանում են բոլոր հնարավորությունները խորացնելու մեր հարաբերությունները Իրանի և Վրաստանի հետ: «Քաղաքացիական պայմանագիր միավորումը» մեր ինքնիշխանության առաջնային գործիք է համարում Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների լրջագույն խորացումը, որոնք ռազմավարական լճացման վիճակում են: ԵՏՄ-ին միանալու դեպքում մենք Իրանի հետ չենք կարողանալու ազատ առևտրի պայմանագիր կնքել, իրանական գազի համար տարանցիկ ճանապարհ դառնալ, ինչը տնտեսապես կամրապնդեր ՀՀ ինքնիշխանությունը: Իրանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվելու է, և ՀՀ-ի ռազմավարական խնդիրը էներգակիրների տարանցիկ ճանապարհ դառնալն է, բայց դրան դեմ են Թուրքիան ու Ադրբեջանը, և հիմա այս խմբին միանում է ԵՏՄ-ն»,- ասել էր Փաշինյանը՝ շեշտելով, որ դեմ է քվեարկելու ԵՏՄ պայմանագրին՝ ոչ թե, որ չի սիրում Ռուսաստանին, այլ, որ հավատում է Հայաստանի ինքնիշխան ապագային:

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքը, որի համամասնական ցուցակը գլխավորում էին Էդմոն Մարուքյանը, Արամ Զավենի Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, իր նախընտրական ծրագրում նշում էր.

«ԵԼՔ դաշինքը արտաքին քաղաքական սխալ է համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որը լրջագույն ռիսկեր է պարունակում Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական և քաղաքական բնականոն զարգացման, Արցախի հարցի արդարացի կարգավորման համար: ԵԼՔ դաշինքը համարում է, որ այդ ռիսկերի կառավարումը պետք է տեղի ունենա տարածաշրջանային և միջազգային իրավիճակի խորը վերլուծության և Հայաստանի ազգային շահերի հավասարակշռված սպասարկման միջոցով»:

Ավելին, 2017 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության նիստը, որի ընթացքում ընդունվել էր օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության Պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ որոշումը։

Փաստաթղթում նշված էին այն հիմնավորումները, որոնց համաձայն՝ պետք է Հայաստանի Հանրապետությունը որդեգրեր ԵԱՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ և Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունն իր մասով դադարեցնելու գործընթաց սկսեր: Մասնավորապես, ըստ փաստաթղթի հեղինակների, պետք է հիմք ընդունվեր հետևյալը.

«ԵԱՏՄ անդամ-պետությունները որևէ օգնություն չեն ցուցաբերել և այժմ էլ չեն ցուցաբերում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ավելին՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ի պաշտպանություն ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականության, իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով նրանց բանակի տեխնիկայի և հատկապես հարձակողական զենք-զինամթերքի 85%-ից ավելին, այդ թվում՝ գերժամանակակից հզոր և հակամարդկային զինատեսակներով։ Եվ սա այն պայմաններում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի զինվածության հարաբերակցությունը 1։20 է։ Որպես հետևանք՝ ԼՂ հակամարտության գոտում՝ 1994 թվականի զինադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր, հայկական կողմն առաջին անգամ էական տարածքային կորուստներ է ունեցել ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում.

Քանի դեռ Միացյալ Նահանգները և Արևմտյան Եվրոպայի պետությունները հրաժարվում են զենք վաճառել Ադրբեջանին, ԵԱՏՄ անդամ պետությունները դա անում են մեծ եռանդով։ Մասնավորապես՝ Ռուսաստանն ու Բելառուսը զինում են Ադրբեջանին, իսկ Ղազախստանը բացահայտ սատարում է ադրբեջանական կողմին ընդդեմ Հայաստանի. Նուրսուլթան Նազարբաևն ամեն անգամ ինչ-որ պատրվակ է գտնում Հայաստան չայցելելու համար։ Քառօրյա պատերազմի ժամանակ Բելառուսը հանդես եկավ Ադրբեջանին սատարող հայտարարությամբ։

ԵԱՏՄ անդամ որևէ երկիր, որոնք նաև ՀԱՊԿ անդամ են, չդատապարտեց Ադրբեջանի հարձակողական քաղաքականությունը ո՛չ Արցախի, ո՛չ էլ հայկական գյուղերը ռմբակոծելու փաստի առթիվ՝ այն դեպքում, երբ նրանք, ըստ ՀԱՊԿ պայմանագրի, պարտավոր էին ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Համեմատության համար` անհնար է անգամ պատկերացնել, որ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր զենք վաճառի ՆԱՏՕ-ի այլ անդամ-պետության թշնամուն։

Մյուս կողմից՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման այս անորոշ ժամանակաշրջանում Հայաստանը, լինելով Ռուսաստանի հետ նույն միության անդամ, անուղղակիորեն խնդիրներ է ունենում նաև ամերիկյան կողմի հետ։ Սրա հետևանքները մեզ նման փոքր երկրի համար կարող են խիստ բացասական լինել»:

«Ելքը» որպես այլընտրանք՝ առաջարկում էր «ավարտին հասցնել տարիներ ի վեր բանակցված և կիսատ մնացած Եվրոպական Ասոցացման համաձայնագիրը»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրվել էր Եվրամիության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որտեղ հիշատակում կար նաև Արցախի հարցի հետ կապված: Եվ սա՝ առանց ԵԱՏՄ-ից դուրս գալու: Ավելորդ է ասել, թե Նիկոլ Փաշինյանի օրոք ինչ ապագա ունեցավ վերը նշված համաձայնագիրը, իսկ այսօր վարչապետ Փաշինյանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից և հորդորում է դրան քաղաքական աստառ չտալ, երբ ինքն առաջիններից էր, որ դա արեց:

Չմոռանանք նաև, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք 2022 թվականի օգոստոսին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հյուրի կարգավիճակում մասնակցել էր Ադրբեջանը, իսկ Հայաստանը չէր առարկել:

Հիմա հարց՝ ՀՀ ինքնիշխանությունից անընդհատ խոսող և խաղաղության անվտանգային օրակարգում նաև տնտեսական բաղադրիչը շեշտադրող Փաշինյանը ԵԱՏՄ-ն չի՞ տեսնում այլևս՝ որպես ՀՀ ինքնիշխանությունը վտանգող գործիք:

Իսկ գուցե ինչպես 2014-ին ընդդիմադիր Փաշինյանն էր ասում նախկին իշխանությունների հասցեին, նույնը իր դեպքո՞ւմ է, որ՝ «Իսրայել Օրին էլ իր ժամանակ հայերի համար հովանավորներ էր փնտրում Արևմտյան Եվրոպայում, բայց, ի վերջո, գտավ Ռուսաստանում»: Այս դեպքում, թերևս, կարելի ասել, որ Փաշինյանը չի ցանկանում զրկվել նաև ռուսական հովանավորչությունից՝ հանուն սեփական իշխանության, իսկ մի որոշ ժամանակ առաջ  մեղադրում էր ռուսական կողմին ընդդիմադիրներին հեղաշրջման մղելու մեջ:

Գուցե նաև այս վախն է Փաշինյանին մղում ՌԴ-ին ամբողջությամբ «ո՛չ» չասել…

Տեսանյութեր

Լրահոս