Բյուջեի նախագիծը տապալելու միակ ձևը քվեարկությանը չգրանցվելն է. միանում ենք. Իզաբելլա Աբգարյան
Այսօր վաղ առավոտից Երևանի ավագանու նիստն անցնում է թեժ պայմաններում։ Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել են նիստը, քանի որ քննարկվում է ավտոկայանատեղիների տարեկան վճարը բարձրացնելու նախագիծը։
Լրագրողների հետ զրույցում «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ միակ ձևը, որն ունի ընդդիմությունը, չգրանցվելն է նախագծի քվեարկությանը, որպեսզի այդ նախագիծը չանցնի։
«Դուք գիտեք, որ մենք հնարավորություն չունենք դեմ քվեարկելով՝ կասեցնել։ Կարծում եմ՝ այդ նախագծերը, որոնք բնավ հօգուտ չեն երևանցիներին, չպետք է ընդունվեն, ուստի մեր խմբակցությունը որոշում ունի չգրանցվելու այդ նախագծերի քվեարկությանը»,- նշեց նա։
Ավագանու անդամը նաև լրագրողներին փոխանցեց, որ ընդհանուր քննարկում չի եղել, սակայն իրենք թե՛ մամուլից, թե՛ ընթացքում տեղեկացել են միմյանց որոշումներից, գիտեն, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը ևս միացել է բոյկոտին։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը քննարկում է «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։
Նախագծով առաջարկվում է՝ 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի Ա գոտու ավտոկայանատեղիում կայանելու համար 1 օրվա համար վճարը սահմանել 2000 դրամ, իսկ տարեկան վճարը՝ 160.000 դրամ, կենտրոնից դուրս՝ 1 օրվա համար՝ 1000 դրամ, իսկ տարեկան՝ 24.000 դրամ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում