Հաքան Ֆիդանը պարզ ասում է, որ նախապայմանների զինանոցը սպառված չէ. Ո՞վ պետք է պատասխան տա՝ Փաշինյա՞նը. Հայկ Դեմոյան

Նախորդ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը 2024 թվականի բյուջեի քննարկումների ընթացքում անդրադարձել էր նաև տարածաշրջանային հարցերին, այդ թվում՝ Թուրքիա-Հայաստան, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացներին:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունն ավելի է ամրապնդվել: Երկու երկրների միջև վստահությունն ամրապնդելուն միտված քայլերը գոհունակությամբ ենք ընդունում և ցանկանում ենք, որ ժամ առաջ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը: Եղբայրական Ադրբեջանի հետ դաշնակցային մակարդակի բարձրացրած մեր հարաբերությունները զարգացնում ենք բոլոր բնագավառներում»,- ասել էր Ֆիդանը։

Ըստ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի, Հայաստանի հետ սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացն էլ Ադրբեջանի հետ համատեղ տարածաշրջանային զարգացումներն ուշադրության կենտրոնում պահելով շարունակելու են առաջ մղել։

«Որոշ երրորդ երկրների կողմից 1915 թվականի իրադարձությունների հետ կապված անհիմն պնդումները նորից բորբոքելը և օրակարգ բերելը կարգավորման գործընթացը կացնահարելու է: Այս երկրները Հայաստանին լավություն չեն անում»,- նշել էր Հաքան Ֆիդանը։

Կարդացեք նաև

168.am հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարությանն ու մեսիջներին, նկատեց՝ Ֆիդանի ասածը զարմացնում է իր պարզությամբ՝ չնայած խորքում արևելյան խորամանկություն է պարունակում։

«Թուրքիայի արտգործնախարարը պարզ ասում է, որ նախապայմանների զինանոցը սպառված չէ, այդ միջոցները կիրառվելու են և անվերջ են կիրառվելու։ Չկա այն կետը, որտեղ կարող են ասել, որ այս կետում, եթե Թուրքիայի ու Ադրբեջանի պայմանները բավարարվի, դրանից հետո նրանք պատրաստ կլինեն ամեն ինչի՝ խաղաղության և այլն։

Այս ամենը վերծանել պետք չէ, Թուրքիան շատ պարզ ասում է, որ առավելագույնն է ստանալու։ Թուրքիան կստիպի ՀՀ իշխանություններին, և սրանք հաստատ դա կանեն, կասեն՝ դիմեք և ձեր խորհրդարանների ճանաչած փաստաթղթերը չեղարկեք կամ հետկանչ արեք»,- նշեց Հայկ Դեմոյանը։

Նրա բնորոշմամբ՝ Հաքան Ֆիդանի այդ հայտարարությունն անախրոնիզմ է և ժամանակավրեպ:  Միջազգային ճանաչման այն ծավալը, որը կա, դրա դեմ պայքարելը, թեկուզ հետադարձով ինչ-ինչ արդյունքներ  ստանան, օրինակ, Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանն են ապամոնտաժել,  այդուհանդերձ Թուրքիան ընդհանուր ծավալի մեջ չի կարող բոլոր երկրների ճանաչման փաստաթղթերը հետ բերի կամ գիտնականների, այդ թվում՝ թուրք գիտնականների աշխատանքները համարի հակագիտական։

«Այդուհանդերձ, ինչո՞ւ Թուրքիան չպետք է պարտադրի, որովհետև նրա բոլոր նախապայմանները կատարվել են, նույնիսկ առավելագույնը, Հայաստանի դրածոների կողմից։ Թուրքիան նստած սպասում է առավելագույնին, որը Հայաստանի իշխանությունների ձեռամբ իրեն կմատուցվի, եթե սրանք շարունակեն մնալ։ Տեսեք, թե սրանք ինչպես են տպագրում դասագրքերը, այդ նույն նախապայմանների արտացոլումն է մեր դասագրքերում, սա միայն դասագրքի հարց չէ, դասագիրքը ցուցիչն է, և պարզ երևում է, թե ով է սպասարկում»,- նշեց Հայկ Դեմոյանը։

Ըստ մեր զրուցակցի, այն, ինչ սկսվեց 2018 թվականին, սկսվեց թյուրիմացությամբ, այնուհետև շարունակվեց Ծիծեռնակաբերդում։ Այդ ժամանակ որևէ մեկը չհասկացավ, թե ինչ էր տեղի ունենում, մինչդեռ պատմաբանն անձամբ ահազանգել է։

«Այն ժամանակ ես ասել էի, որ այս իշխանությունները, եթե նման բանի են ընդունակ, ապա վաղը կհանձնեն ամբողջ Արցախը։ Հիմա այս ամենի շարունակությունն է, այն ժամանակ բողբոջները դուրս չէին եկել, հիմա պտուղները երևում են։

Թուրքիան ու Ադրբեջանն ունեն Շուշիի դեկլարացիան և համախորհուրդ պետք է աշխատեն, առավելագույնը Հայաստանից ստանան։ Ինձ նույնիսկ խոսակցություններ են հասել, որ Ցեղասպանության թանգարանը փակելու հարց են քննարկում»,- ընդգծեց Հայկ Դեմոյանը։

Հայկ Դեմոյանի համար զարմանալի է այն հարցը, թե ինչու հայկական կողմից պաշտոնական որևէ արձագանք չկա Ֆիդանի հայտարարությանը։

«Ո՞վ պետք է այդ պատասխանը տա՝ Նիկոլ Փաշինյա՞նը, ով Հայաստանի պետականության իրավագոյությունն է հարցականի տակ դնում, զինանշանն է քննարկում, որ այն սխալ է, քանի որ այնտեղ Արարատ կա։ Ի՞նչ եք սպասում դրածո կառավարությունից, որն ուղղորդվում է դրսից, որևէ արձագանք այստեղից մի ակնկալեք, սրանք բութ գործիքակազմ են, որոնք իրականացնում են պատվերներ՝ տարբեր ուժային կենտրոնների կողմից»,- շեշտեց Հայկ Դեմոյանը։

Տեսանյութեր

Լրահոս