1915 թվականի իրադարձությունները նորից օրակարգ բերելով՝ որոշ երկրներ Հայաստանին լավություն չեն անում. Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը 2024 թվականի բյուջեի քննարկումների ընթացքում անդրադարձել է նաև տարածաշրջանային հարցերին, այդ թվում Թուրքիա-Հայաստան, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունն ավելի է ամրապնդվել: Երկու երկրների միջև վստահությունն ամրապնդելուն միտված քայլերը գոհունակությամբ ենք ընդունում և ցանկանում ենք, որ ժամ առաջ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը: Եղբայրական Ադրբեջանի հետ դաշնակցային մակարդակի բարձրացրած մեր հարաբերությունները զարգացնում ենք բոլոր բնագավառներում», – ընդգծել է Ֆիդանը։ :
Ըստ Ֆիդանի՝ Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացն էլ Ադրբեջանի հետ համատեղ տարածաշրջանային զարգացումներն ուշադրության կենտրոնում պահելով շարունակվելու է առաջ մղվել։
«Որոշ երրորդ երկրների կողմից 1915 թվականի իրադարձությունների հետ կապված անհիմն պնդումները նորից բորբոքելը և օրակարգ բերելը կարգավորման գործընթացը կացնահարելու է: Այս երկրները Հայաստանին լավություն չեն անում»,- նշել է նա:
Ֆիդանը նաև հիշատակել է արտգործնախարարների մակարդակով Թեհրանում տեղի ունեցած 3+3-ի պլատֆորմի առաջին հանդիպումը՝ հավելելով, որ հաջորդ տարի այն կանցկացվի Թուրքիայում։