«Միացյալ Նահանգների նպատակն է, որպեսզի Հարավային Կովկասում իշխի իր դաշնակից Թուրքիան». Արթուր Խաչիկյան

Նախորդ շաբաթ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

«Այս թեման ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի բոլոր քննարկումների մասն է: Մենք ողջունում ենք Թուրքիայի արդյունավետ դերն այս հակամարտության կարգավորման հարցում: Մենք համաձայն ենք Ֆիդանի այն խոսքերի հետ, որ խաղաղությունը հնարավոր է: Միացյալ Նահանգները սատարում է երկու կողմերի ուղիղ բանակցություններին՝ խաղաղության հասնելու համար»,- ասել էր Միլլերը: Այս հայտարարությունը նախորդել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը, ըստ որի՝ դեմ չեն լինի, որպեսզի հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ներգրավվի երրորդ «չեզոք» երկիր, այնուհետև հավելել էր, որ այդ երկիրը կարող է լինել Թուրքիան։

Ի՞նչ է նշանակում Հայաստանի համար Թուրքիայի ներգրավումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, ՌԴ-ն այլևս այդ գործընթացից դո՞ւրս է, ինչպե՞ս է ԱՄՆ-ը ողջունում Թուրքիայի ներգրավումը, երբ 2021 թվականին հայտարարում էր, որ Թուրքիան անմիջական մասնակցություն է ունեցել 2020  թվականի 44-օրյա պատերազմին և աջակցել է Ադրբեջանին։

168.am-ի հետ զրույցում ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը պատասխանելով այս հարցերին, ասաց, որ Միացյալ Նահանգների հայտարարությունների առումով պետք է նայել փաստերին, խոստացել էր, որ Արցախում էթնիկ զտում չի լինի, թույլ չեն տա, բայց եղավ։

Կարդացեք նաև

«Միացյալ Նահանգները չարձագանքեց, անգամ չճանաչեց, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում։ Հերթական գեղեցիկ սուտն էր, իսկ հիմա Միացյալ Նահանգները տեսնում է, որ Հայաստանի գլխին կուտակվում են վտանգավոր նոր ամպեր, սպառնալիք կա Հայաստանի տարածքների նկատմամբ, բայց հայկական կողմին որևէ կոնկրետ խոսք, խոստում չի տալիս, որ եթե, օրինակ, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից լինի հարձակում, կպաշտպանի Հայաստանին։ Միացյալ Նահանգների նպատակն է, որպեսզի Հարավային Կովկասում իշխի իր դաշնակից Թուրքիան»,- նշեց Արթուր Խաչիկյանը։

Միջազգայնագետի բնորոշմամբ, Միացյալ Նահանգները հայ հասարակությանը լավ է  ճանաչում, լավ տեսնում է, որ այս հասարակության մի մասը ծախու է, կարող է գրանտների դիմաց ժողովրդին տանել դեպի ոչնչացում։ Տեսնում է, որ իր տված դոլարների ու եվրոների դիմաց հայ հասարակության մի մասը կարող է կեղծ ու հակահայ քարոզչություն տանել Հայաստանում։

«Միացյալ Նահանգների նպատակն է, որ այստեղ տիրի Թուրքիան ու ՆԱՏՕ-ն։ 30 տարուց ավելի ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահող երկիր էր, մասնակցում էր բանակցային գործընթացին ու հայտարարում, որ հարցը չպետք է ուժի կիրառմամբ լուծվի, բայց այսօր ամեն ինչ մոռացել է։ ՀՀ «ծախու կլոուները»՝ իշխանությունները, ասում են, որ Արևմուտքը մեզ կօգնի, եթե չլինենք Ռուսաստանի դաշնակիցը, բայց այդ օգնությունը, ինչպես տեսնում ենք, չի լինելու»,- հավելեց Արթուր Խաչիկյանը։

ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտորի մեկնաբանությամբ՝ Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից դուրս մնաց Հայաստանի իշխանությունների շնորհիվ, քանի որ վազեցին արևմտյան հարթակ, հանձնեցին Արցախը ու փորձեցին ամբողջ մեղքը գցել Ռուսաստանի վրա։

«Այս իշխանության մոտ միայն մեկ բան է լավ ստացվում՝ իրենց արտասահմանյան տերերի հետ անընդհատ մեղավոր գտնել։ Գոնե Արցախի մի հատվածն ունեինք, որտեղ ապրում էին արցախահայերը, բայց այս խայտառակ թիմը վազեց Պրահա, ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, հետո եղավ շրջափակումը։ Ռուսաստանն ու Արևմուտքը ոչինչ չարեցին, Արևմուտքն Ադրբեջանի դեմ որևէ սանկցիա չկիրառեց։ Նրանք այդ քաղաքականությունն են վարում, իսկ ՀՀ իշխանությունը նրանց օգնում է»,- եզրափակեց Արթուր Խաչիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս