Ջրային պարեկները խփել են լոդկային ու փորձել են փախնել, երեխաները խեղդվելուց են փրկվել. Նորատուսցի ձկնորս
Այսօր Գեղարքունիքի մարզի ձկնորսները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում՝ ուղղված Կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ այս շրջանում արգելվում է Սևանա լճից սիգի որսը։
Բողոքի ակցիայի մասնակից ձկնորսներից մեկն ասաց, որ նախկինների իշխանության օրոք ժողովուրդն ազատ ապրում էր, ներկայիս իշխանությունը եկավ և ժողովրդին դրեց «պռոբկի» մեջ։
«Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Մարդիկ այլևս այս ցավին չեն դիմանում, նախկինների ժամանակ կարողանում էինք աշխատել, հիմա չենք կարողանում։ 30 տարի մարդիկ ազատ ապրել են, ազատ, անկախ Հայաստան էր, չէ՞»,- նշեց ձկնորսը։
Ներկաներից մեկն էլ ասաց, որ պահանջում են, որպեսզի ոստիկանները բաց թողնեն բերման ենթարկված իրենց երեխաներին, նրանք անմեղ են։
«Չգիտեմ՝ քանի հոգու են ձերբակալել, 20 է, թե 26, բոլորն էլ անչափահաս են, էլի։
Կներեք, բայց ոստիկանությունն է նախապատրաստված եկել այստեղ, ոչ թե ժողովուրդը։ Լոդկային են խփել, մարդիկ խեդվելուց են փրկվել, իսկ ջրային պարեկները փորձել են փախնել։ Գյուղացիները հազիվ են հասել, սուզվողներին փրկել, ու վեճ է տեղի ունեցել, լավ է, բախտները բերել է, երեխաներին ջրից հանել են»,- նշեց նա։
Ձկնորսների խոսքով՝ Կառավարությունը լճում ոչ ձուկ է աճեցրել, ոչ էլ դրա հետ առնչություն ունի, 40 տարի ձուկ են բռնել, ձուկ էլ շատ կա։
«Երևի Նիկոլն ուզում է Սևանն էլ հանձնի, այդպես եմ պատկերացնում։ Եթե այդպես չէ, ինչո՞ւ է ուզում ժողովրդին սովամահ անել»,- եզրափակեց ձկնորսներից մեկը։
Հիշեցնենք, որ այսօր Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Գեղարքունիքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ առարկայի գործադրմամբ կողոպուտի, մի խումբ անձանց կողմից մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված, հարմարեցված առարկայի և միջոցի գործադրմամբ և այդպիսիք գործադրելու սպառնալիքով խուլիգանության, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված և հարմարեցված առարկայի և միջոցի գործադրմամբ միջամտելու դեպքի հանգամանքները։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում