ՀՀ ԱԽՔ-ն ու ԳՇ պետը նո՞ւյնպես դիմել են ՀՀ քաղաքացիության համար, Միքայել Արզումանյա՞նն ինչու է դատվում

«ՀՀ քաղաքացուց՝ փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» խորագիրը կրող այսօրվա պանելային քննարկման ժամանակ, ՔԻՀԿ անդամ, իրավապաշտպան, հասարակական գործիչ  Նարե Սիմոնյանն արձանագրեց, որ արցախցիներին ՀՀ քաղաքացիությունից զրկելու ՀՀ իշխանությունների որոշումը հակասահմանադրական է, իսկ ՀՀ հարյուր-հազարավոր քաղաքացիների իրավունքների աննախադեպ խախտման մեղավորները պետք է պատասխան տան օրենքի առջև:

«Սա անձնական ու ազգային վրեժ չէ, այլ իրավական պետություն ստեղծելու ուղի: Այդ աննախադեպ իրավախախտումների համար պատասխանատվություն կկրի ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, նրա վարչակազմը, թե միգրացիայի պետն ու ՆԳՆ փոխնախարարը… բոլորը պետք է պատասխան տան: Որպեսզի ցանկացած պաշտոնյա իմանա, որ հակասահմանադրական արարքների համար պետք է պատասխանատվություն կրի»,- ասաց նա:

Սիմոնյանն անդրադարձավ նաև տեղեկությանը, որ 070 կոդն ունեցող անձնագրով ՀՀ-ում պետական աշխատողներին հրահանգ է եղել դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:

«Ավելի կոնկրետ օրինակ բերեմ: Միքայել Արզումանյանը: ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի Հանրապետությունը ներառյալ: Շատ պաշտոնյաներ ասել են, որ Հայաստանը շատ վաղուց է ճանաչել Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս: Այդ դեպքում ի՞նչ հանցանքի համար են դատվում Միքայել Արզումանյանը, ով, ըստ ՀՀ իշխանությունների, չի համարվում ՀՀ քաղաքացի ու գործունեություն է իրականացրել «ՀՀ-ից դուրս»: Այդպիսի տասնյակ զինվորականներ կան: Նաև, արդյո՞ք ՀՀ քաղաքացի է հանդիսանում ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ինչպե՞ս է նա դիմել քաղաքացիության համար ու ե՞րբ: Արդյո՞ք նաև ՀՀ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը դիմել է ՀՀ քաղաքացիության համար»,- հարցադրում հնչեցրեց Նարե Սիմոնյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս