«Գլուխը պատին է տվել, նման տարբերակ չի եղել». Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իշխանությունների քննադատություններին՝ ուղղված ՀԱՊԿ-ին, հիշեցրեց, թե նախկինում ինչպես էին ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տանում ՀՀ առաջնագիծ` ցույց տալու այնտեղ ՀԱՊԿ-ի դերակատարությունը։

«Այս իշխանության նման, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին չէին բռնում ու խայտառակ անում… հիշում եք, չէ՞, հեռախոսազրույցները՝ ԱԱԾ այն ժամանակվա տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցը, մոռացե՞լ եք։ Երբ ԱԱԾ տնօրենն ասում էր՝ ժողովուրդ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է, մի՛ ձերբակալեք, պատասխանում էին, թե Նիկոլը հանձնարարել է։ Այդպես հանձնարարելով էլ՝ երկիրը բերել-հասցրել է այստեղ»,- շեշտեց Գեղամ Մանուկյանը։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի արդարացումների մասին, որ Արցախը հանձնելու մեջ իրեն անհիմն են մեղադրում, Գեղամ Մանուկյանն ասաց՝ մի օր էլ լրագրողներին է մեղադրելու Արցախը հանձնելու մեջ։

«Այլևս ես չեմ կարող հիշել, թե Արցախը հանձնելու, Արցախը հայազրկելու քաղաքականության մեջ էլ ում կարելի է մեղավոր հռչակել։ Միակ բանը, որ նորություն էր, որ իր հարցազրույցի մասին իր ընտանեկան թերթը նախապես չէր գրել»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է իշխանությունների հռչակած «խաղաղության խաչմերուկին», Գեղամ Մանուկյանն ասաց, որ դրա տակ նախ տնտեսական որևէ վերլուծություն արված չէ, ավելին՝ Կարսից մինչև Երևան երկաթգիծ չկա, լրիվ ավերված երկաթգիծ է։

«Պարսիկները խոսք ունեն՝ հալվա-հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանում։ Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Լավրովը եկավ Հայաստան, հետո տեղի ունեցավ Սոթք-Խոզնավարի դեպքերը, դրանով փորձում է ինքն իրեն մաքրել։ Լավրովը հո մեղավո՞ր չէ, որ եկան ու Տեղի պռունկի տակ նստեցին, ո՞վ է դրա պատասխանատուն»,- ընդգծեց նա։

Լրագրողի դիտարկմանը, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հենց Ռուսաստանն է նոյեմբերի 9-ի փաստաթղթին հակասող գործողություն իրականացրել, Գեղամ Մանուկյանն ասաց.

«Գլուխը պատով է տվել։ Բոլորը մեղավոր են, բացի իրենից, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Քլինթոնը, Օբաման, Պուտինը, դրանից առաջ՝ Ելցինը, բոլորը մեղավոր են»։

Գեղամ Մանուկյանն արձագանքեց նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախի հարցի լուծման միակ տարբերակը եղել է Մեղրին Արցախով փոխանակելու տարբերակը, շեշտելով կրկին.

«Գլուխը պատին է տվել, նման տարբերակ չի եղել»։

Տեսանյութեր

Լրահոս