«ԼՂ բնակչության ռեգիստր» չի եղել, արցախցիները հաշվառված են ՀՀ բնակչության ռեգիստրում. փաստաբան

Արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանը, «ՀՀ քաղաքացուց՝ փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» խորագիրը կրող պանելային քննարկման ժամանակ համոզմունք հայտնեց, որ արցախցիները նախկինում որևէ խնդրի չէին բախվել Հայաստանում, քանի դեռ գործող կառավարությունը չէր հրապարակել որոշումը, որով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները չեն համարվում ՀՀ քաղաքացիներ:

«Մենք հանդիսացել ու հանդիսանում ենք ՀՀ քաղաքացիներ: Կառավարության ընդունած որոշումներն անհիմն են, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել: Իսկ այժմ առաջացած խնդիրները մասնավորապես կապված են կենսաթոշակների, զինվորական թոշակների, նպաստների, ինչպես նաև հանրային ծառայությունների, աշխատանքի ընդունվելու ու նմանատիպ այլ հարցերի հետ»,- մասնավորեցրեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է ՀՀ գործող Կառավարության ներմուծած նոր տերմինաբանությանը՝ փաստաբանը համոզմունք հայտնեց, որ այդ տերմիններով նպատակ կա արհեստական խոչընդոտներ ստեղծել արցախցիների համար՝ իրենց իրավունքներն իրացնելու գործում:

«Կառավարության կողմից նշվում է «ԼՂ բնակչության ռեգիստր» ձևակերպումը: Ուզում եմ ասել, որ Արցախում բնակչության ռեգիստր չի վարվել: Արցախի բնակչությունը հաշվառված է եղել ՀՀ բնակչության ռեգիստրում, ինչի վկայությունն է նաև այն, որ բոլորս մեր անձնագրերը ստանում էինք հենց ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունից»,- փաստեց Գագիկ Թավադյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս