Մեր ռեսուրսների մեծ մասը, որ պիտի օգտագործվեր ՀՀ ստեղծելու վրա, դրել ենք ԼՂՀ ստեղծելու վրա, ինչն անհնար էր. Փաշինյան

Մենք՝ բոլորս, ինձնից սկսած, նախորդներից վերջացրած, Հայաստանի ռեսուրսների 70-80 տոկոսը կամ հիմա տոկոսային, մաթեմատիկական հաշվարկի մեջ չդնենք, առյուծի բաժինը դրվել է Լեռնային Ղարաբաղի հարցի վրա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց  Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանն արտաքին քաղաքականություն չի ունեցել, ունեցել է Լեռնային Ղարաբաղի քաղաքականություն, Հայաստանն անվտանգության օրակարգ չի ունեցել, ունեցել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության օրակարգ, և այլն և այդպես շարունակ: Հասկանո՞ւմ եք ինչ նկատի ունեմ, հո մեզ չե՞ն ասել պետականությունը թող չկայանա, ստեղծվել է իրավիճակ, երբ մեր երկրի ռեսուրսների մեծ մասը, որ պիտի օգտագործվեր պետության ստեղծման վրա, Հայաստան ստեղծելու վրա, դրել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու վրա: Մի բան հաշվի չենք առել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումն Անվտանգության խորհրդի ՄԱԿ-ի 1993 թվականի բանաձևերով, Լիսաբոնի գագաթնաժողով, նորից կարող եմ թվարկել, ուղղակի կարճ եմ ասում, 1999 թվականի Ստամբուլյան գագաթնաժողովի արդյունքներով, Մադրիդյան սկզբունքներով, 2016թ. բանակցային փաթեթներով, անհնար է: Հասկանո՞ւմ եք, մենք դրել ենք խնդիր, մեր ռեսուրսը ծախսել ենք մի խնդրի լուծման վրա, որի լուծումն, ի սկզբանե, ողջ միջազգային հանրությունը կանխարգելել է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ խոսքը մարդկանց մասին է, որոնք ԼՂ-ում դարերով ապրել են, Փաշինյանն արձագանքեց. «Մեր քաղաքականությունը հետևյալն է, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները պետք է պաշտպանվեն: Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ մենք ասում ենք, եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրատեսորեն Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք կամ հնարավորություն չունենա, կամ ցանկություն, մեր քաղաքականությունն է, որ նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում, ապրեն, ստեղծագործեն և արարեն Հայաստանի Հանրապետությունում:

Ընդ որում, որպեսզի հիմա նորից չստացվի, որ նախորդ շրջանի իմ իսկ թվարկած սխալները կրկնում եմ, հիմա շատ պարզ է դաշտը, բաց է, Ադրբեջանն ի՞նչ է ասում, ասում է՝ ուզո՞ւմ եք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձ, իրավունքներ, անվտանգություն և այլն, խնդիր չկա, եկեք Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած ադրբեջանցիների իրավունքներն էլ արձանագրենք խաղաղության պայմանագրում:

Իհարկե, մենք դրան կարող ենք ասել Նախիջևանի հայերի վերադարձի իրավունքը, Բաքվի հայերի վերադարձի իրավունքը, Սումգայիթի հայերի վերադարձի իրավունքը, Կիրովաբադի հայերի վերադարձի իրավունքը, նորից շատ տեղերից հայերի վերադարձի իրավունք, բայց այստեղ թեման հետևյալի մեջ է, մենք ի՞նչ տրամաբանության ենք գնում, մենք հիմա ռեսուրսներ ենք հավաքում գնալու նոր բախմա՞ն, թե՞ մենք ռեսուրսներ ենք հավաքում խաղաղության գնալու համար և այդ ռեսուրսներն օգտագործելու Հայաստանում պետություն կայացնելու վրա: Իմ կարծիքով` ճիշտ ճանապարհն այս է: Եվ այն, ինչ ես չեմ կարողացել ասել 2018, 2019, 2020, նույնիսկ 2021 թվին, ասում եմ հիմա»:

Տեսանյութեր

Լրահոս