2019-ին արդեն իմաստուն քաղաքական գործչի արձանագրումը պետք է լիներ, որ 7 տարածքները պետք է հանձնել, ԼՂ ընթացիկ կարգավիճակը զրոյացնել․ Փաշինյան
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո և նույնիսկ դրանից առաջ մեզ մեղադրում էին վաճառելու հանձնելու համար, այսինքն՝ ջանքեր չենք գործադրել, որպեսզի պաշտպանենք Հայաստան կամ ԼՂ-ի իրավունքը։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իրեն հասցեագրված մեղադրանքներին։
«Այդ համատեքստում էր մեղադրանքը։ Եթե օբյեկտիվ կամ օբյեկտիվության հետ սահմանակցող մեղադրանքը լիներ, այն պետք է լիներ այլ բանի մասին, որ մինչև այդ կետը մենք ժողովրդի հետ չենք խոսել, կոպիտ ասած, ԼՂ-ի հարցում մեր պատկերացումների և մեր ցանկությունների իրականցման անհնարինության մասին։ Այսինքն՝ մեզ մեղադրում են մի բանում, որում մենք իրականում մեղավոր չենք, չեն մեղադրում մի բանում, որում մենք կարող ենք մեղավոր լինել, կամ հավանական է, որ մեղավորությունը կհիմնավորվի», – նշեց Փաշինյանը՝ շեշտելով, որ միևնույն ժամանակ պատճառ կա, թե ինչու չեն մեղադրում, որովհետև այս պարագայում մեղադրանք ավելի կլղոզվի՝ շատ ավելի մեծ շրջանակների հասցեատեր դարձնելով։
Դիտարկմանը, որ ստացվում է՝ իրենք եկել են իշխանության ու տիրապետելով իրավիճաին՝ հասկացել, որ պատկերացումներն ու իրականությունն իրար հետ աղերս չունեն, ինչի մասին չեն բարձրաձայնել, Փաշինյանը պատասխանեց, որ դա մի օրում տեղի ունեցած իրադարձություն չէ։
«Այդ արձանագրումն անելը որոշակի գործընթաց է և պետք է արձանագրել, որ այդ գործընթացը քաղաքական է, գիտակցական, ենթգիտ, էմոցիոնալ է, աշխարքաղաքական է, տարածաշրջանային է և այդպես շարունակ։ Այնպես չէ, որ եկանք ու այդ արձանագրումն արեցինք։ Բայց մեծ հաշվով կարող ենք նաև այդպես անել», – ասաց Փաշինյանն ու նշեց, որ հարց է ծագում, թե ինչու չի արվել այդ ամենը։
Ըստ Փաշինյանի՝ այդ ամենը չի արվել, քանի որ ցանկացած իշխանություն, խոսելով այդ անհնարինության մասին, պետք է անի նաև առաջարկ։
«Կառավարության ու առաջնորդի պարտականությունն է լուծում առաջարկել։ Հիմա ի՞նչ ենք անում․ Ա․ վերադարձնում ենք տարածքները, Բ․ ԼՂ-ի ընթացիկ կարգավիճակը զրոյացնում ենք, Գ․ ԼՂ-ի ապագա կարգավիճակի վերաբերյան ոչ մի որոշակիություն չկա, ավելին՝ որոշակի է այն, ինչ նախկինում ընդունվել է միջազգային ատյաններում։ Այդպիսի բան կա չէ՝ իմաստուն քաղաքական գործիչ։ եթե ելնենք իմաստուն քաղաքական գործչի տեսանկյունից, ապա 2019 թվականին արդեն իմաստուն քաղաքական գործչի արձանագրումը տեսականորեն պետք է լիներ դա, որ 7 շրջանները պետք է հանձնել, ԼՂ կարգավիճակը զրոյացվի, իսկ ԼՂ-ում պետք է հաստատվի հայ-ադրբեջանական համատեղ կառավարում և ԼՂ-ի կարգավիճակի հարցի որոշակիացում չի լինելու այնքան ժամանակ, մինչև ադրբեջանցիները ԼՂ-ում լինեն մեծամասնություն», – հավելեց նա։
Նրա խոսքով՝ իմաստուն քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել այդ ամենը և դրանից հետո միայն գործել։
«Նույնիսկ այս չորս արձանագրումից հետո գալու էր հինգերորդ հարցը՝ այս ամենից հետո ինչ է լինելու։ Օրինակ Սև լճի իրադարձությունները լինելու են, թե չեն լինելու, Սոթք-Խոզնավարի իրադարձությունները լինելու են, թե չեն լինելու, Տեղի իրադարձությունները լինելու են, թե չեն լինելու։ Ես ուզում եմ, որ մենք խնդրի խորությունն այս աստիճանի ընկալենք, և երկրորդը, ըստ էության, առերեսվել 30 տարվա հայկական խոսույթը փլուզելու անհրաժեշտութան առաջ։ Եվ այդպես էլ չունենալով հարցի պատասխանը՝ այն ինչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ, որովհետև կառավարությունը կամ իշխանույունը կանխավարկածով դավաճանեց, փլուզեց հայկական խոսույթը և քայլեր չձեռնարկեց՝ պաշտպանելու համար այն տեսլականը, որը գոյություն ունի, թե ընդհակառակը՝ պետք է այդպես ստացվեր, դրա համար այդպես ստացվեց։ Երբ ես ԱԺ-ում ասացի, որ կունենայինք նույնը, բայց առանց զոհերի, այդպես էլ չհասկացա, թե ինչու աղմուկ բարձրացավ դրա վերաբերյալ, որովհետև ես սա նկատի ունեի», – նշեց նա։