Ալիևն իր փախստականներով փորձում է ազդել Հայաստանի ներքին գործընթացների վրա. Հայկ Խալաթյան
Եվրամիության անդամ չհանդիսացող 11 պետություն, այդ թվում՝ Հայաստանն և Ադրբեջանը, միացել են, այսպես կոչված, Մագնիտսկու եվրոպական ցուցակը հերթական՝ մեկ տարով երկարաձգելու մասին ԵՄ Խորհրդի որոշմանը։ Այդ որոշումը Բրյուսելը սահմանել է «մարդու իրավունքների լուրջ խախտումների» մեղադրանքով։
«Դեկտեմբերի 4-ին ԵՄ խորհուրդը երկարաձգեց գործող արգելքի միջոցառումները ևս 12 ամսով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը, և հստակեցրեց սահմանափակումների ենթակա անձանց ու կազմակերպությունների ցանկը։ ԵՄ խորհրդի այս որոշմանը միացել են թեկնածու երկրներ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան, Բոսնիա և Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական ազատ առևտրի գոտու անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան: Փաստաթղթին միացել են նաև Հայաստանն ու Ադրբեջանը»,- նշված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը, խոսելով Հայաստանի իշխանությունների կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո հերթական հակառուսական այս քայլի մասին, շեշտեց.
«Այն, որ Հայաստանը ևս միանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող այդ ցուցակի երկարաձգման մասին որոշմանը, հայ-ռուսական հարաբերությունների վրա բացասաբար է անդրադառնալու։ Իհա՛րկե, Ադրբեջանի՝ այդ ցուցակին միանալը ևս Ռուսաստանում կառաջացնի դժգոհություն, պարզապես տարբերությունն այն է, որ Ադրբեջանը Ռուսաստանի օգնության կարիքը չունի, ինչը ունի Հայաստանը։ Միայն, եթե տնտեսությանը նայենք, Ադրբեջանի արտահանումների մեծ մասն անգամ Ռուսաստանի տարածքով չի էլ անցնում, իսկ Հայաստանի տնտեսական շուկան հիմնականում Ռուսաստանն է»,- ասաց Խալաթյանը։
Շարունակելով հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում Հայաստանի իշխանության կատարած քայլերի հետևանքների շուրջ քննարկումը, Խալաթյանը հիշեցրեց՝ ռուսական կողմը նայում է հայկական կողմի հայտարարություններին, և հնչում են դրանց համահունչ արձագանքներ. օրինակ, երբ Զախարովան խոսում է այն մասին, թե հայկական զորք է տեղափոխվել Լաչինի միջանցքով Արցախ, ապա դա պետք է համարել Փաշինյանին տրված պատասխանը՝ ՀԱՊԿ, ԵՏՄ և այլ նիստերը դեմարշի ենթարկելուն։
«Զախարովայի ասածները պատասխանն են Հայաստանի իշխանության նաև այն քաղաքականությանը, ըստ որի, հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպումներն ընդունելի են Հայաստանի համար։ Մոսկվայից մեզ ասում են, դե, եթե ձեզ համար ընդունելի է այն, ինչ ասում է Ադրբեջանը՝ երկկողմ խողովակով բանակցություններ և այլն, եթե Հայաստանն անտեսում է Ռուսաստանի դիրքորոշումներն այս կամ այն հարցում, ապա Ռուսաստանն էլ կգործի՝ ըստ իր առաջնահերթությունների։ Ռուսաստանի պատկերացմամբ՝ այն, ինչ կատարվում է հիմա, մի դարպասով խաղ է, որտեղ տուժողը Հայաստանն է լինելու։ Մոսկվան ասում է՝ եթե Հայաստանի համար դաս չեղավ Արցախը, ապա եկեք շարունակենք, տեսնենք՝ ո՞վ է տուժելու»,- ասաց Խալաթյանը՝ շեշտելով, որ բոլոր դեպքերում Ռուսաստանում մտածում են՝ եթե Հայաստանը պատրաստ է գնալ խաղաղության ցանկացած զիջումների և ստորացման գնով, ապա դա իրենց համար ընդունելի է, ավելին՝ իրենք էլ լեզու կգտնեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, մեկ է՝ ամեն ինչի գինը պատրաստ է վճարել ստորացման գնացող Հայաստանը։
Ըստ Խալաթյանի՝ հենց այս որակի հարաբերություններ են հիմա, իսկ խնդիրը բարդանում է, հատկապես, որ կա Հայաստանի շահը չսպասարկող իշխանություն, որը գործարքի է գնում Ադրբեջանի իշխանության հետ, որը Արցախն օկուպացնելուց հետո օկուպացրել է տարածքներ նաև Հայաստանից և ձգտում է միջամտել նաև Հայաստանի ներքին գործերին։
«Ալիևն իր փախստականների վերադարձը պահանջելով՝ փորձում է ազդել նաև Հայաստանի ներքին գործընթացների վրա»,- ասաց Խալաթյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում