Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահի որակներին չի համապատասխանում. հուսով եմ՝ Արասն ուշ թե շուտ կլինի ՀՖՖ նախագահ. Վարդան Մինասյան
«Երբ աշխատում ես խմբի հետ, մթնոլորտն առաջին տեղում է: Եվրո 2012-ին ու դրան հաջորդած շրջանում հավաքականի շուրջ մթնոլորտը՝ երկրպագուներ, ղեկավարներ, տարբեր ֆուտբոլային մասնագետներ, այնպիսին էր, որ բոլորը միևնույն բանն էին ուզում. միասնություն կար: Այդ հավաքականի հիմնական ուժը դա էր: Իհարկե, կային լավ ու որակյալ ֆուտբոլիստներ, ու դա այն դեպքն էր, երբ կարող ենք ասել՝ բոլորը ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին էին հավաքվել, բայց հենց այդ մթնոլորտի ու միասնության շնորհիվ ունեցանք այդ շրջանը: Մարզչի գործոնը կարևոր է, բայց միայն մարզչով ոչինչ չէր ստացվելու»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Արարատ-Արմենիա» ՖԱ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Վերջինս նշեց՝ նախկինում իր էմոցիաները կապված էին կոնկրետ ֆուտբոլային խաղի հետ, իսկ հիմա՝ մեր երկրի ընդհանուր իրավիճակի հետ:
«Շատ կապված եմ եղել Արցախի հետ: Երկու տարի, երբ իմ տղան ծառայում էր Արցախում, շատ հաճախ էի գնում այնտեղ, ամիսը մեկ անգամ: Ինձ համար շատ դժվար է խոսել Արցախի կորստի թեմայով: Ինձ համար սա ողբերգություն է»,- ասաց Վարդան Մինասյանը:
Խոսելով ֆուտբոլի ներկայիս ազգային հավաքականի կազմի մասին՝ նախկին գլխավոր մարզիչը նկատեց՝ այսօրվա ազգային հավաքականը համեմատում է իր գլխավորած հավաքականի հետ:
«Սա այն թիմն է, ում առաջ կարող ես խնդիր դնել ու լուծել: Բայց կա մի տարբերություն: Այն ժամանակ 80%-ը հայկական ֆուտբոլային դպրոցի սաներ էին, հիմա լրիվ հակառակն է: Այդ աշխատանքը սկսվել էր դեռ այն ժամանակվանից, երբ Ռուբեն Հայրապետյանը «Փյունիկն» էր գլխավորում: Ու նա փոխեց ակումբի փիլիսոփայությունը՝ ասելով, որ թիմում կարող են լինել 1-2 լեգիոներներ»,- ասաց Վարդան Մինասյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին՝ ինչո՞ւ հայկական ֆուտբոլի այս վերջին տարիների տոտալ ձախողման առնչությամբ երկրպագուները բողոքի ձայն չեն բարձրացնում, նույն այն երկրպագուները, ովքեր յուրաքանչյուր անգամ հավաքականի անհաջող խաղից հետո պաստառներով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ու իր հրաժարականն էին պահանջում, Վարդան Մինասյանը պատասխանեց՝ այն, որ հավաքականում խաղացող ֆուտբոլիստների 80%-ը դրսից է, արդեն չափանիշ է, թե ինչ աշխատանք են կատարել ՀՖՖ ղեկավարները:
«Արդյունքը երևում է լուսատախտակի համար: Տեսեք՝ ինչ հաշիվներով են պարտվում մեր տարիքային հավաքականները: 17-19-21 տարեկանների հավաքականները երկու ֆունկցիա ունեն՝ արդյունք և ազգային հավաքականին ֆուտբոլիստների մատակարարում: Ուսումնասիրեք թվերը, ու կստանաք ձեր հարցերի պատասխանները: Թե ինչո՞ւ չեն խոսում երկրպագուները, ինձ համար այդ հարցի պատասխանն ակնհայտ է: Չեն խոսում, որովհետև իրենք նույն մարմինն են: Նախկինում ոչ-ոքի էլ էինք խաղում, բողոքում էին»,- ասաց հավաքականի նախկին գլխավոր մարզիչը:
Վարդան Մինասյանը պատասխանեց նաև այն հարցին, թե ինչո՞ւ է աջակցում ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսին:
«Ես նրան ճանաչում եմ: Ես նույնիսկ ֆուտբոլի մասին չեմ խոսում, այլ նրա մարդ տեսակի: Արասն այն եզակիներից է, ով ոչ թե հեռացավ հայրենիքից, այլ եկավ հայրենիք: Ինքը շատ հայրենասեր է: Նա իր ընտանիքը հավաքել, եկել է, որ իր երեխաները մեծանան հայ իրականության մեջ: Ինչ վերաբերում է նրա ֆուտբոլային գիտելիքներին ու ծրագրերին, ևս մեկ մեծ պլյուս է այն, որ նա մեծացել է եվրոպական ֆուտբոլային միջավայրում, գիտի բոլոր ժամանակակից տենդենցները: Ես այն տարիքում չեմ, որ հավատամ՝ ինքը կընտրվի ՀՖՖ նախագահ, բայց ես կաջակցեմ նրան, որքան կարող եմ: Հուսով եմ՝ Արասն ուշ թե շուտ կլինի ՀՖՖ նախագահ»,- ասաց Վարդան Մինասյանը:
Նրա խոսքով՝ ՀՖՖ գործառույթներն են մանկապատանեկան և սիրողական ֆուտբոլի, ենթակառուցվածքների զարգացում, մարզչական ատեստավորում, մրցավարական կազմ ու հավաքականներ:
«Ֆեդերացիայի նախագահն առաջին հերթին ոլորտին ներսից պետք է տեղյակ լինի, ներսից իմանա ֆուտբոլը, պետք է լինի կոմպետենտ ու անպայման լինի հետևողական, պահանջկոտ, շատ հարցերում՝ խիստ և պրոֆեսիոնալ: Եվ Ֆեդերացիայի նախագահի ամենակարևոր որակն այն է, որ որոշումներ կայացնի: Եթե կարճ ասեմ, Արմեն Մելիքբեկյանը չի համապատասխանում նախագահի չափանիշներին: Ես իրեն էլ, իր տեղակալին էլ լավ եմ ճանաչում: Ինքն այս որակներին չի համապատասխանում, որ լինի ՀՖՖ նախագահ: Ավելին ասեմ, կան կարևոր հարցեր, որ Ֆեդերացիայում նրա վերահսկողության տակ չեն: Նրա վերահսկողության տակ են, ով ուզում է, որ Մելիքբեկյանը Ֆեդերացիայում լինի: Դու պետք է ուժեղ մարդ լինես, ունենաս խարիզմա: Ոչ ոք Ռուբեն Հայրապետյանին չէր կարող ասել՝ նա ինչ որոշում կայացնի»,– ասաց Վարդան Մինասյանը:
Հիշեցնենք՝ Արմեն Մելիքբեկյանը 2010 թվականին համահիմնադրել է «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպությունը, որի կողմից էլ գործարկվող Epress.am կայքում մինչև 2018-ն աշխատել է՝ որպես լրագրող և խմբագիր: Մելիքբեկյանի ղեկավարած կայքը մշտապես խանդավառությամբ է լուսաբանել Հայաստանում ադրբեջանցի գերիների հետ կապված ամեն ինչ, սևացրել հայոց բանակը, իր ռեպորտաժներում Արցախի դատարանին անվանել է «Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այսպես կոչված դատարան», «1000 դրամների» օրենքի ընդունման ժամանակ ակտիվ հակաքարոզ է տարել՝ հրապարակելով «Բանակն ազգի սարսափն է. ոչ 1000 դրամների օրենքին» վերտառությամբ հոդված: Դրական քողի ներքո է ներկայացրել ադրբեջանցի դիվերսանտներին, անհանգստացել նրանց «խախտվող իրավունքներով»: Կայքն, օրինակ, առանձնահատուկ ջանասիրությամբ է լուսաբանել Քարվաճառում մի քանի հայ մարդու սպանած Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասքերովին:
Կայքը նաև հիմա է պրոադրբեջանական նյութեր ու քարոզչություն տարածում:
Նախորդ տարվա մայիսի 8-ին՝ մայիսի 9-ի Եռատոնին ընդառաջ, որից այս իշխանությունների թեթև ձեռքով մնաց նշելու միայն Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահին պատկանող epress.am կայքում հրապարակվեց «Խաղաղություն՝ առանց բայցերի» վերտառությամբ հայտարարության տեքստ, որը ստորագրել էին շուրջ ութ տասնյակ անձինք՝ քաղաքացիներ, արվեստաբան-արվեստագետներ, դերասան, հոգեբան, հոգեթերապևտ, ճարտարապետ, լրագրող դիզայներ, իրավաբան, ուսուցիչ, բանասեր, գիտաշխատող, իրավապաշտպան, հետազոտող ներկայացող անձինք:
Հայտարարությունը, ի դեպ, լայն տարածում գտավ, երբ այն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սորոսական թևի կարկառուն ներկայացուցիչ, թուրքերի ու ադրբեջանցիների հետ «բարեկամության» անխոնջ ջատագով Մարիա Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: