ԱՄՆ-ը ձգտում է, որպեսզի Թուրքիան դառնա Հարավային Կովկասում բոլոր գործընթացները համակարգող երկիր․ ռուս թուրքագետ

Չնայած Թուրքիան շարունակում է Հայաստան-Ադրբեջան բանակցություններում աջակցել Ադրբեջանին և միակողմանի քաղաքականություն վարել, Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի իբրև թե արդյունավետ դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին նախօրեին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Այս թեման ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի բոլոր քննարկումների մասն է: Մենք ողջունում ենք Թուրքիայի արդյունավետ դերն այս հակամարտության կարգավորման հարցում: Մենք համաձայն ենք Ֆիդանի այն խոսքերի հետ, որ խաղաղությունը հնարավոր է: Միացյալ Նահանգները սատարում է երկու կողմերի ուղիղ բանակցություններին՝ խաղաղության հասնելու համար»,- ասել է Միլլերը:

Ադրբեջանում գտնվող Հաքան Ֆիդանն ասել էր, որ հաջորդ շրջանը պետք է դառնա Հարավային Կովկասում կայունության սկիզբը։ «Հետագա ճանապարհը պետք է խաղաղ շարունակվի: Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կբարելավվեն այն բանից հետո, երբ կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները: Մենք աջակցում ենք կարգավորմանն ուղղված քննարկումներին և պատրաստ ենք կատարել մեզ հանձնարարված ցանկացած խնդիր»,- ասել էր Ֆիդանը։

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հայտարարել էր, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացման հարցում որոշում կկայացնի Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունների արդյունքներով, այսինքն՝ շարունակելով հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքներով։ Նա մասնավորապես ասել էր, թե հիմա Հարավային Կովկասում խաղաղության և զարգացման ժամանակն է։ «Անկարան միշտ աջակցել է երկու երկրի միջև խաղաղության բանակցություններին։ Մենք, ավելի քան երբևէ, մոտ ենք տարածաշրջանում խաղաղությանը։ Եթե Ադրբեջանը և Հայաստանը կարգավորեն իրենց հարաբերությունները, ապա Թուրքիան կկարգավորի իր հարաբերությունները Երևանի հետ»,- ասել էր Ֆիդանը։

Կարդացեք նաև

Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ զարմանալի չէ ո՛չ ԱՄՆ Պետքարտուղարության, ո՛չ էլ Թուրքիայի ԱԳ նախարարության դիրքորոշումը։

Իրականում, նրա խոսքով, մինչ ՀՀ-ում որոշում են փոխել արտաքին քաղաքական վեկտորը՝ ՀՀ ազգային անվտանգային շահերը տեսնելով Արևմուտքում, նման խոշոր երկրները, ինչպիսին Թուրքիան և ԱՄՆ-ն են, չեն փոխում իրենց արտաքին քաղաքական սկզբունքները։

«Եթե մեզ ծանոթ տերմինաբանությամբ խոսենք, ապա նաև Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը, Իրանը հետսովետական շրջանում չեն փոխել իրենց արտաքին քաղաքականության ուղենիշները, դրանցում գուցե ժամանակ առ ժամանակ շեշտադրումներ են փոխվել, բայց ռազմավարական նշանակության շահերը չեն փոփոխվել։ Սա լավագույնս ցույց է տալիս, որ որքան էլ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում, պայմանավորված ԱՄՆ վարչակազմերով, պատահում են լարվածության շրջաններ, այնուամենայնիվ ԱՄՆ-ը երբեք չի կարող Թուրքիային դասել Ռուսաստանի և Իրանի շարքում, ԱՄՆ-ը, անկախ խնդիրներից, Թուրքիային դիտարկում է՝ որպես դաշնակից երկիր։

Պարզապես Թուրքիան իր որևէ գործընկեր երկրի նման «անկեղծությամբ» չի վերաբերվում, դա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները սրվում են։ Սակայն ԱՄՆ նպատակը Թուրքիայի և հարավկովկասյան մնացած երկրների՝ ՀՀ-ի, Ադրբեջանի ու Վրաստանի միջոցով Իրանի ու ՌԴ-ի ազդեցությունը չեզոքացնելն է։

Հենց դա է պատճառը, որ չնայած Թուրքիայի ապակառուցողական, սրող դերակատարությանը Ղարաբաղյան հակամարտության գործընթացում և 2020 թվականի պատերազմում, ԱՄՆ-ը այդ դերակատարությունը տեսնում է՝ որպես կառուցողական, իսկ ՌԴ դիրքորոշումն ամեն դեպքում դիտարկվում է ապակառուցողական, Իրանի դեպքում ևս նույն սկզբունքն է գործում։ Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները ևս այդպես են կարծում։

ԱՄՆ-ը ձգտում է Թուրքիայի հետ այնպիսի վստահելի հարաբերությունների, որպեսզի Թուրքիան դառնա իր առանցքային գործընկերը Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, որպեսզի Թուրքիան համակարգի գործընթացները։ Թուրքիան ևս դրան է ձգտում, սակայն միշտ չէ, որ վարվում է այնպես, ինչպես ԱՄՆ-ը կցանկանար, այլ քայլերը բխեցնում է իր շահերից։ Եվ այստեղ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները չափազանց խանգարում են ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ի նպատակն է, որպեսզի Հարավային Կովկասում ազդեցություն ունենա ոչ թե Ռուսաստանը, այլ Թուրքիան, ԱՄՆ-ը ցանկանում է նաև փոխել 2020 թվականի պատերազմից հետո Հարավային Կովկասում Իրանի աճող դերակատարությունը, ցանկանում է այն «ջարդել»»,- նման կարծիք հայտնեց ռուս թուրքագետը։

Նա նաև արձանագրեց, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են փոխել ոչ միայն ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը մի ուղղությամբ, այլ դա դարձնել  համակարգային գործընթաց, որը «ներառել է նաև դիրքորոշումների փոփոխություն Թուրքիայի հարցում»: «Ինչպես տեսնում ենք, Թուրքիան շարունակում է չբացել հայ-թուրքական սահմանը, թեև այն փակ պահելու որևէ պատճառ չունի, իսկ ՀՀ-ն վերջին տարիների ընթացքում Թուրքիայի վերաբերյալ հրաժարվել է իր բոլոր սկզբունքային դիրքորոշումներից, որոնք վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը։ Կարծում եմ՝ ՀՀ-ում սա մտորելու թեմա պետք է լինի, ինչպես են երկրի ներսում տեսնում ՀՀ աշխարհաքաղաքական ապագան, հաշվի առնելով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, հայ ժողովրդի պատմությունը։ Կրկնեմ՝ ոչ ԱՄՆ-ը, ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը չեն փոխել իրենց սկզբունքային շահերը տասնամյակներ շարունակ, սա ի՞նչ է նշանակում»,- նկատեց նա։

Ռուս թուրքագետն արձանագրեց, որ գործընթացներն ԱՄՆ պատկերացումներով չէ, որ զարգանում են, որի ապացույցներից մեկը «3+2» պրոյեկտն է։

Տեսանյութեր

Լրահոս