Փրկիչ kaput
Հայաստանի քաղաքական դաշտի ամենամեծ անոմալիան ներկայիս հանդարտությունն է։ Արցախի կորստից, հայաթափումից հետո ու Հայաստանին սպառնացող անվտանգային մարտահրավերների պայմաններում քաղաքական դաշտն ընդամենը հերթապահ ներկայություն է ապահովում։ Հասարակությունը ամբողջության մեջ ապրում է միանգամայն այլ իրականությունում, որը կտրված է ինչպես իշխանությունից, այնպես էլ ընդդիմությունից։
Այնպես չէ, որ պետության առջև ծառացած գոյաբանական խնդիրները չեն գիտակցվում ընդդիմության կամ հանրության գոնե մի մասի կողմից։ Այդ խնդիրները գիտակցվում են անգամ իշխանության որոշ շրջանակներում։ Բայց գիտակցումը չի հանգեցնում գործողության, և հիմա բոլորը զբաղված են ոչ թե գործողության մասին մտածելով, գործողության ծրագրեր կազմելով, այլ սեփական անգործությունն արդարացնող հիմնավորումներ ներկայացնելով։
Դրանցից ամենատարածվածն այն է, որ հասարակությունը թմբիրից արթնանալու, ապատիայից դուրս գալու համար սպասում է առաջնորդի, որն այս պահին քաղաքական դաշտում օբյեկտիվորեն չկա։ Այդ թեզի մեջ կա ճշմարտության մեծ չափաբաժին։ Այո, հասարակությունը՝ հոգեբանորեն ու ավանդաբար լինելով անհատապաշտ, պետության առջև ծառացած խնդիրների լուծման համար փնտրում է առաջնորդի, որը կարող է դառնալ իշխանության դեմ պայքարի մարմնավորողը։ Սա, պայմանականորեն ասած, հանրության կողմից ներկայացվող քաղաքական պահանջարկն է, որն այս պահին ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն կարողանում բավարարել։
Մյուս կողմից, սակայն, քաղաքականությունը բիզնեսից տարբերվող զբաղմունք է, և դրանում առաջարկի ու պահանջարկի դասական սխեմայով առաջնորդվելը կարող է խիստ բացասական հետևանքներ ունենալ պետության համար, ինչի ականատեսն ենք այսօր։ Քաղաքական համակարգի խնդիրն ու առաքելությունը ոչ միայն, իսկ ավելի հաճախ՝ ոչ թե կուրորեն հանրային պահանջարկի բավարարումն է, այլ այնպիսի առաջարկի գեներացումը, որը ճիշտ հաղորդակցության դեպքում կարող է ձևակերպվել՝ արդեն որպես հանրության քաղաքական պահանջարկ։
Սա առավել քան կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս իրողությունները և մարտահրավերները, որոնք որևէ անհատ, որևէ առաջնորդ չի կարող հաղթահարել։ Քաղաքական համակարգի դերը, հետևաբար, պետք է լինի հանրության հետ այնպիսի աշխատանքը, որը հասարակական պահանջարկն անհատից, անձից կտեղափոխի գաղափարների, համակարգերի, թիմերի, ծրագրերի հարթություն։ Հայաստանի այսօրվա սպառնալիքները կարող են հաղթահարվել միայն համակարգային, թիմային աշխատանքի դեպքում, որի հիմքում ընկած կլինեն ոչ թե որևէ առաջնորդի անհատական որակները, թեկուզև ամենաառաքինի, այլ այնպիսի արժեքային, գաղափարական դրույթներ, որոնք իրացնելով՝ առանձին անհատներ կարող են ստանձնել քաղաքական պայքարի, հետագայում նաև՝ պետության առաջնորդությունը։
Հայաստանն այսօր գահավիժում է, ի թիվս այլ գործոնների, նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ անձնակենտրոն իշխանության պատճառով, երբ ողջ պետական համակարգը ծառայեցվում է մեկ անձի կամակորությանը։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը ունի ոչ այնքան նոր անձի, նոր անձերի, այլ նոր համակարգերի, այնպիսի համակարգերի կարիք, որոնք ոչ թե կծառայեն անհատներին, այլ որոնց կծառայեն անհատները։ Հակառակ դեպքում մի անգամ փողոցում հայտնված անհատին կուրորեն հավատացած հասարակությունը շարունակելու է փրկիչ փնտրել՝ չգիտակցելով, որ իրական փրկությունը կարող է սկսվել այն ժամանակ, երբ կդադարի փրկչի որոնումը։
Հարություն Ավետիսյան