Փաշինյանը ՀԱՊԿ-ի դեմ հայտարարություններով փորձում է Արևմուտքին պարտավորությունների տակ դնել, բերել տարածաշրջան, բայց Արևմուտքը չունի դրա հնարավորությունը և ցանկությունը. Հակոբ Բադալյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը   քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Այսօր մեր երկրում տիրող իրավիճակին բնորոշ է անորոշությունը։ Անորոշ վիճակ է բոլոր հարցերում: Ներքաղաքական միջավայրը համարժեք չէ արտաքին դաշտում առկա իրողություններին, մարտահրավերներին, ինչը պետք է պարտադրեր մրցունակ միջավայր ձևավորել, ինչի համար պետք է աշխատեին ու պայմաններ ստեղծեին պետական մարմիններն ու քաղաքական ուժերը։
  • 2018-ին էլ Ալիևն արտահերթ ընտրություններ անցկացրեց, սա, փաստորեն, նրա մոտ կրկնվող ոճ է, իմ գնահատմամբ՝ ինչպես 2018-ին, այնպես էլ այսօր որոշակի գործոնների թելադրանքով ձեռքերը հոգսերից ազատելու նպատակով է արտահերթ ընտրություններ անցկացնելու։ 2024 թվականը լինելու է առանցքային՝ աշխարհաքաղաքական զարգացումների առումներով։ Եվ սա հարմար պահ է արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, ուստի չեմ կարծում, թե դա պայմանավորված էր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի այցով, մեկ օրում նման որոշումներ չեն կայացնում։ 
  • Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հավանականությունը քիչ է։ Ցանկացած դեպքում հասարակական տրամադրվածությունն առանցքային է, եթե լինի հասարակական մեծ անվստահություն, ապա ուժային կառույցների աշխատանքը, իշխանական լծակները դժվարություններ կունենան։ Արտահերթ ընտրությունների հանրային պահանջարկ չկա։ Իհարկե, մեծամասնությունը կուզենար իշխանության փոփոխություն, բայց միայն այդ ցանկությունը չի նշանակում, որ հնարավոր է գնալ նման քայլերի, պետք է ունենալ հստակ հեռանկար։
  • Մարդիկ հիմա ուզում են հեռանկար, այլընտրանք, ծրագրերի ճանապարհային քարտեզ, առայժմ այդ հեռանկարը տվող քաղաքական ուժ չկա, միայն վատն ասելը, բացասական երևույթների մասին խոսելը բավարար չեն, դրա համար էլ հասարակությունը շահագրգռվածություն չունի։
  • Եթե ՀՀ իշխանությունները գնան արտահերթ ընտրությունների, ապա կա՛մ «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու վերաբերյալ հանրաքվեի, կա՛մ ժամանակ ձգելու պատրվակով կլինի։  
  • Ես համաձայն չեմ, որ իշխանությունները փորձում են փախչել։ Այստեղ նույնիսկ Փաշինյանի կամ նրա ներքին մղումների խնդիրը չի։ Մենք մեզ չխաբենք՝ Հայաստանում արտաքին ազդեցությունը միշտ էլ բարձր է եղել։ Հայաստանում իշխանության գնալ-մնալու հարցը պայմանավորված է լինելու արտաքին միջավայրով, այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակը բոլորին է ձեռնտու: Այսօր Հայաստանում կա 2018-ի ստատուս-քվոն, և ես չեմ տեսնում այն ուժը, որը կարող է և ի վիճակի է այնքան ձայն հավաքել, որ կարողանա իշխանություն  ձևավորել։
  • Հակառուսական ուժերի շրջանակը կարող է արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձայն ստանալ, բայց ոչ մեծամասնություն կազմել։ Այդ դաշտն էլ է խայտաբղետ: Կան ուժեր, որոնք համոզմունքով են այդ դիրքորոշումները կրում, կան նաև տարբեր շրջանակներ, որոնք շահադիտական նպատակներով են այդ դիրքորոշմամբ դրսևորվում։ Հակառուսականության ձևավորման գործում Ռուսաստանը, մեղմ ասած, անմասն չէ։

Կարդացեք նաև

  • Իշխանություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է կամ ներքին տնտեսական, քաղաքական էլիտաների պայմանավորվածություն խաղի կանոնների շուրջ, կամ հասարակական ակտիվ աջակցություն, որը, ըստ էության, այդ բոլոր գործընթացների հիմքում պետք է լինի։

Իջևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «2016թ. օգոստոսից Լեռնային Ղարաբաղի լուծարման գործընթացն անխուսափելի էր դարձել»:

Նախ նա, մեղմ ասած, ճիշտ չի ասում, իսկ եթե նույնիսկ ճիշտ է ասում, և 2016թ.  օգոստոսից Լեռնային Ղարաբաղի լուծարման գործընթացն անխուսափելի էր դարձել, ապա ինչո՞ւ նա պատերազմ հրահրեց և 5000 տղաների տարավ զոհաբերեց, արդյոք դա ինքնախոստովանական ցուցմունք չէ՞ր:

Հակոբ Բադալյանը պատասխանեց.

  • «Իշխանությունների գլխավոր մոտիվը պատասխանատվությունը նախկինների վրա գցելն է»:
  • Փաշինյանի վերջերս արած հայտարարությունը, թե իր սխալն այն է, որ մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը դրա մասին չի ասել, մեղմ ասած, ինքնարդարացում էր։
  • 2018-ից հետո ընդդիմություն դարձած նախկին իշխանություններն անընդհատ հայտարարում էին, թե Փաշինյանը եկել է Ղարաբաղը հանձնելու համար: Խնդիր այն է, որ Փաշինյանը պետք է պատասխանատու վարք դրսևորեր՝ անգամ իշխանությունը կորցնելու հաշվին գնար աղետը կանխելու։
  • Բանակցություններից Մինսկի խմբի դուրսմղումն իր անդամների միջև առկա հարաբերությունների պատճառով էր, դա զուտ Ալիևի մեղքը չէր։ Փաշինյանի հայտարարած զրոյական կետը, կարծում եմ, պայմանավորված էր նաև գերտերությունների միջև առկա ճգնաժամով։ Հայաստանից արտաքին ուժերը պահանջում էին արտաքին և առաջին հերթին՝ ներքին դաշտում քայլեր: 2018 թվականի հեղափոխություն-իշխանափոխությունը դրա հնարավորությունն էր՝ ներքին կյանքում վերափոխվել այնպես, որ  ծանրացող արտաքին դաշտում առավել դիմադրողականություն ունենայինք: Մենք այդ հնարավորությունը բաց ենք թողել:
  • Մենք բաց ենք թողել հնարավորությունը, այս իշխանությունների գործողությունների արդյունքում մենք քանի տարի զբաղված ենք եղել ներքին ռազբորկաներով։
  • Դերակատարները շարունակում են մնալ նույնը, դրա համար չի փոխվում ներքին կյանքը։
  • Հաջողում են այն ժողովուրդները, որոնք կարողանում են եղած հնարավորությունները դարձնել ինստիտուցիոնալ։ Դա չկարողացավ անել Փաշինյանը։
  • Նիկոլ Փաշինյան, դու պարզապես չես կարողանում որոշում կայացնել։

  • «Խաղաղության պայմանագրում» Ադրբեջանի մոտեցումներն ամբողջապես վտանգավոր են, սկսած անկլավներից, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների վերադարձից, բայց կա նաև այլ վտանգավոր բան, դա այն է, որ Ադրբեջանի նախագահը վերջերս տված հարցազրույցում ասաց, որ իրենք երաշխավորություն են ուզում Հայաստանից՝ հետագայում Ադրբեջանից որևէ  պահանջ չունենալու մասին։ Այսինքն՝ հավակնում են Հայաստանի ներքին կյանքում պայմաններ թելադրել։ Այս հայտարարությունները վկայում են, թե ինչպիսի վտանգավորություն է պարունակում  «Խաղաղության պայմանագրի» նախագիծը (որը, ինչպես Ալիևը հայտարարեց, գրվել է Ադրբեջանում,- հեղ.)։ Ադրբեջանը փախստականների՝ Հայաստան վերադարձի հարց դնելու է, անկախ այն հանգամանքից, թե արցախահայության  վերադարձի մասին խոսք կլինի, թե ոչ։ Իհարկե, հայտարարություններից պարզ է դառնում, որ այդ պայմանագրում արցախահայերի իրավունքների հարց առհասարակ չի դրվում: Խորքային առումով նպատակը Հայաստանում հարցը վերջնականապես փակելն է։
  • «Խաղաղության պայմանագիրը» չի կարող իրական խաղաղություն ապահովել: Իրական խաղաղություն կարող է բերել ուժային բալանսը Հարավային Կովկասում։ Հաստատուն խաղաղության երաշխիք փաստացի չկա։
  • Ալիևը պատրաստվում է պատերազմի, բայց պայմանագիրը ստորագրելուց հետո իր նպատակներին կհասնի առանց դրա։ Հարավային Կովկասն ընդամենն օղակի մասն է, իսկ ամբողջ շղթան վառվելու վտանգի մեջ է։ Արևմուտքը մեզ ասում է՝ եթե ուզում եք խաղաղություն, պետք է լեզու գտնեք Ադրբեջանի և Թուրքիայի հետ. մեզ կաջակցեն, բայց ոչ այնքան, որ շոշափելի ճնշում լինի Ադրբեջանի դեմ։
  • Սա Հայաստանի պարտված իշխանությունների թուլության պատճառով է Հայաստանը պարտված կողմ է, և իշխանությունները փորձում են օպերատիվ ռեժիմով ժամանակ շահել առնվազն որոշակիորեն սպառազինվելու համար, փորձում են նաև Ադրբեջանին բախումների համար առիթ չտալ։
  • Հայաստանում այսօր այնպիսի վիճակ է, որ չկա այն ուժը, որ կարող է բանակցողին փոխել։
  • Եթե մենք հայտնվենք թեժ իրավիճակում, դժվար է ասել՝ Փաշինյանը կկարողանա՞ դիմակայել, թե՞ ոչ։ Բայց ես չեմ տեսնում այնպիսի քաղաքական ուժ Հայաստանում, որն իրապես ուզում է գալ իշխանության և պատասխանատվություն վերցնել։ Չեմ տեսնում նաև հասարակության հետ այնպիսի աշխատանք, որից կարելի է ենթադրել, որ այս ուժն ուզում է գալ իշխանության։ 
  • 2018-ին, բացի Հանրապետական կուսակցությունից՝ ՀՀԿ-ից, Հայաստանում գրեթե բոլոր քաղաքական ուժերը կոնսենսուսային աջակցություն են ցուցաբերել այն ժամանակ տեղի ունեցող փոփոխություններին։ Այսօր քաղաքական ուժերի վարքագիծը ցույց է տալիս, որ պատրաստ չեն իշխանություն վերցնելուն։ Այսօր մեր երկրում առկա քաղաքական ուժերը և այն խաղը, որ տարվում է՝ ոչ թե իշխանության գալու, այլ կարծես ընդդիմություն մնալու համար է։ 
  • 2018 թվականին «Մերժիր Սերժին»-ով իշխանությունից հեռացրեցին Սերժ Սարգսյանին, բայց այն ժամանակ ոչ ոք չէր մտածում, թե ինչ է լինելու հետո… Հիմա արդեն այդպես չէ: Հիմա մարդիկ ուզում են հեռանկար, ծրագրերի ճանապարհային քարտեզ, որպեսզի այդ ամենը չկրկնվի… 
  • Առհասարակ իշխանությունը փոխում են՝ իշխանությունից դուրս իշխանություն ձևավորելով, ես այդ գործընթացները հիմա Հայաստանում չեմ տեսնում։ 
  • Հայաստանի ոչ մի նախկին իշխանություն ոչմիթիզական չի եղել:
  • Նիկոլ Փաշինյանը փորձում է Արևմուտքին բերել տարածաշրջան, բայց Արևմուտքը չունի դրա հնարավորությունը և ցանկությունը, հայտարարությունների առումով ամեն ինչ ասվում է, բայց գործնականում որևէ կոնկրետ քայլ չկա։ 
  • Հայաստանը փորձում է ՀԱՊԿ-ի դեմ հայտարարություններով Արևմուտքին պարտավորությունների տակ դնել, Արևմուտքն էլ արձագանքում է զուտ հայտարարություններով։ 
  • Պարզ է, որ Արցախը խանգարում էր Արևմուտքին, և հայաթափվելուց հետո արևմտյան հայտարարությունները թեժացան։ Ռուսաստանը ևս պատրաստ չէ գնալ Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ, խաղը շարունակվում է, բայց դրա ռեսուրսն անվերջ չէ: Դրա համար Ադրբեջանը տեսնելով, որ կարող է դեռ շարունակել, շարունակում է խաղը։
  • Հարավային Կովկասում եթե նույնիսկ Ռուսաստան չլինի (ինչը հնարավոր չէ), ապա որևէ նոր խաղացողը պետք է պայմանավորվի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, միայն այս պարագայում կարող է լինել անվտանգության նոր խաղացող, խոսքը Ֆրանսիայի մասին է։ Ուստի մեր պատկերացրած տրամաբանությամբ չի կարող դա լինել։ Չկա Ռուսաստան, ուրեմն առնվազն պետք է լինի Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի հետ պայմանավորվածություն ունեցող երկիր։ Իշխանություններն իրենց հայտարարություններով մեզ գցում են պատրանքների մեջ՝ ուռճացնելով խնդիրները։ Սա, մեղմ ասած, միամտություն է։
  • Եթե անգամ Արևմուտքն Ադրբեջանին պատժի, սանկցիաներ կիրառի, մենք ենք վնասներ կրելու, միամտություն է մտածել, թե Ադրբեջանը պատժամիջոցներից կվախենա և ագրեսիվ հավակնություններ չի դրսևորի Հայաստանի նկատմամբ։
  • Մենք պետք է կարողանանք գնահատել իրավիճակն այնպես, որ հետո չհայտնվենք պատրանքների թակարդում, որպեսզի հետո կարողանանք խուսափել աղետից:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս