ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է․ Վեդանտ Պատել

Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական բանակցություններում և շարունակում է հավատալ, որ կողմերի միջև խաղաղությունը հնարավոր է։

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով ադրբեջանցի լրագրողի՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում մայիսի 10-11-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների վերաբերյալ հարցին։

«Ես պարզապես կասեմ, որ մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է»,- ասել է Պատելը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել խաղաղության գործընթացին։

Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի։

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մայիսի 10-11-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:

Այցի ընթացքում նախարարներն առանձին և երկկողմ ձևաչափով հանդիպել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։

Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար:

Տեսանյութեր

Լրահոս