Հայաստանի ամենամեծ գործակալական ցանցը

Որևէ երկրում այլ պետության գործակալների, լրտեսների գործունեության մասին հանրային ընկալումները, որպես կանոն, երևակայական են՝ պարուրված դավարդապաշտական տեսարաններով, պատմություններով, առասպելներով։ Շատերը մտածում են, որ այլ պետությանը ծառայելու համար տվյալ երկրի քաղաքացին, պաշտոնյան պարտադիր պետք է կիսամութ սենյակում ինչ-որ գաղտնի փաստաթուղթ ստորագրի, հավատարմության երդում տա փակ աչքերով, կամ որևէ այլ ծեսի մասնակից դառնա։

Դա գործակալների, լրտեսների մասին առավելապես գեղարվեստական պատկերացում է, որը շատ հաճախ կարող է կապ չունենալ այդ հասկացության քաղաքական բովանդակության հետ։

Այլ երկրի կամ երկրների ծառայելու համար ամենևին պարտադիր չէ, որ որևէ պետության պաշտոնյա անցնի դիվային արարողակարգերով կամ դավաճանության մասին հայտարարագիր ներկայացնի։

Հաճախ կարող է պատահել, որ տվյալ պաշտոնյայի, պաշտոնյաների խմբի անձնական շահն ամբողջությամբ համընկնի այլ պետության, պետությունների շահերի հետ, և առաջինները կատարեն վերրջիններին ձեռնտու գործողություններ՝ կա՛մ չիմանալով դրա մասին, կամ շատ լավ իմանալով, բայց իրենց քայլերը հիմնավորելով սեփական շահերն իրացնելու անհրաժեշտությամբ։

Կարդացեք նաև

Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ այստեղ կարող են լինել՝ ինչպես առաջին խմբի՝ երևակայական պատկերին համապատասխանող գործակալներ, այնպես էլ, որն ավելի հավանական է՝ մյուս դասակարգմանը պատկանող պաշտոնյաներ։ Այս՝ առաջին հայացքից տեսական թվացող իրականությունը շատ գործնական դրսևորումներ ունի Հայաստանի նկատմամբ հավաքական Արևմուտքի վերաբերմունքում։

Հայաստանում, հատկապես վերջին շրջանում, տեղի են ունենում ակնհայտ հակաժողովրդավարական գործընթացներ, այնպիսի աղաղակող իրադարձություններ, որոնց համար արևմտյան բոլոր կառույցներն այլ պետություններում պատահելու դեպքում առնվազն դատապարտող, մտահոգիչ, խորը մտահոգիչ, առանձնապես ցավալի, հիմնավորաբար անհանգստացնող հայտարարություններ կընդունեին, իսկ ավելի հաճախ՝ պատժամիջոցներ կսահմանեին։

Բայց Հայաստանի դեպքում, ահա, դրանք ոչ միայն որևէ տեսակի մտահոգություն չեն առաջացնում, այլև հարուցում են անգամ հուզական ոգևորություն և հոգեթով գոհունակություն։

Օրինակ, Սահմանադրական դատարանում իշխանությունն ակնհայտորեն զավթվում է, գործող դատավորները փոխվում են ամնախայտառակ ապօրինի ճանապարհով, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դա ճանաչում է՝ որպես օրենքին ու ժողովրդավարությանը համապատասխանող։

Հայաստանում ճաղերի հետևում են գտնվում առնվազն մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ, դատարանները լցված են սոցցանցերում մարդկանց գրառման համար հարուցված քրեական գործերով, բայց եվրոպական կառույցները ոչ միայն խորը, այլ անգամ հարևանցի մտահոգություն չեն հայտնում դրանց կապակցությամբ՝ ժպտադեմ խրախուսելով «ժողովրդավարության առաջընթացը Հայաստանում»։

Իսկ ԱՄՆ-ը ավելի առաջ է անցնում և դեսպանի շուրթերով խիստ որոշակի պարբերականությամբ Հայաստանին հռչակում է՝ որպես «տարածաշրջանում ժողովրդավարության փարոս»։

Պետք է սպասել, թե առաջիկայում ինչպիսի ոգևորություն են հայտնելու նույն այդ կառույցներն ու երկրները՝ Հայաստանում ՏԻՄ ղեկավարներից իշխանությունը ոստիկանական ճնշումներով խլելու չափազանց «ժողովրդավարական քայլերի» առնչությամբ։

Բոլոր այս երկրներին ու միջազգային կառույցներին իրենց երկդիմի քաղաքականության համար մեղադրելը, իհարկե, անշնորհակալ զբաղմունք է, նրանք կատարում են իրենց գործը՝ սպասարկում են սեփական շահերը։

Գեղագիտորեն, իհարկե, տհաճ է, որ դա անում են «ժողովրդավարության» գաղափարը բռնաբարելով, բայց որևէ միջազգային կոնվենցիայում գրված չէ, որ աշխարհաքաղաքականությունը պետք է համապատասխանի բարձր էսթետիզմի չափանիշներին։ Հայաստանի քաղաքացիների խնդիրը, սակայն, ոչ թե օտարերկրացիների, այլ սեփական իշխանությունների դրդապատճառները պարզելն է։

Այլ կերպ ասած, ՀՀ քաղաքացիները պետք է փորձեն պատասխանել հարցին՝ ինչի՞ դիմաց է հավաքական Արևմուտքը ոչ միայն աչք փակում, այլ նաև խուլ ու համր ձևանում Հայաստանում ժողովրդավարության աղաղակող խախտումների համար՝ այդպիսով մեծագույն ծառայություն մատուցելով ՀՀ իշխանություններին, որոնք ակնհայտորեն պետք է վճարեն դրա դիմաց։

Այս հարցի պատասխանն առնվազն անուղղակիորեն կուրվագծի հնարավոր գործակալների շրջանակը, անուններն ու ազգանունները, զբաղեցրած պաշտոններն ու մորուքների ոճերը։

Մեծ է հավանականությունը, որ այդ շրջանակի անդամների մեծ մասը ոչ միայն ստորագրությամբ գործակալ դարձած լրտես չէ, այլև իրեն համարում է խիստ հայրենասեր՝ վստահ լինելով, որ օրենքի ու ժողովրդավարության դեմ վերադասի հրահանգները կատարում է «հանուն պետության/հայրենիքի»։

Նրանք բոլորը, որ գուցե կազմում են Հայաստանի ամենամեծ գործակալական ցանցը, ըստ ամենայնի, ազդեցության գործակալներ են, եթե անգամ ազդվում են միայն ու բացառապես նրանից, ով մատնողաբար անընդհատ խոսում է «հինգերորդ շարասյան» վերաբերյալ այնպես, ինչպես ժողովրդական ասացվածքում է գողն աղաղակում գողին բռնելու մասին։

 Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031