Տեսողության գող. ինչո՞ւ են մարդու մոտ առաջանում գլաուկոմա, կատարակտ հիվանդությունները, ովքե՞ր պետք է զգուշանան
Գլաուկոման համարվում է կուրության առաջացման երկրորդ պատճառը՝ կատարակտից հետո: Որո՞նք են այս երկու հիվանդությունների նմանություններն ու տարբերությունները, ախտանշաններն ու բուժման տարբերակները. այս ամենի մասին զրուցել ենք ակնաբույժ Նարեկ Միքայելյանի հետ:
– Գլաուկոման մասնագետները համարում են «տեսողության գող»: Ինչո՞ւ է այն ստացել այդ անվանումը:
– Աչքը, չնայած իր փոքր չափերին, հիվանդությունները, որոնք կարող են ախտահարել՝ հարյուրավոր են: Դրանք կարող ենք բաժանել երեք հիմնական խմբի: Առաջինը՝ այն հիվանդություններն են, որոնք չեն ազդում տեսողական ֆունկցիայի վրա. դրանք աչքի հավելյալ օժանդակ ապարատի հիվանդություններն են, կոպերի արցունքատար ուղիների մակերեսային թեթև բորբոքային հիվանդությունները, որոնք բարդացած դեպքերում կարող են բերել տեսողության վատացման:
Երկրորդ և երրորդ խմբին պատկանում են գլաուկոման, կատարակտը, որոնք բերում են տեսողության վատացման: Ինչ վերաբերում է գլաուկոմային, ապա, այո, այն համարում են տեսողության գող այն պատճառով, որ մարդիկ զգում են տեսողության վատացումն արդեն գլաուկոմայի զարգացման վերջին շրջանում: Գլաուկոմայի ժամանակ մենք ունենում ենք տեսանյարդի ապաճ, իսկ տեսանյարդն աչքը ուղեղին կապող այն ուղին է, որն ինֆորմացիան ակնագնդից տեղափոխում է դեպի ուղեղ, իսկ հիվանդության դեպքում սահմանափակվում է տեղափոխումը: Եվ սա ընթանում է տեսադաշտի պերիֆերիկ հատվածի նեղացմամբ: Մարդը գլաուկոմայի սկզբնական շրջանում ունենում է բարձր տեսողություն, բայց նրա տեսադաշտը սկսում է նեղանալ: Շատերը ուշադրություն չեն դարձնում, որովհետև այնքան դանդաղ է ընթանում, իսկ երբ տեսադաշտի նեղացումը հասնում է կենտրոնական հատվածներին, նոր սկսում է տուժել տեսողության սրությունը:
Ցավոք, այս դեպքում արդեն գլաուկոմայի զարգացման 3-րդ կամ 4-րդ փուլն է, ու բուժումն անհնար է:
– Այսինքն, մարդը կարող է 100 տոկոսանոց տեսողություն ունենալ, բայց զարգանա գլաուկոմա, ու ինքն այդ մասին չիմանա՞:
– Այո, մինչև գլաուկոմայի 3-րդ ստադիան կարող է մարդն ունենալ 100 տոկոսանոց տեսողություն, բայց նաև խողովակաձև տեսադաշտեր՝ տեսնի միայն կենտրոնական հատվածը, բայց կողքը կատարվող իրադարձությունները չնկատի: Կարող է կողքով անցնենք՝ չնկատի, բայց ունենա կենտրոնական 100 տոկոսանոց տեսողություն:
– Բացի տեսադաշտի նեղացումից, այլ հուշող ախտանշաններ չկա՞ն:
– Գոյություն ունեն գլաուկոմայի տեսակներ, որոնց ընթացքում առաջանում են այսպիսի ախտաշաններ, օրինակ՝ տեսողությունը մշուշոտվում է կամ օրվա ընթացքում այն փոխվում է նորմալ տեսողությամբ: Սա լինում է ներակնային ճնշման տատանման դեպքում: Լամպին նայելիս նրա շուրջն առաջանում են ծիածանի գույներով օղակներ: Գլաուկոման հիմնականում փոխանցվում է ժառանգաբար, և եթե հարազատների մոտ հայտնաբերվել է, ապա ցանկալի է, որ տվյալ անձը 40 տարեկանից հետո տարին 2 անգամ անցնի ակնաբուժական հետազոտություն՝ ներակնային ճնշման չափման և տեսադաշտի ստուգման համար:
– Ներակնային բարձր ճնշումը կարծես միշտ չէ, որ վկայում է գլաուկոմայի զարգացման մասին:
– Այո: Գլաուկոման միայն չի ենթադրում ներակնային բարձր ճնշում: Լինում է նաև ցածր ճնշման գլաուկոմա, որովհետև կան մարդիկ, որոնց դեպքում ճնշման ստանդարտ թվեր են, բայց կա տեսադաշտի նեղացում: Կիրառվում է հակաճնշումային դեղորայք, իսկ չկարգավորման դեպքում՝ կատարվում է վիրահատություն:
Ներկանային ճնշումը մարդ զգում է, երբ այնքան բարձր է, որ առաջանում է տեսողության խանգարում, ցավեր, սրտխառնոց, փսխում: Այս երևույթները գլաուկոմայի շատ բարդ տեսակների դեպքում են:
Ժամանակին պրոֆիլակտիկ հետազոտություններ չանցնելու դեպքում մարդիկ մեզ դիմում են գրեթե կուրացած վիճակում:
– Հիվանդությանը բնորոշ է նաև չոր աչքի համախտանիշը: Ի՞նչ է այն:
– Չոր աչքի համախտանիշ զարգանում է դեղորայքային երկարատև բուժման ընթացքում. Ունենք հակաճնշումային դեղորայքի երկու խումբ՝ կոնսերվանտներով հագեցած և առանց կոնսերվանտների: Կոնսերվանտներով հագեցած դեղորայքը, բացի այն, որ բերում է ներակնային ճնշման ընկճման, այսինքն՝ հեղուկի արտադրության ընկճման, ազդում է նաև աչքի առաջնային հատվածի վրա՝ առաջացնելով չոր աչքի համախտանիշ: Այս պարագայում անցնում են կոնսերվանտներով քիչ հագեցած դեղորայքային բուժման:
– Գլաուկոմայի զարգացումը կապվում է նաև մի շարք հիվանդությունների հետ՝ սիրտ-անոթային, շաքարային դիաբետ: Նրանք ևս պետք է պարբերաբար ստուգում անցնե՞ն:
– Շաքարային դիաբետի ժամանակ զարգանում է դիաբետիկ ռետինոպաթիան: Բարդացած վիճակում աչքի այն հատվածները, որոնք պետք է մասնակցեին ներակնային հեղուկի ֆիլտրացիոն գործընթացներին, փակվում են նորագոյացած անոթներով, որոնք չեն թողնում, որ ներակնային հեղուկը նորմալ շրջանառություն կատարի, որի ընթացքում զարգանում է երկրորդային գլաուկոմա: Այս առումով գոյություն ունեն դեղորայքային բուժման մեթոդներ:
Ինչ վերաբերում է սիրտ-անոթային հիվանդություններին, ապա ներակնային և զարկերակային ճնշումների միջև անմիջական կապ գոյություն չունի, սակայն այն մարդիկ, որոնց մոտ կա գլաուկոմայի զարգացման գենետիկ նախատրամադրվածություն կամ ունեն ներակնային ճնշման բարձր մակարդակ, զարկերակային ճնշման տատանում, նրանց մոտ արտահայտվում է ներակնային ճնշման տատանում: Էնդոկրին հիվանդները ևս ժամանակ առ ժամանակ պետք է հետազոտվեն ակնաբույժի մոտ, որպեսզի ժամանակին կարողանանք կանխարգելել հնարավոր բարդությունները: Նշեմ, որ ստերոիդների երկարատև կիրառումը ևս բերում է ներակնային ճնշման բարձրացման: Այս դեպքում կարող է զարգանալ նաև կատարակտ:
– Բուժման ի՞նչ եղանակներ կան:
– Գոյություն ունի բուժման մի քանի մեթոդ. սկզբում դեղորայքային բուժում ենք նշանակում, որի հիմնական նպատակը ներակնային հեղուկի արտահոսքի լավացումն է, ներակնային հեղուկի արտադրության ընկճումը: Եթե չենք կարողանում հասնել ցանկալի արդյունքի, անցնում ենք լազերային բուժման մեթոդին՝ փորձելով լրացուցիչ ուղիներ բացել աչքից հեղուկի արտահոսքի համար: Սակայն եթե այս մեթոդը ևս ցանկալի արդյունքը չի տալիս, անցնում ենք վիրահատական մեթոդի: Սակայն այս բոլոր մեթոդները չեն հասցնում իդեալական արդյունքների: Գլաուկոման պրոգրեսիվ զարգացող հիվանդություն է, մենք չենք կարող այն կանխել: Մենք դանդաղեցնում ենք հնարավոր կուրության զարգացման պրոցեսը:
Եթե հիվանդությունը վաղ փուլում է հայտնաբերվում, ապա կարող ենք ավելի երկար տեսողություն պարգևել, հնարավոր է՝ մինչև կյանքի վերջ: Ներկայումս բժշկությունը հնարավորություն չունի գլաուկոմայով առաջացած կուրությունը վերականգնել:
– Կատարակտը ևս հանգեցնում է կուրությա՞ն:
– Կատարակտն աչքի բնական ոսպնյակի պղտորումն է: 40-45 տարեկանից հետո ոսպնյակում սկսվում են այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավորություն չեն տալիս, որպեսզի փոխվի ոսպնյակի կորության տրամագիծը, ընկնում է էլաստիկությունը, առաջանում են պղտորումներ, հնարավորություն չի տալիս, որպեսզի եղջերաթաղանթով, բբով անցնող ճառագայթներն անցնեն իր միջով: Հիվանդության առաջացման հիմնական պատճառը տարիքն է: 50 տարեկանից հետո գրեթե բոլորը տառապում են այդ հիվանդությամբ: Փառք Աստծո, բուժելի է: Պատճառները տարբեր են՝ սիրտ-անոթային, էնդոկրին, մարսողական համակարգի հիվանդություններ, հորմոնալ դեղորայքով երկարատև բուժումը:
Կատարակտը միայն ծերունական հիվանդություն չէ, կարող է նաև բնածին լինել:
Ախտանշաններից է տեսողության մթագնումը. մարդուն թվում է, թե անընդհատ մշուշի մեջ է, օրինակ, եղանակը մշուշոտ է: Պատկերների գունային ընկալումը խախտված է: Բուժման միակ մեթոդը վիրահատությունն է: Պղտոր ոսպնյակը փոխարինվում է արհեստական ոսպնյակով:
Մանրամասները՝ տեսանյութում