Էսօր անվտանգության, ինքնության ճգնաժամի առաջ ենք, կռիվը լինելիության մեջ է. ՀՀԿ հանդիպումը Վանաձորում
ՀՀԿ ԳՄ անդամների հանդիպումները հանրապետության մարզերի համայնքներում բնակիչների հետ շարունակվում են։ Լոռին արդեն 5-րդ մարզն է։ Հանդիպումների նպատակն էլ առաջին հերթին անկեղծ զրույցն է՝ բոլոր անհանգստացնող խնդիրների վերաբերյալ։ Իսկ այդ խնդիրները, Վանաձորի բնակիչների համոզմամբ, կարող են ավելի ահագնանալ դրանց հանդեպ մեծացող անտարբերության հետևանքով։
«Չգիտեմ՝ հանդիպումներից նկատե՞լ եք, թե՞ չէ՝ խորը թմբիր է սկսվել։ Ամենացավալին»,- ասաց Վանաձորում կայացած հանդիպման մասնակիցներից մեկը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանն ի պատասխան վանաձորցիների այս դիտարկմանը՝ պարզաբանեց ու հետն էլ ներկայացրեց քիչ հիշատակվող, բայց կարևոր փաստեր։
«Թմբիրը մի փոքր կվերաձևակերպեի. հասարակությունը հուսահատված է, ապատիայի մեջ է, մտածում է, որ մի բան էլ չի փոխվի: Միևնույն ժամանակ, փորձ է արվում դա խորացնել՝ վախի մթնոլորտ ստեղծելով. Աշոտյան Արմենին, Մալյան Նարեկին, Ասլանյան Մամիկոնին, Խաչատուրովը, փառք Աստծո, արդեն ազատության մեջ է: Այս հանդիպումից հետո, վստահ եմ, որ ձեզ էլ կհարցնեն, թե ում հետ էիք հանդիպել, ինչու: Բայց միևնույն ժամանակ, բոլորը սպասում են ինչ-որ բանի: Բոլորն էլ հասկանում են, որ սրա հետ հնարավոր չէ: Իսկ Հայաստանի բնակչության գրեթե 30 տոկոսը Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Իսկ արդյո՞ք Արցախը կորցրել ենք: Արդյո՞ք հնարավոր է այն վերադարձնել՝ հետաքրքրվեց բնակիչներից մեկը: ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը վստահեցրեց. անհնարին ոչինչ չկա:
«1915 թվականի ցեղասպանությունից հետո որևէ մեկի մտքով չէր անցնում, որ 1918 թվին կարար անկախ Հայաստանի Հանրապետություն լինի: Նույնկերպ, 1992 թվականին սեղմված ու շունչը փչող Արցախում որևէ մեկը չէր մտածում, որ մեկ տարի հետո այնտեղ մարտական գործողություններ էին լինելու: Նաև չէինք պատկերացնում, որ Արցախը կարող է լիովին հայաթափվել: 4000-ից ավելի տարի է՛լ թաթարներ, է՛լ մոնղոլներ, է՛լ ինչ ասես, չկարողացան դա անել, իսկ Նիկոլն արեց դա՝ մենակ»:
Հիմա արդեն սեղանին Հայաստանի՛ լինելիության հարցն է դրված: Բայց Ադրբեջանի վարած քաղաքականությունը, ռազմատենչ գործողությունները, ըստ Զաքարյանի՝ ոչ բոլոր գերտերությունների սրտով են: Այս իրավիճակում, եթե Հայաստանը ճիշտ քաղաքականություն վարի՝ հնարավոր է հասնել բաղձալի արդյունքին:
«Ինչ-որ ժամանակ աչք են փակելու, ինչ-որ ժամանակ փորձելու են տարածաշրջանում ինչ-որ բալանսներ պահել, բայց նաև այդ փոփոխությունները լինելու են այնպես, որ Ադրբեջանի վիճակը վատանա: Դրա համար Հայաստանին պետք է ազգային իշխանություն: Մենք համոզված ենք, որ իշխանությունն անհրաժեշտություն է, որ առողջ ու փորձառու մարդիկ գան ու փոխեն ստեղծված իրավիճակը: Հայաստանի անվտանգային մեծ առանցք կարող է լինել հյուսիս- հարավը, այսինքն, Իրանի ու Ռուսաստանի հետ առանցք կառուցելը»,- ասաց Արտակ Զաքարյանը:
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարարը վստահ է՝ ռուս-ուկրաինական պատերազմից ու մյուս աշխարհաքաղաքական զարգացումներից հետո հնարավոր է լիարժեքորեն վերականգնել Հայաստանի ռազմավարական դիրքերը տարածաշրջանում:
«Դա հնարավոր է անել՝ նաև ուժային գործոնը վերականգնելով: Մեր ԶՈւ-ի 2/3-ը չի մասնակցել Արցախյան 44-օրյա պատերազմին: Մնացած մասն էլ առանց պատշաճ ձևով համալրվելու, իր մաքսիմալ ռեսուրսով, որքան հնարավոր էր՝ կռվել է»,- ներկայացրեց Արտակ Զաքարյանը:
Արցախի հացը փակելու դեպքում Հայաստանի Հանրապետության հարցը լիելու է օդում կախված. համոզված է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը:
«Էդ թվացյալ բանը, թե՝ հես ա խաղաղություն է լինելու, հես ա թուրքերը բերելու են ու էժան պոմիդոր վաճառեն մեզ, էն քաղցր թույնն է, որ հրամցնում են մեր ժողովրդին: Թուրքը հո հիմար չէ՞, որ բերի, Հայաստանի տնտեսությունը զարգացնի, հետո մյուս սերունդը ոտքի կանգնի իրենց դեմ՝ ասի՝ պատերազմում եմ»,- ասաց Զաքարյանը՝ հավելելով՝ եթե թուրքերն իրենց պահանջի համաձայն գան այստեղ, աննկարագրելի, ավելի մեծ խնդիրների ենք բախվելու:
Այսպիսի անվտանգային հնարավոր խնդիրների չբախվելու համար պետք է ազգային համախմբում. ասաց Զաքարյանն ու հավելեց. հիասթափվել պետք չէ, իսկ ներքին թշնամանքը միայն թշնամուն է ձեռնտու:
«Մենք ուրախ կլինեինք, որ իշխանություն կորցնեինք, բայց հայրենիք ու արժանապատվություն ու անվտանգություն չկորցնեինք: Ո՞վ է ասել, որ ՀՀԿ-ն միշտ պետք է իշխաություն լինի, չէ: Ինչ-որ մի ժամանակ հետո պետք է դառնա ընդդիմություն, ուժեղանա, մաքրվի, վերազինվի ու նորից պայքարի իշխանության համար: Բայց այսօր էդ վիճակը չէ, ու պայքարն իշխանության համար չէ, ազգային պայքար է: Կռիվը լինելիության մեջ է»,- ցավով արձանագրեց նա:
Իսկ մինչ այդ՝ առաջին քայլը պետք է լինի իշխանափոխությունը. միաբերան հայտարարեցին վանաձորցիները: Հիմա դրա կարևորությունը շատերն են հասկացել՝ համոզմունք հայտնեց Մամիջանյանը: Իսկ պնդումները, թե իշխանություններին ՀՀԿ-ն է բերել, նա առնվազն անհեթեթ որակեց։
«Մեկը հասկացել է՝ սկսել է ասել՝ դե, գրպանը գցեցին նախկինները: Իսկ այն մարդիկ, ովքեր ասում են, թե ՀՀԿ-ն է բերել սրանց՝ հայհոյանքն ամենահեշտ պատասխանն է, որ կարելի է տալ: Որովհետև դա աբսուրդ է: Եթե մենք ցանկանայինք հանձնել Արցախը, կուսակցությունը չէր առաջադրի նախագահ Սարգսյանին: Կամ, ամենակարևորը. «ինչո՞ւ իրենց տվեցիք իշխանությունը» հարցը. Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից իշխանությունը հանձնել է Կարեն Կարապետյանին: Այդ մասին մի անգամ չէ, որ ասվել է»,- ասաց Մամիջանյանը:
Այդուհանդերձ, ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի, ցանկության դեպքում երբեք ուշ չէ ստեղծված իրավիճակից դուրս գալ՝ այդ նպատակի շուրջ համախմբվելու և ճիշտ դիվանագիտական քաղաքականություն իրականացնելու միջոցով:
«Գնալով ավելի շատ մարդ է հասկանում, որ իրենց խաբել են: Գնալով ավելի շատ մարդ է հասկանում, որ այս ամենը սկսվեց «ես բանակցում եմ իմ սեփական կետից»-ից, հետո դարձավ՝ «եկեք ինքնորոշման մասին չխոսենք», հետո դարձավ՝ «եկեք նշաձող իջեցնենք», հետո դարձավ՝ «արցախահայերի իրավունքներ ու ազատություններ», հետո Արցախը վերացավ: 2021 թվականին, որ չագուչն առել՝ ընկել էր բակերը, ասեր՝ գնում ենք Արցախը հանձնելու, քանի՞ ձայն էր հավաքելու: Այդ չագուչով լարելու էին այդ բնակավայրից: Ինքն իր ոտքով գնացողը չէ, իրեն պետք է հեռացնել: Միայն ստիպված լինելու դեպքում կհեռանա, իսկ դրա համար մեծ հանրային ճնշում է պետք»,- վստահություն հայտնեց Մամիջանյանը:
Իսկ ե՞րբ ու ի՞նչ ձևով, ի վերջո, Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է հեռանա Հայաստանի սուվերեն տարածքից. հետաքրքրվեց վանաձորցիներից մեկը։
«Եթե հետևեք Ադրբեջանի պաշտոնական քարոզչությանը, նրանք խոսում են արդեն «իրենց Կապանի» մասին, «իրենց Գորիսի» մասին, «իրենց Սևանի» մասին, և սա պաշտոնական քարոզչություն է: Մեր Հ1-ն ինչի՞ց է խոսում»: Հանդիպման մասնակիցներն արձագանքեցին՝ «խաղաղությունից ու Նիկոլից»: Զաքարյանը շարունակեց.
«Այսինքն, նրանք դուրս չեն գալու այնքան ժամանակ, քանի դեռ ուժով չենք հանել»:
Իսկ առկա տնտեսական իրավիճակը, ըստ Զաքարյանի, առաջիկայում կարող է ավելի վատթարանալ՝ ներկա իշխանությունների վարած քաղաքականության պատճառով։
«Ռուսներն եկան, տնտեսության համար դարձավ Արևմուտքի ու ՌԴ տրանզիտ, օդից փողն ընկավ, ասում է՝ ես ձեզ համար ասֆալտ եմ արել ու թոշակ եմ բարձրացրել: Հես ա, որ այդ ամենը կտրեն, այդ ժամանակ կհասկանան իրենց արածի հետևանքները»,- ասաց Զաքարյանը:
ՀՀԿ ԳՄ անդամների հանդիպման մասնակիցներին հետաքրքրում էր ևս մեկ կարևոր հարց․ արդյո՞ք հնարավոր է վերականգնել Հայաստանի ռազմական պոտենցիալը։
«Զենքը կարտոշկա չի, որ ամեն մեկին վաճառեն: Նայում են, թե գնորդն ով է, ինչ կարող է անել այդ զենքով, ինչ՝ չէ: 6 մլրդ-ի տեխնիկան տարել-հանձնել է: էսքանից հետո ո՞վ կարող էր հաղթել, այսքանից հետո սրանց զե՞նք կտան»,- հարց հնչեցրեց ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարարը:
Հանդիպման ավարտին ՀՀԿ ԳՄ անդամները վանաձորցիներին ևս մեկ անգամ կոչ արեցին չհուսահատվել։ Պետք է միայն համախմբվել ու միմյանց հետ շփումներն ու նման հանդիպումներն ավելի հաճախ անցկացնել։
Նազելի Ստեփանյան