Չաբահարից դեպի ՀՀ և Սև ծով ուղին կապահովի երկրներին արտաքին վտանգներից. Իրանի դեսպան

«Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը հավատում է, որ հաղորդակցության ուղիները` Հնդկաստանից մինչև Չաբահար նավահանգիստը և դեպի ՀՀ ու Սև ծով, վստահելի ճանապարհ կտրամադրեն դեպի Եվրոպա ապրանքների տեղափոխման համար։

Նրա խոսքով՝ այս ուղու զարգացումը ՀՀ-ին և Իրանին կապահովի արտաքին վտանգներից։

«Մենք հենց այս համատեքստում ընդգծում ենք Հնդկաստանի դերը Չաբահարի նավահանգստի զարգացման համատեքստում ու ողջունում ենք ՀՀ մասնակցությունը»,- ասաց դեսպանը։

Մեհդի Սոբհանին նաև նշեց, որ հավատում է` եթե երկրներն ունենան ավելի շատ հաղորդակցության ուղիներ, ապա կարող են ավելի մեծ նշանակություն ձեռք բերել միջազգային համակարգում։

«Սա նոր ուժի հայեցակարգն է, և ողջում ենք այն նոր քայլերը, որոնք ՀՀ կառավարությունը ձեռնարկել է հանուն խաղաղության և անվտանգության։ Մենք սատարում ենք ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև կայուն ու տևական խաղաղությունը տարածաշրջանում։ Կեցցե ՀՀ-ն, կեցցե Իրանը»,- ասաց Մեհդի Սոբհանին։

Հիշեցնենք, որ Հայաստանն աշխատում է միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ՝ Իրանի և Հնդկաստանի միացմամբ։ Խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ երթուղու մասին է։

Տեսանյութեր

Լրահոս