ԱՄՆ-ում ապրող թուրքերն աջակցում են Իսրայելին
Ամերիկյան «New York Times» օրաթերթի թղթակից Օզլեմ Օզգյութ Յորեքլին պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի Փաթերսոն քաղաքում բնակվող թուրքերի շրջանում հարցում է իրականացրել: Թուրքական մամուլում հարցման արդյունքները որակվել են ուշագրավ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնակիցները հիմնականում արդարացրել են Իսրայելի ռազմական գործողությունները, իսկ Պաղեստինին աջակցող միջոցառումների անցկացումն ԱՄՆ անվանել «շոու»:
«Կարծում եմ, որ այստեղ կազմակերպվող միջոցառումները շոու են: Որովհետև ամբողջ օրը լյուքս մեքենաների մեջ, բարձր երաժշտություն լսելով, զվարճացող պաղեստինցիները երեկոյան միջոցառումներին մասնակցում են այնպես, կարծես իրենք չէին այդպես անողները»,- ասել է ԱՄՆ-ում բնակվող թուրք գործարարը՝ պաղեստինցիներին անվանելով երկերեսանի:
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ում ապրող իսրայելցիներին տեսել է՝ հայրենիքը պաշտպանելու համար երկիրը լքելիս, սակայն Պաղեստինը պաշտպանելու համար ԱՄՆ-ն լքող պաղեստինցիների այդպես էլ չի հանդիպել:
Հիշեցնենք, որ Թուրքիան նախագահի մակարդակով աջակցություն է հայտնել Պաղեստինին, իսկ Իսրայելին մեղադրում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ։