Հայաստանի ատոմային էլեկտրակայանը շատ կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ ոլորտի համար․ Վահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյանը Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի շրջանակներում մասնակցեց «Զրո միջուկային էներգիա» խորագրով քննարկմանը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ նախագահն անդրադարձավ Հայաստանի ատոմային էլեկտրակայանին՝ նշելով, որ ատոմակայանի դերը շատ կարևոր է Հայաստանի էներգետիկ ոլորտի համար։
«Այն ապահովում է Հայաստանի էներգետիկ հզորության 25-30 տոկոսը»,- նշեց Վահագն Խաչատուրյանը:
Նախագահը հիշեց, որ 90-ականների սկզբներին, երբ ինքը Երևանի քաղաքապետն էր, Հայաստանում մարդիկ ապրում էին առանց գազի և էլեկտրաէներգիայի, սակայն մարդկանց կյանքն էապես փոխվել է այն բանից հետո, երբ վերագործարկվել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանը: Նրա խոսքով՝ դա նպաստել է երկրի տնտեսական աճին և մարդկանց կենսակերպի բարելավմանը։
Հիշեցնելով, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գործունեության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը և պլանավորվում է երկարաձգել ևս 10 տարով՝ մինչև 2036 թվականը՝ Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, որ Հայաստանն արդեն մտածում է նոր ատոմակայան կառուցելու մասին․ այդ հարցով քննարկումներ են անցկացվում ԱՄՆ-ի, Կորեայի, Ռուսաստանի մասնագետների հետ՝ հասկանալու համար, թե ինչ հզորության ատոմակայան է ի վերջո կառուցվելու։
Նա չբացառեց, որ կարող է փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու որոշում կայացվել: Հավելեց՝ այդ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովն անցկացվում է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Ավելի քան 70,000 պատվիրակներ են մասնակցում COP28-ին, ներառյալ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) անդամ երկրները: Մասնակիցների թվում են նաև բիզնեսի առաջնորդներ, կլիմայագետներ, լրագրողներ և տարբեր այլ փորձագետներ և շահագրգիռ կողմեր:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսները տեղի են ունենում ամեն տարի`հանդիսանալով կլիմայի փոփոխության վերաբերյալ որոշումների կայացման միակ բազմակողմ ֆորումն աշխարհում՝ աշխարհի բոլոր երկրների գրեթե ամբողջական անդամակցությամբ: Ֆորումների ժամանակ աշխարհը համախմբվում է՝ համաձայնեցնելու կլիմայական ճգնաժամը լուծելու ուղիները, ինչպիսիք են գլոբալ ջերմաստիճանի բարձրացման սահմանափակումը մինչև 1․5 աստիճան ցելսիուս, օգնել խոցելի խմբերին հարմարվել կլիմայի փոփոխության հետևանքներին և մինչև 2050 թվականը հասնել արտանետումների զրոյական մակարդակի։