Փաշինյանը չկա, արևմտամետների այդ խուրձն ի՞նչ է անելու, չէ՞ որ Ռուսաստանն ահավոր կացնային ձևով է վերադառնալու. Աբրահամ Գասպարյան

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին։ Իր ելույթում Միրզոյանը նախ անդրադարձել է Արցախում Ադրբեջանի գործած ոճրագործությանը՝ շեշտելով, որ միջազգային հանրության լուռ համաձայնությամբ է Ադրբեջանը հասել իր վաղեմի նպատակին՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը՝ առանց հայ բնակչության, ապա հավելել է.

«Դա իրականացնելուց հետո էլ ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը»։

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի և ABC media-ի ղեկավար Աբրահամ Գասպարյանը, խոսելով ԵԱՀԿ նախարարական համաժողովին Արարատ Միրզոյանի ելույթի շեշտադրումների մասին, նախ շեշտեց՝ ամբողջ ելույթով Արարատ Միրզոյանը շրջանցեց Արցախի հարցը և խոսեց ընդամենը հետևանքների մասին.

«Մյուս կողմից, կարմիր թելով այս ելույթում անցնում էին նախարարի ապահովագրությանը միտված տողերը, նախարարի ամբողջ ելույթի նպատակը հետևյալն էր՝ վաղն ինձ հանկարծ չմեղադրեք դավաճանության համար։ Արարատ Միրզոյանն իր այդ ելույթում փորձում էր ցույց տալ, թե՝ ժողովո՛ւրդ, ասացի մի բան, ինչը արգելված է իմ իշխանության մեջ»,- ասաց Գասպարյանը՝ զուր համարելով Միրզոյանի ասած ցանկացած խոսք, որը հնչեցվում է Արցախը հանձնելուց հետո Արցախի ինքնորոշման իրավունքի, արցախցիների վերադարձի միջազգային բարձրագույն երաշխիքների մասին չբարձրաձայնելու պարագայում։

Կարդացեք նաև

Գասպարյանը քաղաքական կապիկություն համարեց այս իշխանության որդեգրած քաղաքականությունը՝ եթե խոսեն Արցախի մասին, Ալիևին տալու են առիթ Հայաստանի սահմանների վրա հարձակվելու։

«Նույն տրամաբանությամբ՝ վաղն ասելու են՝ հիմա եթե խոսենք Սյունիքի մասին, եթե միջանցք չտրամադրենք, վաղն Ադրբեջանը պատերազմ կհայտարարի»,- ասաց Գասպարյանը՝ շեշտելով՝ Փաշինյանը չի խոսում Սյունիքի մասին, դրա մասին խոսում է Արևմուտքը, բրիտանացի պաշտոնյաները և ծրագրում Միջին Միջանցքի գործարկումը՝ Հայաստանի տարածքների հաշվին։

«Ամերիկացիներն ասում են՝ այդ միջանցքը պետք է տրվի, ուզես թե չուզես, ինչին դեմ է Ռուսաստանը, որն առաջարկում է ճանապարհ և ոչ՝ միջանցք։ Հայաստանը մաս է դառնում այդ միջանցքին՝ առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու։ Դու ոչ մի բան քեզնից չես ներկայացնում, քո փոխարեն արդեն բանակցում են»,- ասաց Գասպարյանը՝ շեշտելով՝ Փաշինյանին ընդամենը մնում է փաթեթավորել այս գործընթացը և կերակրել այդ փաթեթավորմամբ՝ ինչպես Արևմուտքին, այնպես էլ՝ Հայաստանի ժողովրդին, որին տանում է պետականազրկման՝ հանուն սեփական աթոռի պահպանման։

ABC media-ի ղեկավարի մեկնաբանությամբ՝ Փաշինյանի իշխանությունը, իրագործելով իրեն թելադրված ծրագիրը, Ալիևի հետ պայմանավորվածության արդյունքում գցում է իր միակ դաշնակցին՝ առանց հասկանալու, որ Արևմուտքը Հայաստանի համար չի ստեղծելու այն պայմանները, որոնք ստեղծված են, օրինակ, ԵՏՄ-ում։

«Այ խելոք, Հայաստանը 80 տոկոսով կապված ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ՝ իր ենթակառուցվածքներով, ատոմակայանով, եթե դու ֆրանսիական ռադարներ ես բերում, որից, ի դեպ, Հայաստանն արտադրում էր առաջին պատերազմի ժամանակ, ի՞նչ ես անելու դրանցով Հայաստանի տնտեսության հետ։ Արևմուտքը խնդիր է դրել, որ Փաշինյանն իր կապիկություններով պաշտոնապես հասնի նրան, որ Հայաստանն իր կապերը կտրի Ռուսաստանի հետ՝ դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, խզի հայ-ռուսական դաշնակցային պայմանագիրը։ Ինչ վերաբերում է Փաշինյանի այդ քաղաքականությունը պաշտպանող Հայաստանի արևմտամետներին, ապա պետք է հասկանալ, լավ, Փաշինյանը չկա, արևմտամետների այդ խուրձն ի՞նչ է անելու, չէ՞ որ Ռուսաստանն ահավոր կացնային ձևով է վերադառնալու այստեղ՝ իր դիրքերն ամրապնդելու համար»,- ասաց Աբրահամ Գասպարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս