Բաժիններ՝

ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում կձևավորվի Լրագրողական գերազանցության կենտրոն

Հայաստանի ամերիկյան համալսարանը և Վաշինգթոնի նահանգային համալսարանը նոյեմբերի 30-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Լրագրողական գերազանցության կենտրոն ստեղծելու և լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր ներդնելու մասին։ Համալսարանական փոխգործակցության այս քառամյա նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կհատկացնի 1․3 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում․ նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել Հայաստանի մեդիա ոլորտի կատարելագործմանը։

ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ամեն տարի ուսման վարձի 90%-ի չափով կրթաթոշակ կտրվի լրագրողական մագիստրատուրայի 9 ուսանողի, ընդ որում՝ որոշ ուսանողներ մրցութային հիմունքներով հնարավորություն կստանան ամառային պրակտիկա անցնել Միացյալ Նահանգներում և կատարելագործել իրենց լրագրողական հմտություններն ԱՄՆ լրատվական կառույցներում ձեռք բերած գործնական փորձի միջոցով։

«Մենք հպարտ ու երախտապարտ ենք, որ ԱՄՆ դեսպանությունը մեզ է շնորհել այս կարևոր դրամաշնորհը, – ասել է ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանը։ – Համալսարանի հիմնադրման օրվանից ԱՄՆ կառավարությունն ԱՄՆ ՄԶԳ Ամերիկյան կրթօջախների ու բուժհաստատությունների (ASHA) ծրագրով տարբեր հարցերում աջակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանին, իսկ սա նոր ձեռքբերում է մեր երկարամյա համագործակցության տիրույթում։

Պատրաստ ենք սիրով աշխատել Վաշինգտոնի համալսարանի մեր գործընկերների հետ` կյանքի կոչելու այս նախագիծը և ի վերջո սկսելու լրագրողների ուսուցման մագիստրոսական ծրագիրը։ Վստահ ենք, որ այս նոր ծրագիրը մեծապես շահեկան կլինի Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի համար»։

Լրագրողական գերազանցության կենտրոնը ծառայելու է որպես լրագրողական կրթության և ոլորտային հետազոտությունների, ուսուցումների, լավագույն փորձի և լավագույն փորձագետների ու քաղաքականություն մշակողների հետ համագործակցության հարթակ, որն ի ցույց կդնի որակյալ լրագրողական աշխատանքի ներուժն ապատեղեկատավությանը հակազդելու ասպարեզում և կօգնի բարելավել մասնագիտական կապերը Հայաստանի լրագրողական էկոհամակարգում։ Կենտրոնը նաև կառաջարկի մասնագիտական կատարելագործման ծրագրեր ընդհանուր մեդիա համայնքին։

Այս նոր համալսարանական փոխգործակցության մեկնարկի ազդարարման կապակցությամբ Հայաստան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային բյուրոյի քաղաքականության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ռաֆիկ Մանսուրը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև դեսպան Քրիստինա Քվինը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հայ-ամերիկյան հարաբերությունների հիմքում ընդհանուր արժեքներն են, այդ թվում՝ մամուլի ազատությունը և կրթության կարևորագույն դերն ամուր, ժողովրդավարական և ապատեղեկատվությանը տուրք չտվող հասարակություն ձևավորելու հարցում։ Միացյալ Նահանգները հպարտ է իր ներդրմամբ աջակցել համալսարանական փոխգործակցության այս նախաձեռնությանը, որն իր նպաստ է բերելու Հայաստանի ժողովրդավարական զարգացման և լրագրողների նոր սերնդի կրթության գործում», – նշել է Մանսուրը։

«Այս նախագծի նպատակն է աջակցել ներկա և ապագա լրագրողներին՝ ձեռք բերելու գիտելիքներ և հմտություններ, որոնք դրական ազդեցություն կունենան լրագրության ոլորտի վրա, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս», – ասում է Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի (CHSS) դեկան Հակոբ Յակուբյանը: – Ծրագիրը կնպաստի ֆակուլտետի ակադեմիական բազմազանության ընդլայնմանը և այդպիսով մեզ համար կստեղծի նոր հնարավորություններ պրոֆեսիոնալ առաջնորդներ կրթելու համար»։

«Իրապես ոգևորիչ է պաշտոնապես սկսել լրագրողական կրթության ոլորտում այս նոր եզակի փոխգործակցությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի և Վաշինգտոնի նահանգային համալսարանի միջև։ Սա շրջադարձային քայլ է Հայաստանի մեդիա ոլորտի զարգացման ուղղությամբ և առաջիկա տարիներին կնպաստի Հայաստանի լրագրողական համայնքի մասնագիտական կատարելագործմանը», – ասել է Վաշինգտոնի նահանգային համալսարանի հաղորդակցության գծով պրոֆեսոր, դ-ր Լորենս Փինթաքը։

Այս ծրագրից զատ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նաև Հայաստանի ամերիկյան համալսարանին ֆինանսավորում է տրամադրում լրագրողների համար անգլերենի երկամյա դասընթաց կազմակերպելու նպատակով, որը թույլ կտա լրագրողական համայնքի անդամներին կատարելագործել անգլերենի իմացությունը՝ մասնագիտական կարիքներից բխող դասընթացների միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս