Քանի դեռ Գուրգեն Մարգարյանին գլխատողը կամ քաղաքացիական անձանց մաշկազերծ անողներն ու գլխատողները չեն դատապարտվել, իրատեսական չեմ համարում հայերի և ադրբեջանցիների համագոյությունը. Սիրանուշ Սահակյան
«Այն, որ դեռևս 44-օրյա պատերազմից հետո գերեվարված անձինք դեռևս գտնվում են Ադրբեջանում, արդեն իսկ խոսում է իշխանության ձախողման մասին: Որպես կանոն՝ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո տեղի է ունենում գերիների փոխանակում, ավելին, միջազգայնորեն ընդունված են մարդասիրական դադարները: Բայց Ադրբեջանը ոչ միայն չկատարեց իր պարտավորությունները, որոնք նաև ամրագրված էին Նոյեմբերի 9-ի փաստաթղթում, այլև արհեստականորեն միջադեպ ստեղծեց, որի նպատակը նոր մարդկանց գերեվարելն էր»,- «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն» թեմայով Մեդիա կենտրոնում տված հարցազրույցի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունների բացթողումն այս հարցում այն էր, որ նախ փորձ չարվեց ինքնուրույնաբար մոտենալ գերիների խնդրին, չբարձրացրեց Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություններ կատարելու հանգամանքը և կարծես թե ընդունեց խաղի կանոնները՝ թելադրված Ադրբեջանի կողմից, որ գերիների վերադարձը պետք է պայմանավորված լինի քաղաքական խնդիրների հանգուցալուծման հետ:
«Արդյունքում՝ ունենք իրավիճակ, երբ բոլոր գերեվարված անձինք պահվում են որպես պատանդներ՝ քաղաքական հարցերի լուծման համար»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցչի խոսքով՝ այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում են 55 հայեր, որոնք ունեն տարբեր կարգավիճակներ՝ քաղաքացիական գերիներ՝ 6 անձ, ռազմագերիներ՝ 41 անձ, և քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներ՝ 8 անձ:
«Սրանք պաշտոնականացված տվյալներն են: Սրանից զատ, Ադրբեջանում գերեվարվել են առնվազն 80 ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, որոնց ճակատագրերի պարզման ուղղությամբ որևէ քայլ չի իրականացվում», -ասաց Սիրանուշ Սահակյանը:
Ինչ վերաբերում է գերիների պահման պայմաններին, ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցչի խոսքով՝ հավելյալ հետաքննություն է անհրաժեշտ հատկապես հոգեբանական խոշտանգման մասով: Նշեց նաև, որ այս ընթացքում գերիները չեն կարողացել հանդիպում ունենալ խոշտանգումների կանխարգելման որևէ անկախ մեխանիզմի հետ:
«Հանդիպումներ եղել են միայն «Կարմիր խաչի» ներկայացուցիչների հետ, բայց դրանք հաճախ ուշացած են: Անգամ բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում 2-3 շաբաթ անց միայն կարողացանք ունենալ առաջին այցելության վերաբերյալ տեղեկատվությունը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով՝ այս պարագայում խոշտանգումները բացառված չեն, դոմինանտ է վատ և նվաստացնող վերաբերմունքը:
Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ անգամ եթե «Կարմիր խաչը» փաստագրում է խոշտանգում, նա ունակ չէ բարձրաձայնել դրա մասին, քանի որ իր մանդատը խիստ մարդասիրական է, և չի կարող խոշտանգումների համար պատասխանատվություն պահանջել:
Ինչ վերաբերում է Վագիֆ Խաչատրյանի գործին ու այն փաստին, որ վերջինիս ադրբեջանցի պաշտպանը բողոքարկել է նրան 15 տարով ազատազրկելու որոշումը, Սիրանուշ Սահակյանն ասաց՝ չի կարծում, որ այս միջոցն արդյունավետ կլինի:
«Ադրբեջանն այս ճանապարհով փորձում է իմիտացնել, որ այդ երկրում գոյություն ունեն ներպետական պաշտպանության միջոցներ, և այդ մեխանիզմներն արդյունավետ են: Այդ բողոքարկման հիմնական նպատակը միջազգային դատարաններում ընթացող գործընթացներում ապացույցներ գեներացնելն է»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Անդրադառնալով Ռաշիդ Բեգլարյանի գործին, որին ադրբեջանցիները դատում են իբր Խոջալուի «ցեղասպանությունն» իրականացնելու համար, Սիրանուշ Սահակյանն ասաց՝ դա հորինված մեղադրանք է, և մեղադրանքը նկարելիս դեր են խաղացել Ռաշիդ Բեգլարյանի տարիքն ու բնակության վայրը:
«Խոջալուի ցեղասպանություն կոչվածի մտացածին լինելու վերաբերյալ գոյություն ունի ՄԻԵԴ իրավական դիրքորոշումը: Ադրբեջանի քաղաքացի Ֆաթուլլաևը հրապարակայնորեն հերքել էր Խոջալուի ցեղասպանությունը և հիմնավորել էր, որ մարդասիրական աղետի առաջնային պատասխանատուն հենց եղել է Ադրբեջանի իշխանությունը, ովքեր ռազմական օբյեկտները տեղակայել էին քաղաքացիական բնակավայրերում: Վերջինս, բնականաբար, Ադրբեջանում քրեական հետապնդման ենթարկվեց, իսկ ՄԻԵԴ-ը պաշտպանեց նրա խոսքի ազատության իրավունքը, իսկ այսպես կոչված Խոջալուի ցեղասպանությունը որակեց խիստ վիճելի փաստական տվյալ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Միջազգային իրավունքի մասնագետը նշեց՝ Հայաստանն այսօր չունի այն քաղաքական կշիռը, որ կարողանա հարցեր լուծել քաղաքական մակարդակում, և եթե այսօր չապավինենք իրավական գործընթացներին, կարող ենք անօգնական վիճակում թողնել Արցախի և Հայաստանի քաղաքացիներին:
«Այս իրավիճակում կարող եմ ասել, որ իրավական գործընթացները որոշակի զսպող, հակակշռող մեխանիզմներ են քաղաքական գործընթացներին, և Ադրբեջանն էլ, գիտակցելով, որ հարցի չլուծումը կհանգեցնի խնդիրների՝ իրավական ճանապարհով հանգուցալուծման, ավելի նորմալ դիրքերից հանդես կգա քաղաքական գործընթացներում: Այս իրավական մեխանիզմի սպառնալիքը, կարծում եմ, ավելի կառավարելի է դարձնում Ադրբեջանի վարքը քաղաքական գործընթացներում ևս, և եթե մենք չօգտվենք իրավական գործիքներից, կարծում եմ, քաղաքական գործընթացները կլինեն վայրի, որտեղ հայկական շահն ամբողջովին անտեսված կլինի»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Խոսելով այն մասին՝ կարո՞ղ են արդյոք հայերն ու ադրբեջանցիներն ապրել համատեղ, ինչի մասին խոսում են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, միջազգային իրավունքի մասնագետն ասաց՝ համատեղ բնակության համար պետք է վերացնել կոնֆլիկտի պատճառները, իսկ մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը տարածքային վեճ չի եղել, այլ հիմքում ունեցել է էթնիկ ծագումնաբանություն:
«Այսինքն՝ հայերի էթնիկ խմբի նկատմամբ ատելությունը, բռնությունները հանգեցրել են զարգացումների, և քանի դեռ այս քաղաքականությունն ունի շարունակականություն և հովանավորվում է պետական մակարդակով, մենք չենք կարող կանխել բռնությունները, որի հիմքում ընկած է հայերի նկատմամբ ատելությունը: Քանի դեռ Գուրգեն Մարգարյանին գլխատողը կամ 44-օրյա պատերազմի ընթացքում քաղաքացիական անձանց մաշկազերծ անողներն ու գլխատողները չեն ենթարկվել քրեական պատասխանատվության և որպես հերոսներ՝ օրինակելի դեր են կատարում ադրբեջանական հասարակության համար, ես իրատեսական չեմ համարում հայերի և ադրբեջանցիների համագոյությունը»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:
Ինչ վերաբերում է ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցնելու պահանջին, Սիրանուշ Սահակյանն ուշադրություն հրավիրեց այդ պարագայում Հայաստանի ժողովրդագրական պատկերի վրա:
«Սա բերելու է ժողովրդագրական կազմի փոփոխության, և թվային հավասարակշռությունը չապահովելու պայմաններում մենք կարող ենք մեր հայրենիքում դառնալ փոքրամասնություն, և եթե ադրբեջանցիներն օգտվեն բոլոր համահավասար իրավունքներից, նրանք ազդեցություն են գործելու նաև քաղաքական դաշտում»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով նաև, որ քանի դեռ հայերի՝ Ադրբեջան վերադարձի թեման չի արծարծվում, չկա գործընթացի փոխադարձության սկզբունքը, ի՞նչ իրավունքով է խոսվում ադրբեջանցիների վերադարձի մասին:
Ինչ վերաբերում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությանը, Սիրանուշ Սահակյանն ասաց՝ դեռ հստակ ժամկետներ չկան:
«Կարծում եմ՝ մյուս հայերի դատավարությունները կավարտվեն, նոր կթևակոխի այս կարևոր ցուցադրական դատավարության փուլը: Դրա համար ես կանխատեսում եմ, որ դա տեղի կունենա 6 ամսից ոչ շուտ: Ինչ վերաբերում է իրավական պաշտպանությանը, ապա դա կազմակերպել Ադրբեջանում չլիցենզավորված փաստաբանի միջոցով ուղղակի անհնար է, ուստի միակ հնարավորությունը, որ ունեն ընտանիքները, ադրբեջանական փաստաբանների միջոցով պաշտպանություն իրականացնելն է: Պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ քաղաքական գործիչների պաշտպանությունը կազմակերպելու համար պաշտպանները զրկվել են լիցենզիաներից: Միջազգային փաստաբանները մեր գործիչների շահերը կարող են ներկայացնել միջազգային դատարաններում: Ես տեղեկություն ունեմ, որ որոշ գործիչների դեպքում միջազգային փաստաբաններ կներգրավվեն»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: