Բաժիններ՝

Բազմազավակ ընտանիքներ

Աստված հատկապես սիրում է բազմազավակ ընտանիքները: Նրանց մասին Նա յուրահատուկ խնամք է տանում: Մեծ ընտանիքներում երեխաները բազմաթիվ բարենպաստ առիթներ են ունենում նորմալ զարգացման համար, սակայն այն պայմանով միայն, որ ծնողները նրանց ճիշտ են դաստիարակում: Բազմազավակ ընտանիքում մի երեխան մյուսին է օգնում: Ավագ դուստրը մորն է օգնում, միջնեկը զբաղվում է փոքրով և այսպես շարունակ: Այսինքն, այսպիսի երեխաները իրենց նվիրում են մեկը մյուսին և ապրում են սիրո և զոհաբերության մթնոլորտում: Կրտսերը սիրում ու հարգում է ավագին: Բազմազավակ ընտանիքում այս հարգանքն ու սերը բնական ձևով են ի հայտ գալիս:

Այդ պատճառով, եթե ընտանիքում միայն մեկ կամ երկու երեխա կա, ապա ծնողները պետք է շատ ուշադիր լինեն այն հանգամանքին, թե ինչպես են նրանց մեծացնում: Սովորաբար, այդպիսի ոչ բազմազավակ ընտանիքներում, ծնողներն աշխատում են այնպես անել, որ երեխաները ոչ մի բանի կարիք չունենան: Այդպիսի երեխաներն ունեն այն ամենն` ինչ ցանկանում են և այդ կերպ մեծանում են բացարձակ ոչնչի հարմարված չլինելով: Օրինակի համար վերցնենք մի աղջկա, ով հարուստ ծնողների միակ զավակն է: Նա աղախին ունի, ով ժամանակին կերակուր է մատուցում նրան, կարգի է բերում նրա սենյակը և անում է տնային բոլոր գործերը: Աղախինն իր աշխատանքի դիմաց աշխատավարձ է ստանում, բայց միևնույն ժամանակ կատարելագործվում է առաքինության մեջ, քանի որ ուրիշներին օգուտ է բերում: Իսկ աղջիկը, ում նա սպասավորում է, ոչ մի զոհաբերության չի սովորում և մնում է չոր կոճղի պես պարապ ու անմշակ մարդ: Երիտասարդ տղաներին ես խորհուրդ եմ տալիս ամուսնանալ բազմազավակ ընտանիքների աղջիկների հետ, որովհետև այն երեխաները, որոնք կարիքի մեջ են մեծանում` ընտելանում են զոհաբերությանը, միշտ մտածում են, թե ինչպես օգնեն իրենց ծնողներին: Իսկ այն երեխաները, որ սովոր են հարուստ ու ապահով կյանքին, շատ հազվադեպ կցուցաբերեն նման բան:

Սակայն բազմազավակ ընտանիքների ոչ միայն երեխաները` այլև ծնողներն էլ հարուստ սիրտ ունեն: Հիշում եմ, թե ինչպես օկուպացիայի* ժամանակ, հարևան տներից մեկի փոքրիկը լրիվ որբ մնաց: Մի աղքատ մարդ, որ տասը երեխա ուներ, խղճաց դժբախտ որբուկին, վերցեց իր տուն և մեծացրեց իր հարազատ երեխաների հետ: Եվ գիտեք, թե արդյունքում Աստված այդ մարդուն ի՜նչ օրհնությունների արժանացրեց: Մի՞թե Աստված անօգնական կթողնի այդպիսի պատվասիրություն ունեցող մարդուն:

Մարդը, ով շատ երեխաներ ունի, սկզբնական շրջանում կարող է դժվարությունների հանդիպել: Բայց Աստված այդպիսի մարդուն մենակ չի թողնի: Ձեզ մի դեպք պատմեմ: Մի ընտանիքի հայր, որ վեց երեխա ուներ, խնդրեց ինձ աղոթել, որպեսզի Աստված փափկեցնի այն մարդկանց սրտերը, որոնց տունը նա վարձակալում էր, որպեսզի նրանց փողոց չվռնդեն:

Կարդացեք նաև

Դժբախտաբար շատ տանտերեր, որ իրենց տները վարձով տալիս են ընտանիքների, որ բաղկացած են երկու հոգուց և հինգ կատվից կամ շնից, որոնք աղտոտում են նրանց տունն ու շրջակայքը, չեն ցանկանում տունը հանձնել բազմազավակ ընտանիքներին` վախենալով, որ երեխաները իբր թե կարող են ինչ-որ բան փչացնել: Եվ ահա, այդ խեղճ բազմազավակ հայրն ուղղակի ուժասպառ էր եղել. մի տանտերը նրանց տանից դուրս էր հանել, մյուսն ընդհանրապես հրաժարվել էր տունը նրանց վարձով տալ և նա ստիպված էր երեխաների ու իրենց իրերի հետ միասին դռնեդուռ ընկնել: Ընտանիքին կերակրելու համար այդ մարդն օրնիբուն աշխատում էր:

Նա նույնիսկ տան վարձի համար չէր սակարկում, բավական էր միայն, որ տանտերերն ուղղակի թույլ տային նրանց ապրել այդ տանը մի քանի տարի և մի փոքր հանգիստ առնել անվերջ տեղափոխություններից: Երբ սա լսեցի` մեծ ցավ ապրեցի նրա համար: «Մի՛ տրտմիր,- ասացի նրան,- Աստված հոգ է տանում քո երեխաների մասին ևս:

Չէ՞ որ Նա Արարիչն է, Ով երեխաներին տալիս է ամենակարևորը` հոգին, իսկ դու և քո կինը` մարմինը: Հետևաբար, Աստված ձեր երեխաներին մասին ավելի շատ է մտածում` քան դուք»:

Դեռ երկու-երեք ամիս էլ չէր անցել, երբ այդ մարդը նորից ինձ մոտ եկավ, այս անգամ շատ ուրախ և ասաց. «Փա՜ռք Աստծո, Աստված ինձ տուն նվիրեց և դեռ բավականին էլ գումար է մնում»: Ես հարցրեցի նրան, թե ինչ էր պատահել և նա հետևյալը պատմեց. «Երբ ես իմ գյուղն էի վերադառնում, նստել էի կանգառում ու սպասում էի ավտոբուսին: Ինձ մոտեցավ վիճակախաղի տոմսեր վաճառողն ու առաջարկեց տոմս գնել: Ես, քրիստոնյա լինելով, վիճակախաղի տոմսեր չեմ գնում, այդ պատճառով էլ հրաժարվեցի: Սակայն տեսնելով, որ այդ մարդը հեռանում է, մտածեցի միգուցե նա խիստ կարիքի մեջ է: Այդ պատճառով էլ նրան ետ կանչեցի, որպեսզի վճարեմ մի տոմսի համար, բայց տոմսը չվերցնեմ: Բայց այդ մարդը պատվասիրություն ուներ և ուղղակի գումարը վերցնել չցանկացավ: Այդժամ ես էլ վշտացա և կամենալով օգնել նրան, ասացի. «Դե լավ, մի տոմս տուր, միգուցե պետք գա»: «Թող այդ մարդը մի փոքր ուրախանա,- մտածեցի ես,- իսկ ես, խախտելով իմ սկզբունքները, թող մի քիչ էլ վշտանամ` հոգ չէ»:

Եվ ահա իմ գնած վիճակախաղի տոմսով ես մի մեծ գումար շահեցի, տուն գնեցի և դեռ բավականաչափ փող էլ մնաց` երեխաներին մեծացնելու համար: Եվ ճշտելով, թե որտեղ է ապրում այդ տոմսերը վաճառողը, ես աննկատ նրա տուն գնացի և մի կլորիկ գումարով ծրար թողեցի նրա փոստարկղում: Ես գիտեի, որ եթե այդ գումարը նրան առձեռն հանձնեմ, ապա նա չի վերցնի»: Զարմանալի բան է, թե ինչպես է Աստծո սերը գործում պատվասեր մարդկանց մեջ:

* Խոսքը 1941-1944թթ. Հունաստանի օկուպացիայի մասին է` Գերմանիայի, Իտալիայի և Բուլղարիայի կողմից:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս