Ես Ադրբեջանի նախագահի ապարատի հետ եմ շփվել՝ իմ ներկայացուցիչը փաստաթղթերը փոխանցել է այնտեղ. Բաբայան
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի կարծիքով՝ սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ՀՀ իշխանությունը ոչինչ անել չէր կարող, քանի որ չուներ բանակ, չունի իր պաշտպանությունը, իսկ Ադրբեջանն էլ հարցը կոշտ դրել էր՝ չես կարող խառնվել իմ ներքին հարցերին։
«Հայաստանի իշխանությունն Արցախի իշխանություններին խնդրում էր, որ պետք է նստեն ուղիղ բանակցությունների, նրանք էլ դա բոյկոտում էին, որովհետև Մոսկվայից ստացել էին կարգադրություն, որ պետք է բոյկոտեն»,-ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուց հետո, լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Բաբայանը։
Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, Սամվել Բաբայանը հակադարձեց, թե ինչո՞ւ է լրագրողին թվում, որ Հայաստանի իշխանությունն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։
«Բացատրեմ՝ Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան բանակցություններում, որ համաձայնել են փաստաթուղթ ստորագրել, այդ րոպեին էլ ճանաչել են Ղարաբաղն Ադրբեջանի մաս։ Այսինքն՝ Հայաստանի ղեկավարությունը Ղարաբաղի ղեկավարության հետ նոյեմբերի 9-ին բանակցել են ու համաձայնվել փաստաթղթին, որտեղ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է՝ վերջ։
Ուզում եմ ասել, որ բոլոր նրանք, ովքեր համաձայն են եղել ամսի 9-ի փաստաթուղթը ստորագրելուն, քաղաքական այդ բոլոր ուժերը կրում են պաատսխանատվություն, թե ովքեր են, դուք գիտեք»,- հավելեց Սամվել Բաբայանը։
Խոսելով Ադրբեջանի հետ իր բանակցությունների մասին, Սամվել Բաբայանն ասաց՝ երբ խորհրդարանում խոսել է Ադրբեջանի հետ երկխոսության մասին, ներկաները գլխով են արել, որևէ մեկը չի հարցրել, թե իրեն ով է թույլ տվել, ինչի մասին է խոսել։
«Ես ձեզ անընդհատ ասում եմ, որ դա բանակցություններ չի եղել, եղել են սկզբունքներ, թե ինչ սկզբունքների շուրջ ենք նստում բանակցությունների։ Օրինակ, Ղարաբաղն ունենալո՞ւ է իր բանակը, թե՞ ոչ, այդ կետերը կան Քննչականում։ Շահրամանյանը տեղյակ է եղել, մինչև նախագահ ընտրվելը նա եղել է անվտանգության քարտուղար։ Դրանից հետո նա խոսել է Ադրբեջանի անվտանգության տեղակալի հետ, նա ասել է, որ նման փաստաթուղթ գոյություն չունի։ Ճիշտ է ասել, որովհետև ես հո շպիոն չե՞մ, որ անվտանգության հետ շփվեմ, ես Ադրբեջանի նախագահի ապարատի հետ եմ շփվել, այսինքն՝ ես չէ, իմ ներկայացուցիչը փաստաթղթերը փոխանցել է այնտեղ»,- եզրափակեց Սամվել Բաբայանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում