ԵԱՏՄ երկրները համաձայնագիր են կնքել արտահանվող ապրանքների ծագումը որոշող համակարգի շուրջ
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամ երկրները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի պետք է ներդաշնակեցված համակարգ ներդրվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու համար։ Այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի տեղեկագրում։
«Արտահանվող ապրանքների ծագումը որոշող համակարգի շուրջ նոր համաձայնագրի կնքումը կարևոր քայլ է եվրասիական ինտեգրման զարգացման առումով», – հայտարարել է ԵԱՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Նախարարի խոսքով՝ համաձայնագիրն արտաքին առևտրի մասնակիցներին կապահովի միասնական փաստաթղթով, որը կբովանդակի ապրանքների ծագման հետ կապված աշխատանքի բոլոր հիմնական դրույթները, ինչը կօգնի պարզեցնել եվրասիական ապրանքների մուտքն արտաքին շուկաներ և կանխել խոչընդոտների առաջացումը միության ներքին շուկայում:
Համաձայնագիրը նպատակ ունի ձևավորել ԵԱՏՄ-ից արտահանվող արտադրանքի ծագման փաստաթղթային հաստատման միասնական մեխանիզմներ և փոխգործակցության միասնական կանոններ սահմանել արտահանողների համար այն կազմակերպությունների հետ, որոնք ապրանքների ծագման հավաստագրեր են տալիս։
Փաստաթուղթը նաև իրավական հիմքեր է ստեղծում ԵԱՏՄ-ում լիազորված արտահանողների ինստիտուտի ձևավորման համար․ դա նոր ինստիտուտ է, որը կտա պարզեցված ձևաչափով հաստատել այն ապրանքների արտոնյալ ծագումը, որոնք ԵԱՏՄ գործընկեր երկրներին են մատակարարվում ազատ առևտրի հիմունքներով։ Ըստ ԵԱՏՀ-ի՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները, որոնք ստացել են այս կարգավիճակը, կկարողանան օգտվել սակագնային արտոնություններից՝ առանց իրենց ապրանքների ծագման հավաստագրերի ձևակերպման անհրաժեշտության: