Բաժիններ՝

Երևանում մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը

Երևանում մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 16 մարզիկով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ աշխարհի պատանեկան առաջնությանը կմասնակցեն Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը և Տիգրան Խաչատրյանը (80 կգ):

Աղջիկների պայքարում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը:

Ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանի խոսքով՝ մեր ընտրանին բավականին լուրջ նախապատրաստություն է անցել և փորձելու է առավելագույնն անել Երևանում կայանալիք մրցաշարում:

«Մեր բոլոր բռնցքամարտիկները բավականին խոստումնալից են: Երկու-երեք ամիս է՝ նախապատրաստվում ենք այս մեծ մրցաշարին: Հոգեբանական և ֆիզիկական շատ լավ աշխատանքներ ենք տարել տղաների հետ: Աշխատում ենք արագության, տեխնիկական և տակտիկական հմտությունների վրա»,- ասել է հավաքականի ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանը:

Հայաստանի ավագ տարիքի պատանիների հավաքականը, նախապատրաստվելով Երևանում կայանալիք ստուգատեսին, հոկտեմբերի վերջին միջազգային մրցաշարի է մասնակցել Վրաստանի Փոթի քաղաքում: Մրցավայր մեկնած մեր 13 բռնցքամարտիկներն էլ արժանացել են մեդալների: Հայաստանի ներկայացուցիչները կարողացել են նվաճել 6 ոսկե և 7 արծաթե մեդալներ:

Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված են նաև մարզիչներ Արթուր Ուլիխանյանն ու Անդրանիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի ավագ տարիքի պատանիների հավաքականը՝ Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ, հուլիսին 2 ոսկե և 7 արծաթե մեդալ էր նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում։

Պատանեկան ԵԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել էին Վաղարշակ Քեյանը (48 կգ) և Տիգրան Հովսեփյանը (50 կգ)՝ դառնալով ոսկե մեդալակիրներ: Ընդ որում, Քեյանը կարիերայում երկրորդ անգամ էր նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի կոչումը:

Եվրոպայի փոխչեմպիոններ էին դարձել Արեն Խառատյանը (52 կգ), Սպարտակ Նահապետյանը (57), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) և Հայկ Ղահրամանյանը (80 կգ):

Ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը կտևի մինչև դեկտեմբերի 4-ը: Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 23-ին, ժամը 19:00-ին նախկին «Միկա» մարզահամալիրում: Մուտքն ազատ է: Մրցումները կսկսվեն նոյեմբերի 24-ից: Մրցաշարին ակնկալվում է շուրջ 60 երկրի 600 բռնցքամարտիկների մասնակցություն: 15-16 տարեկան բռնցքամարտիկները կմրցեն տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում: Առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի վաղ հատկացրել էր 338 մլն 263 հազար դրամ:

Հայաստանը Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) կողմից 2023 թ. ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը ձեռք է բերել՝ հաշվի առնելով հայ մարզիկների գրանցած վերջին հաջողությունները, ինչպես նաև Երևանում 2022 թվականին անցկացված մեծահասակների և 2023 թվականին՝ երիտասարդների Եվրոպայի առաջնությունների բարձր մակարդակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս