Արաս Օզբիլիսի թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջ է քաշում «Ուրարտու» ակումբը, որը ՀՖՖ ղեկավարության հետ կարծես թե լավ հարաբերություններ ունի. Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արազ Օզբիլիսը իր թեկնածությունն է դնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը, որ սպասվում է դեկտեմբերին: Նրա թեկնածությունը առաջ է քաշում Ուրարտու ակումբը, որը ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության հետ կարծես թե լավ հարաբերություն ունի, եւ թերեւս ոչ միայն ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:
Որքան հայտնի է, իր թեկնածությունն առաջադրելու է նաեւ ֆեդերացիայի ներկայիս նախագահը: Եվ Փյունիկ ակումբի սեփականատերը՝ որ ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության հետ հակադրության մեջ է, հայտարարել է, որ առաջադրելու են իրենց թեկնածուին:
Ըստ էության ստացվում է, որ Արազ Օզբիլիսին ինչ որ մեկը ներքաշում է «մատի ու մատանու արանքը», «ֆոնային» նկատառումներով, ինչպես լինում է քաղաքական ընտրությունների պարագայում:
Դե, ֆուտբոլն ու քաղաքականությունը ամբողջ աշխարհում են շատ վաղուց խիստ սերտաճած, դա նորություն չէ, Հայաստանն էլ բացառություն չէ:
Միայն թե, ի՞նչ է արել ձեզ այդ տղան, որ համոզել եք նրան ֆուտբոլային խաղացողի կարիերան նոր ավարտած՝ ներքաշվել այդ խաղի մեջ»: