ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելն ակնհայտ դեմարշ է. Արմեն Ռուստամյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն արձագանքելով ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչների հակասական հայտարարություններին, հարց տվեց՝ ինչպե՞ս են մեկնաբանում իշխանության ներկայացուցիչներն իրենց՝ ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելը և այն հայտարարությունը, թե դուրս չեն գալիս ՀԱՊԿ-ից։
«Սա ի՞նչ է, դե, ասացինք՝ դեմարշ է, ասացին՝ դեմարշ չէ, դուրս եք գալիս, թե՝ դուրս չենք գալիս, այս ամենը ի՞նչ անուն պետք է ստանա։ Պարզ է, որ ակնհայտ դեմարշ է կատարվում, սա նույն տրամաբանության մեջ է, շարունակությունն է նույն քաղաքականության, ինչ այսօր իրականացնում են ՀՀ իշխանությունները։ Նաև իրենց կարծիքով՝ գտել են շատ հիմնավոր բացատրություն, ասելով, որ ճիշտ է՝ ՀԱՊԿ-ը գալիս է այստեղ իր ներկայությունը ապահովելու, և որոշակի համաձայնություն այդ առումով կա։ ՀԱՊԿ-ն էլ իր հերթին՝ հայտարարում է, որ օրակարգում է դեռ այդ հարցը, բայց Հայաստանը շարունակում է մերժել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների՝ ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելը։
Արմեն Ռուստամյանի համար զարմանալի են ՀՀ իշխանությունների այն պնդումները, ըստ որի՝ ՀԱՊԿ-ից պահանջում են, որպեսզի Հայաստան դիտորդներ ուղարկելիս անպայման նշեն, թե նրանք ուր են գալիս։
«Իրենք գալիս են, այդտեղ էլ կերևա, թե ուր են գալիս։ Չեմ կարծում՝ այստեղ որևէ տրամաբանական բացատրություն գոյություն ունի։ Պարզ է, որ կա քաղաքականություն թե՛ վեկտորի փոփոխության, որի մասին մենք խոսել ենք, թե՛ առհասարակ անվտանգային համակարգի։ Սա մեզ համար լուրջ խնդիր է առաջացնում, քանի որ այսօր հակամարտող կողմերն այսպես խնդիր ունեն միմյանց հետ, և այդ հակամարտությունը, առճակատումը պատերազմական իրավիճակ է, որ մենք տեսնում ենք՝ շարունակաբար գոյություն ունի Ուկրաինայի հարցով։ Եվ այստեղ ճամբար փոխել, ճամբարափոխություն իրականացնել՝ նշանակում է, որ մի խրամատում էիք, հետո պարզվի, որ այդ խրամատը դուրներդ չի գալիս, կռվի ժամանակ անցնեք մյուս խրամատ։ Այդ ընթացքում, բնականաբար, զոհեր կլինեն։ Հիմա մենք այս կռիվը տեղափոխում ենք մեր տարածք, փոքր Հայաստանի տարածք։ Մի՞թե մենք չենք տեսնում, թե ինչ է կատարվում, երբ մենք այդ կռիվը տեղափոխում ենք մեր տարածք, մեր առջև կա Ուկրաինայի, Վրաստանի օրինակը, բազմաթիվ օրինակներ կան»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը։
Պատգամավորը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այս տրամաբանության մեջ շատ լուրջ վտանգներ է տեսնում, դրա մասին պետք էլ լրջորեն վերլուծվի, խոսվի, քանի որ ՀՀ իշխանությունն անվտանգային համակարգ է փոխում, չհասկանալով, թե մյուսը որն է, դրա վերաբերյալ միայն խոսքեր են հնչում։
Լրագրողի հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, Արմեն Ռուստամյանը պատասխանեց՝ ՀՀ իշխանությունը լավ հասկանում է, որ ՀԱՊԿ ասելով՝ առաջին հերթին հասկանում են Ռուսաստան, ՀԱՊԿ-ում որոշումները կոնսենսուսով են ընդունվում։ Իսկ կոնսենսուս կա այն առումով, որ ՀԱՊԿ-ը հայտարարում է, թե ինչ է պատրաստվում անել Հայաստանի անվտանգության համար։
«Այդ կոնսենսուսը չի ձևավորվել մյուս հարցի հետ կապված, և սա տարածել Ռուսաստանի վրա՝ նախ՝ ճիշտ չէ։ Երկրորդ՝ Ռուսաստանի հետ կապված մեր հարաբերությունները պետք է կարողանանք հասկանալ, եթե դժգոհում ենք, որ Ռուսաստանը լավ բարեկամ չեղավ մեզ հետ, կարծում եմ՝ իշխանությունները հասկանում են, որ շատ վատ կլինի, եթե մենք Ռուսաստանին թշնամացնենք։
Սա, բնական է, երկար չի կարող տևել, որովհետև այստեղ այդուամենայնիվ կողմնորոշվելու խնդիր դրվելու է, բոլոր կողմերից է դրվում։ Եվ այստեղ է, որ մեր վիճակը վատանալու է, «կամ-կամ»-ի վիճակ է առաջանալու։ Արևմուտքն ասելու է՝ կա՛մ իմ հետ ես, կա՛մ իմ դեմ, Ռուսաստանը ասելու է՝ կա՛մ իմ հետ ես, կա՛մ իմ դեմ, որովհետև մեկի հետ լինել՝ նշանակում է մյուսին դեմ լինել։ Չի ստացվի «և-և»-ի այս վիճակը։ Չնայած Հայաստանը դա պետք է անի՝ գտնել այն տեղը, որտեղ իր անվտանգային խնդիրներն է լուծում։
Մեր պագոնները չի ընկնի, եթե գնանք մասնակցենք ՀԱՊԿ նիստին և ինչ ուզում ենք՝ ասենք, ստեղծված իրավիճակի առումով՝ ևս մեկ անգամ արձանագրենք մեր դժգոհությունները»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը։