Դա Հայաստանի տապալման մասին պայմանագիր է. Տիգրան Աբրահամյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի մեկնաբանությամբ՝ հայկական կողմի գլխավոր խնդիրն այն է, որ Արցախի հարցով գործընթացը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը վերածվել է աշխարհաքաղաքական բախումների։ Դրանով պայմանավորված՝ հարթակների հարցը կամ քննարկումը դարձել է լրացուցիչ քննարկման առարկա։
«Ուզում եմ հիշեցնել, որ մինչև 2018 թվականը որևէ մեկը չէր մտածում, որ եթե տվյալ հանդիպումն անցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Վաշինգտոնում կամ Մոսկվայում, դրանում կոնկրետ շահագրգռվածություն կամ աշխարհաքաղաքական հետք ունեն Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանը։ Նրանք բոլոր ժամանակներում էլ ունեցել են տարբեր հարցեր, որոնց հետ կապված ունեցել են համաձայնություն կամ անհամաձայնություն։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի առաջին արժանիքն այն էր, որ դրանցում իրականացվող գործընթացը բոլոր կողմերի հետ համաձայնեցված էր,կա կոնսենսուս, և տարբեր մայրաքաղաքներում անցկացվող այդ հանդիպումները որևէ ձևով կասկածի կամ հավելյալ ինտրիգների տեղիք չէին տալիս»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կտա Հայաստանին բրյուսելյան հարթակը։
Ըստ պատգամավորի, եթե մի կողմ դնեն ինտրիգները և խնդիրը դիտարկեն զուտ օբյեկտիվ քաղաքականության տեսանկյունից, ապա անկախ այն հանգամանքից, թե որ մայրաքաղաքում են ընթանում հայ-ադրբեջանական բանակցությունները և խաղաղության պայմանագրի ստորագրումը, կարևորն այն է, թե որքանով է շոշափվում հայկական շահը և որքանով են հայկական առաջնահերթություններն այդ բանակցություններում ձևակերպված։
«Տարբեր կողմերից մտահոգություններ կամ դիտարկումներ են հնչում, որ Հայաստանում տեղի է ունենում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, և դրա համար է, որ տարբեր մայրաքաղաքներում տեղի ունեցող հանդիպումները և՛ ինտրիգային բնույթ են ստանում, և՛ դրանք քննարկվում են նաև այլ համատեքստում»,-շեշտեց Տիգրան Աբրահամյանը։
Խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորություններն էլ Տիգրան Աբրահամյանն այսպես գնահատեց.
«Այն, ինչ տեսնում եմ Ադրբեջանի կողմից, առավելապաշտական մոտեցումներ են։ Եթե դրա պայմաններում փաստաթուղթ կնքվի, ապա դրա անունը կլինի ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ կլինի կորուստների կամ Հայաստանի տապալման մասին փաստաթուղթ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում