«ՀԱՊԿ-ի, հետևաբար՝ նաև ՌԴ հետ հարաբերությունների սառեցումն այլևս իրողություն է». քաղաքագետ
Հայաստանը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկերներին՝ խնդրելով օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Թեպետ մյուս դաշնակիցներն աջակցել են Հայաստանին օգնության մասին որոշմանը, հայկական կողմն այդ փաստաթղթի հետ կապված որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել, ավելին՝ մեր աշխատանքի ավարտական փուլում նրանք խնդրել են ընդհանրապես այն հանել օրակարգից»,- մասնավորապես ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ տեղի ունեցածն անսպասելի ու ցնցող նորություն չէ՝ հաշվի առնելով սրանից առաջ հայկական կողմի ավելի կտրուկ քայլերը:
Ըստ նրա, սա քաղաքական ու քաղաքագիտական առումով նշանակում է ՀԱՊԿ-ի անդամակցությամբ՝ հարաբերությունների սառեցում:
«Քանի դեռ Հայաստանը պաշտոնական դիմում չի ներկայացրել ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ՝ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ: Իսկ թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հարաբերությունների սառեցումը՝ կարծում եմ, որ դա անմիջականորեն կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ: Եթե ուկրաինական պատերազմում Ռուսաստանի կողմից գրանցվեն որոշակի հաջողություններ, ապա ՌԴ-ն կարող է ամրապնդել միջազգային կառույցները՝ ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն ու ԱՊՀ-ն: Իսկ Հայաստանը կկանգնի նոր հարթակներ գտնելու ու դրանք ի շահ մեզ կիրառելու խնդրի առջև: Հակառակ դեպքում՝ ՀԱՊԿ-ի փլուզումն էլ սարերի հետևում չի լինի: Փաստացիորեն՝ ՀՀ-ն ու ՀԱՊԿ անդամ մյուս երկրները կազմակերպության մեջ մտել են հիմնականում ՌԴ-ի հետ երկկողմանի հարաբերությունների պահպանման թելադրանքով, իսկ կառույցի հետ հարաբերությունների սառեցումն այս համատեքստում նշանակում է հարաբերությունների սառեցում՝ ՌԴ-ի հետ»,- ասաց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ մինչև այս ՀՀ իշխանությունները մերժել էին նաև մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին ու ստանձնել քվոտայով հասանելիք ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը:
Հուլիսի 25-ին էլ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը չէր մեկնել Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:
Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նոյեմբերի 23-ին նախատեսված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին չմասնակցելու մասին:
Օրերս ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կազմակերպության նախաձեռնություններին չմասնակցելը պատճառաբանեց նրանով, որ Հայաստանն իր սուվերեն տարածքը պաշտպանելու համար ՀԱՊԿ-ից օգնություն այդպես էլ չի ստացել, կառույցը, ըստ նրանց, չի պատասխանել նաև մի շարք հարցերի՝ ՀՀ սահմանների ու առաքելության ժամանման դեպքում դրա տեղակայման վերաբերյալ:
Այս ամենի ֆոնին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը նոյեմբերի 10-ին Բրյուսելում հայտարարել էր Հայաստանն «ապադաշինքային պետություն» դարձնելու մտադրության մասին:
Նա մասնավորապես ասել էր. «Հայաստանում, իհարկե, կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև արտադաշինքային պետություն դառնալու գաղափար: Մենք լսում ենք քաղաքացիական հասարակությանը և փորձում ենք հասկանալ, թե որ գործիքները կարող են լավագույն պայմաններ ապահովել Հայաստանի՝ տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և զարգացման ապահովման համար»:
ԱԽՔ-ը միևնույն ժամանակ արձանագրել էր, որ Հայաստանն անվտանգային հարցերի շրջանակում երբեք ավելի ինտենսիվ քննարկումներ չէր ունեցել Արևմուտքի հետ, որքան ներկայումս:
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի գնահատմամբ՝ հաշվի առնելով ՀՀ-ի նկատմամբ ՌԴ կողմից պարտավորությունների չկատարումը՝ արևմտյան հարթակները ներկայումս փորձում են ՀՀ-ն վերջնականապես կտրել ՀԱՊԿ-ից ու ՌԴ-ից: Այլ հարց է, թե այդ գործողություններն ի՞նչ նպատակ են հետապնդում ու որքանո՞վ կարող են արդյունավետ լինել ՀՀ-ի շահերի պաշտպանության առումով:
«Կարելի է ենթադրել, որ իրենց գերխնդիրը ռուսական ազդեցության ոլորտի կրճատումը կամ չեզոքացումն է: Եթե ենթադրենք, որ Արևմուտքը դա անում է անկեղծ, ու նրան իսկապես հայկական շահերն են անհանգստացնում, ապա պետք էր ենթադրել, որ Արցախը չպետք է հայաթափվեր, կամ Ադրբեջանի նկատմամբ պետք է կիրառվեին պատժամիջոցներ: Դա չեղավ: Իրականում, Արևմուտքի բոլոր հայտարարություններն ու գործողությունները մնում են այդ մակարդակում, կամ օրենսդիր իշխանությունների կողմից ազդարարված, բայց գործադիր իշխանությունների կողմից որպես պրակտիկ քաղաքականություն չկիրառված»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ դեռևս անցած տարի Ֆրանսիայի Սենատն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ այդպիսի մի քանի բանաձև ընդունեց: Այդ երկրի գործադիր իշխանությունը, սակայն, դրանց որևէ ընթացք չտվեց:
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե ՀՀ-ն վեկտոր չի փոխում, ապա, Քեռյանի գնահատմամբ, նրանց գործողությունները ճիշտ հակառակ իրողության մասին են վկայում։
«Եթե մենք նայենք հայկական կողմի մասնակցությունն արևմտյան, բրյուսելյան ու ամերիկյան հարթակներում տեղի ունեցող գործընթացներին՝ վեկտորի փոփոխությունն ակնառու է: Իսկ դիվերսիֆիկացիայի հարցը մեզնից կախված չէ: Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, իհարկե, համապատասխան է մեր շահերին՝ ունենալ դիվերսիֆիկացված անվտանգություն, առավելագույն չեզոքություն ու ապադաշինքային կարգավիճակ՝ հարևանների հետ անընդհատ պատերազմների մեջ չլինելու համար: Դա հասկանալի է: Բայց արդյո՞ք դա հնարավոր է, կամ արդյո՞ք դա թույլ կտան համաշխարհային ուժային կենտրոնները, որոնք ամեն կերպ ուզում են կուլ տալ Հարավային Կովկասը»,- հռետորական հարցով եզրափակեց քաղաքագետը:
Նազելի Ստեփանյան