Նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ ՀՀ-ում դատական համակարգ գոյություն չունի. պաշտպաններ

«Նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ ՀՀ-ում դատական համակարգ գոյություն չունի: Պնդումս կատեգորիկ է, բայց դրա հիմնավորումներն ունեմ: Կա Վերաքննիչ դատարանի՝ սեպտեմբերի 20-ի որոշում, որով արձանագրվել է՝ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ, եթե ի հայտ չգան նոր ծանրակշիռ հանգամանքներ: Հոկտեմբերի 4-ին մենք գնում ենք դատարան, այս որոշումը ներկայացնում ենք առաջին ատյանի դատարանին, դատարանը որոշում է կալանքը ևս երկու ամսով երկարաձգել: Մենք ասում ենք, որ վերադաս ատյանն արձանագրել է, որ դուք սխալ եք թույլ տվել՝ 3 ամսով կալանավորելով Խաչատուրովին, սակայն դատարանն անդրդվելի էր»,- «Գրիգորի Խաչատուրովի գործը՝ դատական համակարգի համար լակմուսե թուղթ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր, քաղբանտարկյալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական թիմի անդամ Միհրան Պողոսյանը:

Վերջինս հավելեց՝ այս ոորոշման դեմ իրենք վերաքննիչ բողոք են ներկայացնում, ու վերաքննիչ բողոքը մակագրվում է նույն դատավորին, ով որ արձանագրել է, որ հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն ապօրինի է:

«Վերաքննիչ դատարանին մնում էր ընդամենը մեկ փաստարկ՝ վերցնել սեպտեմբերի 20-ին կայացրած իր որոշումը, տեսնել՝ արդյո՞ք այդ որոշումն ի կատար է ածվում, և այդպիսի գործողություններ չարձանագրելու դեպքում ընդամենը վերահաստատել իր սեպտեմբերի 20-ի որոշումը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը ևս հաստատել է, որ հոկտեմբերի 15-ից հետո Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելն անօրինական է: Վերաքննիչ դատարանն այս որոշումը չկայացնելու ընդամենը մեկ տարբերակ ուներ՝ փախչել այն կայացնելուց: Բայց այս բողոքի պարագայում որևէ նման հիմք չկար: Որոշում կայացնողը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Հովհաննիսյանն էր, ով միակ դատավորն էր, որ այդքան ճնշումների պարագայում ոչ թե երեք, այլ երկու ամսով է երկարաձգել Խաչատուրովի կալանքը: Այսինքն՝ ճնշումները ոչ թե անձ-դատավորի դեմ են, այլ առհասարակ դատական համակարգի»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ դատավորները գիտակցում են՝ ինչ  է կատարվում, և յուրաքանչյուր դատավոր փորձում է իր որոշումներով նահանջի ճանապարհներ թողնել:

Կարդացեք նաև

«Այստեղ իրավաբանության հետ գործ չունենք: Եթե պետական համակարգը դատավորին թույլ տա ինքնուրույն որոշում կայացնել,  դատավորից անգամ այս ամեն ինչը իրավական գնահատականի արժանացնել չի պահանջվում, այլ ընդամենը վերահաստատել իր իսկ ավելի վաղ կայացրած որոշումը, և արդեն նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովն այս շինծու գործով արդեն ազատության մեջ կլինի: Որովհետև եթե այլ որոշում կայացվի, կստացվի, որ նրա մյուս որոշումն է սոսկ թղթի կտոր»,- ասաց պաշտպանը:

Պաշտպանական թիմի մյուս անդամը՝ Հակոբ Ենոքյանն էլ նախ ասաց, որ կա հանրային հսկողության անհրաժեշտություն, որովհետև տեղի են ունենում իրադարձություններ, որոնք գլխովին կարող են փոխել իրավական համակարգի ճիշտ զարգացման ուղին:

«Եթե վերաքննիչ դատարանը կալանքի տակ թողնելու որոշում կայացնի ու դրա տակ որևէ հիմնավորում չդնի, զբաղվի աչքակապությամբ,  այսինքն՝ չասի, որ կան Խաչատուրովին կալանքի տակ պահելու ծանրակշիռ փաստեր, չմատնանշի դրանք, իսկ 2023թ. մարտի 13-ից մինչ օրս որևէ ծանրակշիռ փաստ չի ավելացել, ու Վերաքննիչ դատարանը դա արձանագրել է, պետք է այդ դատական ակտը դիտարկել տրամաբանության ներքո ու օգտագործել բողոքարկման եղանակը»,- ասաց Հակոբ Ենոքյանը:

Վերջինս նկատեց՝ մայիսի 8-ից սկսված դատաքննությունների միակ նպատակը Գրիգորի Խաչատուրովին հնարավորինս երկար կալանքի տակ պահելն է եղել. 6 ամսից ավելի է անցել, դատարանը նոր-նոր հասել է բացարկների ունկնդրմանը:

Վերջինս անդրադարձավ նաև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի կողմից կայացված ակտերի վերլուծությանը:

«Դատավոր Մարաբյանը մեր բողոքի հիման վրա որոշում է կայացրել գործի քննությունը հետաձգել ու Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմել մի շարք հարցերով: Ընդ որում, այդ հարցերը բարձրացված են եղել պաշտպանության կողմի կողմից: Մենք 11 խախտում էինք արձանագրել, որոնցից 3-4-ը դատարանն արձանագրել էր որպես դատարանի կողմից թույլ տրված դատավարական խախտում: Ինչ-ինչ պատճառներով դիմումը ՍԴ-ի կողմից վարույթ չի ընդունվել, ու դրանից հետո Մարաբյանը որոշում է կայացրել»,- ասաց պաշտպանը:

Վերջինս նշեց՝ ՍԴ ուղարկված իր դիմումի մեջ դատավոր Մարաբյանն ասել էր, որ եթե ՍԴ-ն մեղադրանքի կողմի օգտին որոևէ որոշում չկայացնի, Գրիգորի Խաչատուրովի կալանքի մեջ գտնվելը պետք է ապօրինի դիտարկվի:

«Մարաբյանը գրել է՝ «պաշտպանության կողմի պնդումները հիմնավոր կասկածի բացակայության մասին ակնհայտ անհիմն չեն»: Դա նշանակում է, որ մեր պնդումն առ այն, որ նկարագրված հանցակազմը փողերի լվացման հատկանիշներ չի պարունակում, լիովին արդարացված է: Դուք չեք կարող ավտոմեքենա փախցնելու հանցակազմ նկարագրել ու տակը գրել՝ փողերի լվացում: Իսկ փողերի լվացում Խաչատուրովին վերագրվել է նրա համար, որ այն առանձնապես ծանր հանցագործություն է համարվում, իսկ դրա համար քրեական պատասխանատվությունից ազատվելու վաղեմության ժամկետն ամենաերկարն է»,- ասաց Հակոբ Ենոքյանը:

Ըստ պաշտպանի՝ առաջին ատյանի դատարանները չեն կատարում վերադաս ատյանի որոշումները:

Միհրան Պողոսյանն էլ նկատեց՝ այն տոտալ ապօրինությունը, որը տեղի է ունենում Գրիգորի Խաչատուրովի գործով, հակասում է թղթի վրա հռչակված եվրոպական չափանիշներին, բայց ակնկալել, որ եվրոպացիներն այս գործով ակտիվություն կցուցաբերեն, միամտություն է, քանի որ սա նրանց աքիլեսյան գարշապարն է:

«Այս գործով ապօրինություններն այն աստիճանի են հասել, որ արդեն նույնիսկ դատարաններն են արձանագրում դրանք: Ես Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակ մի անգամ ահազանգել եմ, երբ Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը լրացել էր, ու նրան ազատ չէին արձակում: Արձանագրեցին, ու դա ոչ մի հետևանք չունեցավ»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ կոնկրետ աշխատասենյակներում ցանկանում են, որ Գրիգորի Խաչատուրովը հնարավորինս երկար մնա կալանքի տակ:

«Պարզ է, չէ՞, որ այս հրահանգն ԱԱԾ-ի ինչ-որ կաբինետում չեն տալիս: Այս հրահանգն ամենաբարձր տեղից է գալիս: Տարբեր պետական մարմիններ կոնսոլիդացվում են այս խնդիրը լուծելու համար»,- ասաց պաշտպանը:

Միհրան Պողոսյանը նշեց՝ պետությունն անգամ Խաչատուրովին դատելու խնդիր չի դրել իր առջև, այլ միայն հնարավորինս երկար կալանքի տակ պահելու:

«Եթե ցանկանար դատել, մինչև դեկտեմբերի 16-ն այս գործով պետք է դատավճիռ լինի: Այլ որևէ պարագայում Գրիգորի Խաչատուրովը չի կարող պատիժ կրել: Եթե մինչև դեկտեմբերի 16-ն այս գործով դատավճիռ չլինի, համարեք, որ վաղեմության ժամկետը լրացած է: Մենք ենք առաջարկել՝ եթե ուզում եք դատեք, եկեք գործն առանձնացնենք, հրապարակային դարձնենք: Հրաժարվում են: Սկզբից շոու էր պետք, գլխավոր դատախազը գնացել էր Ազգային ժողով (ԱԺ), քննարկում էին Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, 11 անգամ Գրիգորի Խաչատուրովի անունն էր տալիս: Էդ ժամանակ ոչ մի գաղտնի բան չկար: Իշխանության պահանջով գործերը միացվեցին, որ գաղտնիության շղարշով ծածկեն ու գնան անեն այն անօրինականությունները, ինչ հիմա տեղի է ունենում: 2 դատական նիստ է մնացել, չեն հասցնելու վճիռ կայացնեն, դատեն»,- ասաց Խաչատուրովի պաշտպանը:

Հակոբ Ենոքյանն էլ հավելեց՝ այս առումով ամենացավալին այն է, որ այն մարմինները, անձինք, ովքեր ճնշումներ են գործադրում, չեն խնայում այն դատավորներին, ովքեր հանրության ընկալումներում օբյեկտիվության ու արդարության որոշակի հատկանիշներ ունեն:

«Ոչնչացնում են այն լույսը, շողը, որը կար մարդկանց մոտ, որ երբ իրենց գործը մակագրվում էր տվյալ դատավորներին, որոշակի հույս էր արթնանում, որ կարող է արդար դատական ակտ կայացվել: Ընդ որում, զարմանալի է, բայց այդ շողը ոչնչացվում է ստորադաս ատյանի միջոցով»,- ասաց Հակոբ Ենոքյանը:

Վերջինս պնդեց՝ վերադաս ատյանի որոշումներն անտեսվում են ստորադաս դատարանի կողմից: Ընդ որում, անտեսվում են ոչ թե սեփական կամքով, այլ որոշակի ազդեցությամբ պայմանավորված:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս