Մեր օրերի մոռացված հերոսները. հայր և որդի` Գևորգ և Աշոտ Սաղաթելյաններ

Գևորգ Աշոտի Սաղաթելյան, ծնվել է 2001թ. հոկտեմբերի 23-ին, ՌԴ Սարատով քաղաքում։ Երկու տարեկանից ապրել է Հայաստանում։ Հաճախել է Երևանի 166 հիմնական դպրոցը։

Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում։ Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ՝ արդեն ծառայության ժամանակ իմանալով քննության արդյունքների մասին։

Բանակ զորակոչվել է 2020 թվականի հուլիսի 17-ին։

Երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց չարաբաստիկ և դավադիր պատերազմը։ Գևորգը, Ջրականում թեժ մարտի մեջ լինելով, ծնողներից թաքցնում էր այդ հանգամանքը` ասելով.

«Ես նորակոչիկ եմ ինձ առաջնագիծ չեն տանում»։

Պատերազմի ընթացքում երկու օրով Գևորգենց հետ են տանում իրենց զորամաս, այդ ժամանակ է, որ նա իր հորը` Աշոտ Սաղաթելյանին տեղյակ է պահում, որ հոկտեմբերի 15-ին իրենց տանում են Ջրական։

Հայրը՝ Աշոտ Սաղաթելյանը, ով պատերազմի առաջին օրվանից պատրաստ էր մեկներ ռազմի դաշտ, ասում էր. «Պետք է գնալ և պատերազմել, հայրենիք ենք կորցնում, մենք չգնանք՝ ո՞վ պետք է գնա»։

Պարզապես Աշոտը որդու տեղը չգիտեր, ուզում էր որդու տեղը հստակ իմանար։ Երբ Գևորգն ասաց, որ նորից են տանում առաջնագիծ, մեկ վայրկյան անգամ չմտածեց, պատրաստվեց և գիշերը ճանապարհ ընկավ, որ առավոտյան հասնի Գևորգի հետ միասին գնան առաջնագիծ։

Գևորգը ծառայում էր Որոտանում (Կուբաթլու)։ Հայրը իր մոտ հասավ ժամանակին և որդու զորամասում կամավորագրվելուց հետո, բոլորի հետ միասին գնաց մարտի դաշտ։ Ամբողջ օրը հայրը և որդի միասին են եղել, զանգել են տուն և ասել, որ ամեն ինչ նորմալ է, իրենք միասին են, ամեն ինչ լավ է լինելու։

Արդեն երեկոյան զանգերին չեն պատասխանել։ Հայր և որդի միևնույն ժամանակ, միևնույն տեղում` Ջրականում, անմահացան, անօդաչու սարքի հարվածից։

Հետմահու հայր և որդի Սաղաթելյանները պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով։

Ռաֆայել Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։

Տեսանյութեր

Լրահոս